Մեկ տարում Հայաստանում գյուղատնտեսական հողերի հաշվին 1460 հեկտարով ավելացել են ընդերքօգտագործման հողերը

Մեկ տարում Հայաստանում գյուղատնտեսական հողերի հաշվին 1460 հեկտարով ավելացել են ընդերքօգտագործման հողերը

ԷկոԼուր

2002-2014 թթ. մոտ 800 միլիոն մարդու համար սնունդը չի բավարարել. ութ մարդուց մեկը սոված է մնացել: Այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը մայիսի 29-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«ՄԱԿ-ը հայտարարել է հունիսի 17-ը անապատացման դեմ պայքարի միջազգային օր: Այս տարվա կարգախոսն է՝ «Անվճար սնունդ չի լինում: Ներդրում արեք հողի առողջության մեջ»: Այսինքն, մենք հողից ոչ միայն պետք է օգտվենք, այլ նաև հողին օգնենք, հողը վերականգնենք: Պարենային անվտանգության հարցում հողերը առաջնային դեր ունեն և հողերի պահպանությունը առաջնային է», - ասաց Աշոտ Վարդևանյանը:

Նա նշեց, որ մայիսի 27-ին  կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվեց կառավարության նոր որոշումը՝ Հայաստանում անապատացման դեմ պայքարի ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը, որը համապատասախանում է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարության հարցերին:

Անդրադառնալով դրական և բացասական միտումներին՝ Աշոտ Վարդևանյանը նշեց.

«Դրականը` բնության հատուկ պահպանվող տարածքները ընդլայնվել են 102.4 հազար հեկտարով, բազմամյա տնկարքները 7 տարվա ընթացքում  ավելացել են մոտ 4500 հեկտարով: Բացասականը` խոտհարքները պակասել են 5.8 հազար հեկտարով, վարելահողերը՝ 4.6 հազար հեկտարով, արոտները՝ 64.1 հազար հեկտարով: Ամենավտանգավորն ու ցավալին այն է, որ արդյունաբերության, ընդերքօգտագործման հողերն են ընդլայնվում՝ 2013-2014 թթ. 1460 հեկտարով, և հիմնականում այս թիվը կապված է գյուղատնտեսական հողերի հետ: Դա շատ վատ միտում է...Պոչամբարները կազմում են 1500 հեկտար, դա բավականին մեծ թիվ է...Բաց եղանակով հանքավայրերի, պոչամբարների 1 հեկտարը աղտոտում է մոտ 10 հեկտար շրջակա տարածք: Մենք չպետք է միաժամանակ այսքան շատ հանք շահագործենք: Նոր հանք բացելիս` մենք պետք է վերականգնենք մեր կողմից նախկինում վնասված համապատասխան տարածքը, հետո նոր անցնենք նոր տարածքի: Ուրիշ նպատակներով կարելի է օգտագործել, ինչ-որ մի քանի տարի շահույթ ստանալ, բայց մի քանի տասնյակ տարի հետո այդ հողը կդառնա անապատ և ոչ պիտանի տնտեսության մեջ օգտագործելու համար: Եվ ինչքան ներդրում պետք է անեն, որ այդ հողը կարողանան վերականգնել: Ի տարբերություն մյուս բնական ռեսուրսների, հողը չվերականգնվող ռեսուրս է»:

Ա. Վարդևանյանը ասաց, որ  ներկայումս համաշխարհային մաշտաբով նոր միտում է  սկսվել՝ հողերի չեզոք դեգրադացիա, ինչը նշանակում է, որ բերրի, առողջ հողերի քանակը ժամանակի ընթացքում չի նվազում, այլ նույնիսկ ավելանում է:

«Մենք մեր բարիք ստեղծող հողերին առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք: Մեր գյուղատնտեսական մշակովի հողերի 80 տոկոսը ոռոգման կարիք ունեն, սակայն ոռոգվում են ընդամենը 50 տոկոսը, իսկ մնացած 30 տոկոսը Աստծո հույսին է. կամ լավ բերք կստանանք, կամ լավ բերք չենք ստանա», - ասաց ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ազգային համակարգողը:

«Երբ մենք նայում ենք` երկրի բյուջե որքան գումար է մտնում հանքարդյունաբերությունից և գյուղատնտեսությունից, տեսնում ենք, որ  գյուղատնտեսությունից մի քանի, եթե ոչ 10 անգամ ավելի շատ, քան հանքարդյունաբերությունից: Նույնը աշխատատեղերի վերաբերյալ: Դա անհամեմատ է...ուղղակի առանձին խմբերի գերհարստացում է, ուրիշ ոչինչ», - ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը:

Նա նշեց, որ մեր երկիրը լուրջ խնդիր ունի թափոնների հետ` ինչպես կոմունալ, այդպես էլ արդյունաբերական: Կարինե Դանիելյանը դրական գնահատեց կառավարության որոշումը՝ կապված պոչամբարների վերամշակման հետ:

«Ասեմ, որ թափոնների վերաբերյալ քննարկումներին վեճեր են ընթացել նախարարությունների միջև, որովհետև ամեն նախարարություն ինչ-որ փոքր ֆունկցիա ունի: Չկա որևէ օղակ, որը այդ բոլորը համակարգում է, և պատասխանատվությունները գցում են իրար վրա: Արդյունքում ունենք այս վիճակը մեր երկրում», - ասաց Կարինե Դանիելյանը՝ նշելով, որ այստեղ առկա է լուրջ ինստիտուցիոնալ խնդիր:

Բանախոսը նշեց, որ եթե նախկինում հազարամյակի 8 նպատակից 1-ն էր էկոլոգիական, ապա Կայուն զարգացման 17 նպատակից 9-ը էկոլոգիական է, իսկ մնացածը այս կամ այլ կերպ կապված են էկոլոգիայի հետ: «Սա ցույց է տալիս՝ ինչ վիճակում է մեր մոլորակը և ինչքան անհանգստացած է միջազգային փորձագիտական հանրությունը», - եզրափակեց Կարինե Դանիելյանը:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



18:39 Մայիս 29, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news