Հայաստանը մինչեւ 2050 թվականը չի գերազանցի մեկ անձի համար սահմանված 2,5տ ջերմոցային գազերի արտանետումների սահմանը

Հայաստանը մինչեւ 2050 թվականը չի գերազանցի մեկ անձի համար սահմանված 2,5տ ջերմոցային գազերի արտանետումների սահմանը

ԷկոԼուր

Մինչև 2050 թ-ը Հայաստանը պլանավորել է պահպանել ջերմոցային գազերի արտանետումները մինչեւ 630 միլիոն տոննայի սահմաններում: Հայաստանը պարտավորվում է չգերազանցել մեկ անձի համար սահմանված 2,5տ ջերմոցային գազերի արտանետումների թույլատրելի սահմանը մինչև 2050 թվականը, իսկ այնուհետև նաև կաշխատի նվազեցման ուղղությամբ մինչև 2տ: Այս մասին նոյեմբերի 26-ին կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Ասուլիսը Գերմանիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը (WWF- Հայաստան) նոյեմբերի 30-ին Փարիզում մեկնարկելիք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովին /ՄԱԿ-ի COP21/ ընդառաջ: Ասուլիսին բացի ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից մասնակցում էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Կլեր Մեդինան և WWF- Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

ՀՀ բնապահպանության նախարարը նշեց, որ Հայաստանի ներկայացրած ծրագիրը ստացել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության հավանությունը, սակայն կան մտահոգություններ` այս հարցում այլ երկրների կողմից տարվող քաղաքականության վերաբերյալ: «Ոչ բոլոր երկրներն են համաձայն այն առաջարկության հետ, որը եղել է քարտուղարության կողմից: Կան երկրներ, որոնք այս ծրագրից շեղվում են և ցանկություն չունեն ընդունելու այն առաջարկությունը, որը ներկայացնում է քարտուղարությունը, ըստ որի, ջերմաստիճանը պետք է բարձրանա մինչև 2 աստիճան: Շեղվելու դեպքում տեղի կունենա  ոչ թե 2 աստիճան ջերմաստիճանի բարձրացում, այլ 3 կամ ավելի», - ասաց Արամայիս Գրիգորյանը և ընդգծեց, որ ամեն դեպքում Հայաստանն իր ներկայացրած ծրագրից չի շեղվելու: 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայտնեց, որ չնայած նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած սարսափելի դեպքերի, այդուհանդերձ որոշվել է անցկացնել Փարիզում նախատեսվող համաժողովը:

«Համաժողովը պետք է կայանա, քանի որ շատ մեծ նշանակություն ունի երկրագնդի և մարդկության զարգացման համար՝ հաշվի առնելով հանրության վրա կախված կլիմայի փոփոխության սպառնալիքները: Մենք դժվարությունների առջև ենք կանգնում անվտանգության տեսանկյունից, այդուհանդերձ 195 երկիր ներկայացված է լինելու կոնֆերանսին 10-օրյա ժամկետով», - ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Խոսելով փարիզյան կոնֆերանսի սպասելիքներից՝ դեսպանը նշեց. «Ակնկալում ենք, որ բոլոր պետությունները կստորագրեն իրավական ուժ ունեցող փաստաթուղթ՝ գլոբալ և հավակնոտ, ըստ որի գլոբալ տաքացումը պետք է նվազեցնել մինչև 2 աստիճան»:

«Փարիզյան համաժողովը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ ինչպես Բան Կի Մունն է ասել՝ գոյություն չունի երկրորդ երկրագունդ, որտեղ կկարողանանք տեղափոխվել: Մենք ունենք մեկ երկրագունդ, - շեշտեց  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Կլեր Մեդինան և հավելեց, - Հայաստանի համար, որպես ծովի ելք չունեցող և համախառն ներքին արդյունքի մեծ մասը գյուղատնտեսությունից ստացող երկիր, կլիմայի փոփոխությունը մեծ նշանակություն ունի: Այստեղ 1930-ական թվականներից ի վեր ընդհանուր առմամբ 1 աստիճանով բարձրացել է ջերմաստիճանը, իսկ տեղումները նվազել են 10 տոկոսով»: Նա նշեց, որ ՄԱԿ-ը Հայաստանի կառավարության հետ համատեղ տարբեր ծրագրերի միջոցով, մասնավորապես կապված  էներգախնայողության հետ, փորձել է աջակցություն ցուցաբերել կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ:

Փարիզյան համաժողովի վերաբերյալ Կարեն Մանվելյան ներկայացրեց WWF-Հայաստանի դիրքորոշումը: «Հիմնական նպատակն է անտառները նույնպես ներառել այդ համաժողովի աշխատանքների փաստաթղթերում, քանի որ այն հանդիսանում է ածխածնային ցիկլի կարևոր բաղկացուցիչ մաս», - նշեց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Մամուլի ասուլիսին հաջորդեց «Կլիմայի փոփոխությունն ու դրա առաջացրած վտանգները կենսաբազմազանության համար» խորագրով ցուցահանդես-աճուրդ, որը կազմակերպել էր WWF- Հայաստանը:



16:52 Նոյեմբեր 27, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news