Այսօր նշեցին Օդերեւութաբանության համաշխարհային օրը

Այսօր նշեցին  Օդերեւութաբանության համաշխարհային օրը

ԷկոԼուր

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ում հանդիսավոր կերպով նշվեց Օդերեւութաբանության համաշխարհային օրը: ՀՀ օդերեւութաբաններին շնորհավորելու էին եկել ՀՀ նախարարությունունների, միջազգային կառույցների, հասարակայնության ներկայացուցիչներ: Ներկաներին ողջունեց եւ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2015թ-ի գործունեությունն  ամփոփող ելույթով հանդես եկավ ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Վարդանյան:

«Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը ինչպես եւ բոլոր տարիներին այս տարի Օթերեւութաբանության համաշխարհային օրվա՝ մարտի 23-ի համար ընտրել է «Ավելի շոգ, չորային, խոնավ, հայացք ապագային» կարգախոսը, որն առավելագույնս արդիական է կլիմայի, եղանակի առումով չափազանց բարդ այս ժամանակահատվածում…2011-2015 թթ. եղել են ամենատաք 5 տարիները, ինչը ռեկորդային է: Հայաստանում, 1929 թ. սկսած մինչև 2015 թ., ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 1.22 աստիճանով, ինչը 0.33 աստիճանով բարձր է գլոբալ միջին ջերմաստիճանից և նպաստում է կլիմայական ռիսկերի ավելացմանը»- իր խոսքում մասնավորապես նշեց Լեւոն Վարդանյանը եւ շնորհավորելով գործընկերներին տեղեկացրեց, որ  «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը ստացել է իր արժանի գնահատականը. Ճանաչվել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության 2015թ-ի  լավագույն ստորաբաժանում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը իր ելույթում գոհունակություն հայտնեց գյուղատնտեսության նախարարության հետ ակտիվ համագործակցության համար: «Մենք ամբողջ տարվա ընթացքում սերտորեն համագործակցում ենք, հատկապես այս օրերին՝ բնակլիմայական ծանր պայմաններում, մեր ազգաբնակչությունը, գյուղացիական տնտեսությունները ճշտգրիտ տեղեկատվության եւ ճշգրիտ խորհրդատվության կարիք ունեն: Ես պետք է նշեմ, որ ձեր մատուցած ծառայությունների որակնաստիճանաբար ավելի է բարելավվում, եւ հետեւաբար  պահանջարկն է մեծանում, եւ մեր ոլորտի մասնագետների համար, այլ առհասարակ մեր հասարակության համար»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշեց, որ  տպավորված է նրանով, որ ոլորտի մասնագետները ամենացածր աշխատավարձով կարողանում են շատ մեծ ծառայություն մատուցել: «Մեծ աշխատանք եք կատարում: Նույնիսկ ես կասեի, որ այն աշխատանքը, որը ծավալվում է, համահունչ չէ այն միջոցներին, որը դուք ունեցել եք»,- ասաց Արամ Հարությունյանը:

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը իր ելույթում նշեց, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարությանը ներկայացվող ազգային զեկույցներում մի ստվար բաժին պարունակում է տեղեկատվություն հիդրոմետի տվյալների, համակարգի, համակարգի կարիքների ու զարգացումների մասին: «Դա նաեւ ցույց է տալիս մեր ներուժը, որպես երկիր, եւ ցույց է տալիս նաեւ միջազգային համայնքին, թե ինչ է արվում երկրի ռեսուրսների հիման վրա, ինչ կարիքներ կան, որ կարող է միջազգային համայնքը օգնել՝ լավացնելու համակարգի հզորացման, նոր մոտեցումների, նոր սարքավորումներով հագեցնելու: Մեր հնարավորությունների սահմաններում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն այս տարի օգնել է Հիդրոմետ ծառայությանը սարքավորումների առումով, կաշխատենք նաեւ մեր  նոր ծրագրերում դա ներառել»:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Լեւոն  Շահվերդյանը շնորհավորելով օդերեւութաբաններին էներգետիկյաի նախարարության անունից, մասնավորապես ասաց. « Մենք, տարիներ շարունակ մեր ռեժիմները, արտադրության կոնֆիգուրացիան, կառուցվածքը պլանավորելիս, միշտ օգտվում ենք ձեր տված կանխատեսումներից: Տարեցտարի ձեր տված ինֆորմացիան ավելի հավաստի է, գրեթե 100 տոկոս ճիշտ է: Եւս մեկ անգամ շնորհավոր եւ ամենայն բարիք ձեզ»:

Ամփոփելով շնորհավորական ելույթները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանն ասաց. «Ամենամեծ ձեռքբերումը հանրության վստահությունն է ձեր մատուցած ծառայությունների նկատմամբ: Սրանք լոկ խոսքեր չեն: Այսօր մեր քաղաքացիների զգալի մասն իր առօրյան կազմակերպելիս հաշվի է առնում հիդրոմետ ծառայության եղանակային կանխատեսումները: Սա արդյունք է բոլորիդ նվիրական և քրտնաջան աշխտանքի, ճիշտ կառավարման, միջազգային համագործակցության բարելավման՝ ինչի շնորհիվ համակարգը տեխնիակպես զինվել է: Այսօր ծառայության խնդիրն է ոչ միայն եղանակային կանխատեսումներ տալը, այլև՝ եղանակային անբարենպաստ պայմանների դեմ պայքարի կազմակերպումը, ինչը կենսական նշանակություն ունի մեր գյուղատնտեսության համար»:

Օդերեւութաբանի տոնի կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանգրով Հիդրոմետ ծառայության աշխատակից Կարապետ Մուրադյանը պարգևատրվեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով: Պատվոգրեր շնորհվեցին Անդրանիկ Դավթյանին և Ամալյա Միսակյանին, շնորհակալագրեր ստացան Մարիետա Էջուրյանը, Սոնա Սարգսյանը և Աննա Ներսիսյանը: Լեւոն Վարդանյանի հրամանով ծառայության շնորհակալագրերով պարգեւատրվեցին աշխատակիցներ Արտաշես Նազարյանը, Աղունիկ Տոնոյանը, Նունե Բարոյանը, Անաիդա Պետրոսյանը, Թաթուլ Թերեզյանը, Անահիտ Ասատրյանը, Անահիտ Հարությունյանը, Արաքսյա Գասպարյանը, Արմինե Դանիելյանը, Գրետա Խաչատրյանը, Հասմիկ Փանյանը, Անուշ Գավաջյանը, Վալյա Կարապետյանը, Անահիտ Մեսրոպյանը, Արմինե Զարգարյանը: Աշխատանքային բարձր ցուցանիշների համար լավագույն ստորաբաժանումներ ճանաչվեցին եւ շնորհակալագրերով պարգեւատրվեցին Օդերեւութաբանության կենտրոնի Օդերեւութաբանության բաժինը, Հիդրոգիայի կենտրոնի Հիդրոլոգիական կանխատեսումների բաժնին, Գյումրիի օդերեւութաբանական կայանը, Հեռահաղորդակցության ծառայությունը:

Օդերեւութաբանության համաշխարհային օրը նշվում է սկսած 1950 թ-ի մարտի 23-ից, երբ հիմնադրվեց Համաշխարհային օդերեւութաբանության կազմակերոպությունը: ՀՀ կառավարության 2004թ-ի հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշմամբ մարտի 23-ը դարձավ Հայաստանի օդերեւութաբանի մասնագիտական օրը:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

17:51 Մարտ 23, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news