Երեւանի 28 փողոցներում կտեղադրվեն էներգախնայող լամպեր

Երեւանի 28 փողոցներում կտեղադրվեն էներգախնայող լամպեր

ԷկոԼուր

Երեւանի 28 փողոցներում կտեղադրվեն էներգախնայող լամպեր, կներդրվի կառավարման ավտոմատացված համակարգ: Բարեփոխումները կիրականացվեն «Երևանի քաղաքային լուսավորության ծրագրի» շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն է Երևան քաղաքում ունենալ Էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Ծրագրի իրականացման համար Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կտրամադրի 4 միլիոն դոլլարի վարկ: Բանկը նաեւ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը կհատկացնի 1.900.000 եվրո գումարի չափով դրամաշնորհ: Ծրագրի կապիտալ ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 6 մլն ԱՄՆ դոլար: 

«Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը, որը սույն թվականի հոկտեմբերի 15-ին  արժանացավ կառավարության հավանությանը, կկնքվի   Հայաստանի Հանրապետությունը  ներկայացնող Ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ի, Երևան քաղաքի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի  միջև:

Լուսավորությունը (ջեռուցումից հետո) Հայաստանի քաղաքներում ջերմոցային գազերի արտանետումների երկրորդ խոշորագույն աղբյուրն է և կազմում է քաղաքների ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների մոտ մեկ երրորդը և քաղաքների էլեկտրաէներգիայի ծախսերի մինչև 50 տոկոսը: Քաղաքային լուսավորության առումով Երևանն ամենախոշոր սպառողն է. ծախսում է երկրում քաղաքային լուսավորության համար սպառվող ամբողջ էներգիայի մոտ 90 տոկոսը:

14:13 Հոկտեմբեր 20, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news