Մինչև 2018 թվականը կավարտվեն Հայաստանի տնտեսության «կանաչացմանն» ուղղված օրենսդրական բարեփոխումները

Մինչև 2018 թվականը կավարտվեն Հայաստանի տնտեսության «կանաչացմանն» ուղղված օրենսդրական բարեփոխումները

ԷկոԼուր

2015թ-ի վերջին Փարիզում կայացած Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմերի 21–րդ նստաշրջանում ընդունվեց նոր համաձայնագիր, որով որոշվեց զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճան Ցելսիուսի սահմաններում: Փարիզում Կլիմայի փոփոխության մեղմանն ոււ ադապտացմանն ուղղված ազգային ծրագրեր (INDC) ներկայացրեց աշխարհի 189 պետություն, այդ թվում և Հայաստանը, որոնք պետք է իրականացվեն սկսած 2020թ-ից: ԷկոԼուրը ՄԱԶԾ ԳԷՀ-ի աջակցությամբ իրականացնում է կլոր սեղանների շարք՝ պարզելու, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ իրականացնել Հայաստանի INDC-ի իրականացման համար, ինչի կարիք ունի մեր հասարակությունը՝ դիմակայելու կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին: Սույն թվականի մարտի 24-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխություն` քաղաքացիական հասարակությունը որպես գլխավոր գործընկեր և շահառու» թեմայով կլոր սեղանը, որին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ  Արմեն Վարդանյանը, Հայկական կարմիր խաչի ընկերության «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի ազգային համակարգող Սուրեն Մովսիսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան բնապահպանական կենտրոն»-ի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, ՄԱԶԾ-ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագրի համակարգող Հովհաննես Ղազարյանը, ԵՄ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի «Սոցիալական քաղաքա­կա­նու­թյուն և սոցիալական երկխոսություն» 5-րդ աշխատան­քային խմբի համակարգող, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը, «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը:

Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի ելույթը կլոր սեղանի ժամանակ:

«Կանաչ տնտեսության քաղաքականության առումով կառավարությունը հաստատել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակված մի շարք  փաստաթղթեր, և մենք այստեղ գործընթացային փուլում ենք, որովհետև, համաձայն կառավարության կողմից հաստատված 2013 թ-ի նոյեմբերի 14-ի արձանագրային որոշման, կա նորարար  ֆինանսական մեխանիզմների և իրավական ակտերի մշակման միջոցառումների ծրագիր, և  այս շրջանակներում իրականացվում են բազմաոլորտ օրենսդրական նորարարություններ, օրենսդրական նոր լուծումներ և մշակումներ: Այս պահի դրությամբ մինչև 2018 թվականը  իրավական ողջ դաշտն այս առումով լուծումներ կստանա: 2 մասով մենք  արդեն կառավարություն ենք ներկայացրել օրենսդրական նախագծեր՝ Ջրային օրենսգրքում և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ ենք ներկայացրել, որոնք համապատասխան ոլորտում կտանեն «կանաչացման» գործընթացների»,- իր ելույթում մասնավորապես նշեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը։ Նա ընդգծեց, որ Հայաստանի տնտեսության «կանաչացմանն» ուղղված գործընթացներում իր կատարած ծրագրերով և աշխատանքներով, ինչպես նաև երկրի կողմից համապատասխան օրենսդրության մշակման և փոփոխման մասով Հայաստանը Արևելյան գործընկերության 6 երկրների շարքում  առաջատար դիրք է զբաղեցնում: Խաչիկ Հակոբյանը նշեց, որ այս կապապցությամբ Հայաստանը եռափուլ գործընթացներ է իրականացնում:

«Առաջին փուլով  իրականացվում են ֆինանսական մեխանիզմներ, խրախուսումներ՝ առհասարակ տնտեսությանն ուղղորդելու, ավելի մոտիվացնելու  «կանաչ» գործունեությունը:  Երկրորդ փուլով մենք շրջակա միջավայրի վրա ազդեցության ոլորտում համապատասխան իրավական կարգավորումներ ենք մտցնում և մինչև տարեվերջ փաթեթներ կունենանք, որոնք կներկայացնենք Աժ՝ հաստատման: Ինչպես նաև տվյալ փաթեթում ամրագրված ռազմավարական, էկոլոգիական գնահատման մասով պիլոտային ծրագիր ենք իրականացնում, որով կոնկրետ օրինակի վրա ընտրված է կոշտ կենցաղային թափոնների ռազմավարությունը՝ Ասիական զարգացան բանկի ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ մշակված, իրականացվելու է դրա ռազմավարական գնահատումը: Ինչու եմ նշում այս պիլոտային ծրագրերը, քանի որ բացի տեսական և իրավական կարգավորումներից մենք նաև հստակ քայլեր ենք անում, որպեսզի գործնական դաշտում տեսնենք ազդեցությունը բիզնեսի վրա։ Այստեղ շատ լուրջ կարծրատիպային խնդիրներ կան, որ «կանաչացման» մասին ցանկացած խոսքի ժամանակ բիզնեսը մտավախություն ունի, որ այն պահանջում է լրացուցիչ ներդրումներ, շատ ծախսատար է և իրենց համար մատչելի չէ։

