Աֆրիկյան երկրներն ընտրել են զարգացման «կանաչ» ուղին

Աֆրիկյան երկրներն ընտրել են զարգացման «կանաչ» ուղին

ԷկոԼուր

Փարիզում անցկացվող ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված երկրագնդի վրա գլոբալ տաքացման պայքարում Աֆրիկայի դերին: Աֆրիկյան երկրներն իրենց ներկայացրած ծրագրերում պատրաստակամություն են հայտնել գնալ զարգացման «կանաչ» ճանապարհով, կրճատել աղքատության  ծավալները և ապահովել տնտեսական աճ առանց վնասելու շրջակա միջավայրը: Այս որոշումը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, նշված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:

«Ես ողջունում եմ աֆրիկյան երկրների կողմից ներկայացված նախաձեռնությունը` հարմարվողականության և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման վերաբերյալ: Աֆրիկան շատ զգայուն է կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ: Նրա տնտեսության զգալի մասը, ներառյալ գյուղատնտեսությունը, կախված են կլիմայի նկատմամբ բավականին զգայուն բնական ռեսուրսներից: Սննդի և ջրի մատակարարման խափանումները լուրջ վտանգ են ստեղծում ոչ միայն տնտեսության, այլ նաև քաղաքական կայունության համար, հատկապես այն պետություններում, որոնք ապրում են քաղաքական ցնցումներ», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Բան Կի Մունն ընդգծել է, որ կայուն էներգետիկան մեծ տնտեսական հնարավորություններ է ստեղծում այս մայրցամաքի համար: Նա հիշեցրել է Հնդկաստանի վարչապետի առաջարկությունն արևային էներգիայի միջազգային դաշինք ստեղծելու վերաբերյալ և նշել, որ նման առաջարկներն արժանի են աջակցության և իրականացման Սև մայրցամաքում: 

«Արևային և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների գնի կտրուկ անկումը թույլ է տալիս շատ աֆրիկյան երկրներին արագ շարժվել զարգացման «կանաչ» ճանապարհով, որը կօգնի նրանց բավարարել էներգիայի աճող պահանջարկը», - ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:

Լուսանկարը` www.un.org կայքի:

15:14 Դեկտեմբեր 02, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news