Հայաստանը էկոկրթությամբ զբաղվող կադրերի պակաս ունի

Հայաստանը էկոկրթությամբ զբաղվող կադրերի պակաս ունի

ԷկոԼուր

Փարիզում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովում կարեւորվեց մարդկանց տեղեկացվածությունը կլիմայի փոփոխության խնդիրների եւ գործընթացների վերաբերյալ: Այդ պատճառով համաժողովում ընդունվեց հատուկ որոշում (Հոդված 6)՝ ուղղված կրթությանն ու հանրային իրազեկմանը:

Ս.թ. փետրվարի 4-ին «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը «ԷկոԼուր» մամուլի ակումբում կազմակերպեց «Բնապահպանական կրթության եւ հանրային իրազեկման հարցերը՝ Փարիզի համաձայնագրի ներքո. հայացք Հայաստանից» խորագրով կլոր-սեղան:

«Այդ որոշման կատարումից է կախված՝ ինչքանով ենք մենք պատասխանատու երկիր միջազգային կոնվենցիայի ներքո»,- իր խոսքում մասնավորապես ասաց Հայաստանում ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը:

«Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրելյանը նշեց, որ Հայաստանում ներկայումս ամենամեծ ռիսկը կադրերի պակասն է, և անհրաժեշտ է լուծել այդ խնդիրը:

Կրթության Ազգային Ինստիտուտի գլխավոր մասնագետ Անահիտ Գասպարյանը նշեց, որ այսօր դպրոցներում չկան կլիմայի փոփոխության խնդիրներին տեղյակ ուսուցիչներ,  ԲՈՒՀ-երում՝ համապատասխան մասնագետներ եւ որ  անհրաժեշտ է, որպեսզի մանկավարժներն անցնեն հստակ վերապատրաստումների շարք:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը հայտնեց. «Նախարարության տեղեկատվական բաժինը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ միասին 6 դպրոցներում անցկացրել է էկո-կրթական դասընթացներ: Ներառել ենք կլիմայի փոփոխության վերաբերյալ նախնական գիտելիքների տրամադրման բաղադրիչը և կարողացել ենք տրամադրել որոշակի գիտելիքներ կլիմայի փոփոխության և դրա հետևանքների վերաբերյալ: Այժմ էլ նախատեսվում է էկո-ծրագիր իրականացնել բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքներում», - հայտնեց Արմեն Վարդանյանը:

«Էյ Թի Փի» ԲՀ-ի փոխտնօրեն, Համայնքային ծառատունկ բաժնի ղեկավար Արթուր Հարությունյանը նշեց, որ հիմնադրամը, ներգրավելով համայնքներին ծառատունկի գործընթացին, նաև իրականացնում է կրթական գործառույթ: «Ունենք երկու բաժին անտառային տնկման, որտեղ և տնկումը, և խնամքը մենք ենք իրականացնում: Եվ ունենք համայնքային ծառատունկ: Դա իրականացնում է համայնքը, մենք ուղղակի նյութական մասն ենք ապահովում և համայնքին ներգրավում ենք այդ փոքր համայնքային ծառատունկի գործընթացին իր աշակերտներով, ներուժով, որն էլ իր հերթին կրթական մասն է կազմում»:

«Խազեր» Էկո-մշակութային ՀԿ-ի ղեկավար Ամալյա Համբարձումյանի կարծիքով արդյունք ունենալու համար հանրության շրջանում իրազեկումը պետք է անցկացվի պարբերաբար:

Կլոր սեղանը կազմակերպվել է «Բնապահպանական կրթության ցանցի կարողությունների հզորացում» նախաձեռնության շրջանակներում: Նախաձեռնությունը մաս է կազմում «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) միջոցով:



16:54 Փետրվար 08, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news