Ամենակարևորը հաջորդ փուլն է, որ այդ կարճատև ներդրումները բերելու են երկարաժամկետ խնայողությունների և երկարաժամկետ ֆինանասական արդյունավետ կառավարման: «Կանաչ» տնտեսության երրորդ կոմպոնենտով մենք իրականցնում ենք «Ռեսուրսների մաքուր արտադրության ծրագիրը», որով աշխատանք է տարվում բիզնեսի հետ և աշխատանք է տարվում հանրայնացման,  որպեսզի բիզնեսն իր վրա զգա, թե ինչ գործողությունների արդյունքում ինչ ներդրումների մասով ինչ լուծումներ կունենա: Այս պահին մենք ունենք 11  մասնավոր ընկերություններ՝ փոքր և միջին ձեռնարկություններ, որոնցում արդեն իսկ իրականացված են էկոլոգիական աուդիտներ, էկոլոգիական գնահատումներ, տրված է համապատասխան «առողջացման», «կանաչացման»  խորհրդատվություն և ունենք արդեն  մոտ 25-30 տոկոսի մասով ընդունված առաջարկներ, որոնք բիզնեսը ներդրել է, այդ տվյալնեը չափելի են։ Այս պահին ընտրվում են ևս 11 ընկերություններ, և մինչև տարեվերջ մենք կունենանք 22 ընկերությունների ամփոփ պատկեր:

…ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո իրականացվող ծրագրերից կուզեմ ներկայացնել «կանաչ» տնտեսության շրջանակներում UNIDO-ի  հետ իրականացվող «Cleantech» ծրագիրը, որը մաքուր արտադրության նոր տեխնոլոգիաների խրախուսմանն է նպատակաուղղված, տարբեր մեկնարակային ծրագրեր են մշակվում, որի միջոցով հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաների կիրառմամբ  շրջակա միջավայրի վրա տարբեր ոլորտների ազդեցությունը նվազեցնել։   «Ռեսուրսների արդյունավետության ծրագրով»  Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի և UNIDO-ի հետ համատեղ մենք նախատեսում ենք  մաքուր արտադրության կենտրոնի ստեղծում, որը կկարողանա մշտապես տրամադրել խորհրդատվություն, որը կկարողանա անել համապատասխան գնահատումներ և կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն բիզնես սեկտորին նոր տեխնոլոգիաների հայթհայթման վերաբերյալ։ Այն բոլոր փորձագետները, որ համապատասխան փորձ են ձեռք բերում, դրանք շտեմարանում կզետեղվեն և անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի այդ կենտրոնի միջոցով օգտվել բոլոր այդ նորարարություններից, փորձագետների հնարավորություններից, աջակցություններից և խորհրդատվությունից: Արդեն աշխատանքներ են տարվում համայնքային ակումբների ստեղծման մասով, բայց մեկ  ընդհանուր ղեկավարող մարմնի գաղափարով, որը պետք է լինի հանրային կառավարման ղեկավարմամբ, այսինքն, կենտրոնը պետք է ղեկավարվի  պետական համապատասխան լիազոր մարմինների ներկայացուցւչների,  քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ համատեղ»,- հայտնեց փոխնախարարը:

Խաչիկ Հակոբյանը տնտեսության «կանաչացման» գործընթացում կարևորեց քաղաքացիական հասարակության դերը և կատարած աշխատանքը. «Այստեղ կարևոր է նաև քաղաքացիական հասարակության դերը, որը նույնպես պիտի իր գործունեության ժամանակ կարողանա հանրությանն  ուղղել դեպի «կանաչ» գործունեություն։  ...Այս պահին մենք պետք է տեսնենք, որ  անհրաժեշտություն կա «կանաչացման» անցման խրախուսման մեխանիզմներ բացահայտելու, ինչ է ուզում տնտեսությունը, ինչ գործիքներ է ուզում բացի երկարաժամկետ ակնկալիքները, որ այսօր կարողանա համարձակ անցում կատարել «կանաչ» տեխնոլոգիաների կիրառմանը: Այս առումով լավ կլինի, որ հասարակական կազմակերպություններով իրականացվող ծրագրերը հաշվեգրվեն, պարզ դառնա, թե ինչ խրախուսման մեխանիզմներ արդեն իսկ գործում են Հայաստանում»:

Խաչիկ Հակոբյանը կլոր սեղանի մասնակիցներին առաջարկեց ստեղծել հարթակ, որի միջոցով տեղեկատվության փոխանակում կկատարվի բոլոր շահագրգիռ կողմերի միջև:   «ՀՀ բանապահպանության նախարարությունն՝ ինքն էլ կարող է հանդես գալ նախաձեռնությամբ, որ ստեղծվի հարթակը՝ «կանաչ» տնտեսության խորհուրդը, որովհետև այստեղ ոչ միայն հասարակական կազմակերպությունները, այլև միջազգային գործընկերները կարող են ներգրավված լինել: Բավարար աշխատանք տարվում է ոչ միայն ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, այլև ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և ՀՀ էկոնոմիկաի նախարարությունների կողմից, և այստեղ տեղեկատվության տրամադրումը բոլոր կողմերին, տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև ընդհանուր ռազմավարության, աշխատանքային պլանների գործողությունների համադրումը, կարծում եմ, միմիայն ընդհանուր գործի շահերից կբխի»,- ասաց Խաչիկ Հակոբյանը:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



Ապրիլ 06, 2016 at 15:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր