Հովիկ Սայադյան. Հայաստանի համար օպտիմալ անտառածածկը 20.1 տոկոսն է կլիմայի փոփոխության տեսանկյունից

Հովիկ Սայադյան. Հայաստանի համար օպտիմալ անտառածածկը 20.1 տոկոսն է  կլիմայի փոփոխության տեսանկյունից

ԷկոԼուր

Հայաստանի համար օպտիմալ անտառածածկը 20.1 տոկոսն է  կլիմայի փոփոխության տեսանկյունից: Այս մասին ասաց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Սայադյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում  տեղի ունեցած «Ինչ ենք կորցնում և ինչ ձեռք կբերենք անտառային սեկտորում կլիմայի փոփոխության տեսանկյունից» թեմայով կլոր սեղանի ընթացքում:

«Որպեսզի ապահովվի այդ 20.1 տոկոսը, լրացուցիչ պետք է տնկվի շուրջ 270 հազար հեկտար անտառ, օպտիմալը կլինի մոտ 600 հազար հեկտար: Իսկ որտե՞ղ է այդ անտառածածկը ստեղծվելու: Դա առաջին հերթին գետերի ջրհավաք ավազաներն են, որտեղ պետք է անտառապատվածությունը հասցվի 25 տոկոսի, բնակավայրերի կանաչապատ տարածքները (խոսքը վերաբերում է բնակավայրերի բոլոր կատեգորիաների կանաչ տարածքներին), որտեղ նորման պետք է հասցվի 50 քառակուսի մետր մեկ շնչին, քաղաքամերձ տարածքները, որտեղ քաղաքի բնակչության 10 տոկոսի մշտական հաճախության դեպքում մեկ շնչին անհրաժեշտ կլինի շուրջ 300 քառակուսի մետր կանաչ տարածք, դաշտապաշտպան և հողապաշտպան անտառաշերտերը:  Վերջին դեպքում մենք պետք է ելնենք այն հաշվարկից, որ 1 հեկտար անտառտնկարկը բարելավում է 10-15 հեկտար գյուղատնտեսական հողահանդակ»,- իր խոսքում մասնավորապես ասաց Հովիկ Սայադյանը` համեմատության համար ներակայացնելով մի քանի երկրների օպտիմալ անտառածածկի մակերեսը:

«Բելառուսի համար օպտիմալ անտառածածկի մակերեսը հաշվարկվել է 35 տոկոս, որը այդ գոտու համար նորմալ է: Վրաստանում նույնպես 35 տոկոս է, Ղազախստանը 2.7 միլիոն կմ քառակուսի մակերես ունի, անտառապատ է 4 տոկոսը: Ելնելով, որ Ղազախստանը ունի մեծ չափեր և ընդարձակ տարածքներ ընդգրկված են անապատացման պրոցեսում, որպես օպտիմալ անտառածածկ նրա համար համարվում է 8 տոկոսը: Մեր հարևան Ադրբեջանում անտառածածկը 12 տոկոս է, որը, իհարկե, հեռու է օպտիմալ լինելուց»,- ասաց Հովիկ Սայադյանը:

Ներկայացնելով Հայաստանի անտառների վիճակը` Հովիկ Սայադյանը նշեց, որ  Հայաստանի անտառային տարածքներն ունեն ֆրագեմենտացիայի բարձր աստիճան: Վերջին երկու տասնամյակների ընթացքում անտառածածկի ներքին կղզյակների և դեպի անտառահատվածի խորքը գնացող միջանցքների և բացատների քանակը աճել է, ինչպես նաեւ մեծացել է  անտառածածկի եզրերի պատառոտվածությունը:

Խոսելով անտառի տնտեսական արժեքի մասին` բանախոսնն ասաց. «Հայաստանի անտառներն ուղղակի անտառօգտագործման շնորհիվ տալիս են անտառի ընդհանուր տնտեսական արժեքի 20-40 տոկոսը: Ոչ բնափայտայինից, օրինակ, 1985-1989 թթ. տվյալներով «Հայանտառ»-ն ապահովում էր իր եկամուտի 20 տոկոսը և մշտական աշխատակազմի 26 տոկոսի աշխատանքը: Լանդշաֆտը և տուրիզմը նույնպես մտնում է ոչ բնափայտային անտառային ապրանքների մեջ: … 1 հեկտար անտառը ընդհանուր առմամբ տալիս է 969 դոլլարի տնտեսական արժեք, որի մեջ կա նաև կլիմայի կարգավորիչ դերը: 1 տոննա ածխածնի կլանման դեպքում 20 եվրո է տնտեսական արժեքը»:

Կլոր սեղանին մասնակցում էին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արմեն Ղուրշուդյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, «Զիկատար» պետական արգելավայրի պետ, ՄԱԶԾ-ի «Հողերի և անտառների կայուն կառավարում Հայաստանի հյուսիս-արեւելյան լեռնային անտառներում» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, Հարավային Կովկասի Անդրսահմանային համատեղ քարտուղարության հայաստանյան մասնաճյուղի ազգային համակարգող Արմեն Գեւորգյանը, WWF-Հայաստանի Անտառային ծրագրերի համակարգող Արթուր Ալավերդյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի  Վարդանյանը, աշխարհագրական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Հովիկ Սայադյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

 Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

11:47 Հուլիս 30, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news