ՀՀ գյուղտնտեսության նախարարությունը Արարատյան դաշտի 4 համայնքում կիրականացնի կաթիլային ոռոգման փորձնական ծրագիր

ՀՀ գյուղտնտեսության նախարարությունը Արարատյան դաշտի 4 համայնքում կիրականացնի կաթիլային ոռոգման փորձնական ծրագիր

ԷկոԼուր

ՀՀ գյուղտնտեսության նախարարությունը պետական բյուջեի միջոցներով Արմավիրի մարզի Ակնալիճ, Շենիկ և Արարատի մարզի Ջրաշեն, Արմաշ համայքներում` 1-ական հեկտար հողատարածքներում, կիրականացնի կաթիլային ոռոգման համակարգի ներդրման փորձնական ծրագիր: Այս մասին ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Հողային ռեսուրսների և պարենի անվտանգությունը կլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի արտանետումների լույսի ներքո» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

«Մենք ունենք առանձին հողատարածքներ, որոնք համարվում են գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող տարածքներ, որտեղ սովորական  ոռոգման նորմաներով նախատեսված չափաքանակները բացարձակապես չեն բավարարում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման համար: Կարծում եմ` այս ծրագիրը կդառնա օրինակ` այն ընդարձակելու համար: Չնայած, մենք մի շարք տարածքներում այսօր արդեն ունենք կաթիլային ոռոգման օրինակը»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը:

Նա կարևորեց Հայաստանում ջրամբարների կառուցումը: Օրինակ բերելով 2014թ-ին դիտված սակավաջրությունը` Գառնիկ Պետրոսյանն ասաց. «Լրջագույն խնդիր է ջրային ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործումը: Մենք ընդամենը մեկ երրորդն ենք հազիվ օգտագործում մեր հնարավորությունների: Ամբողջ աշխարհն այսօր կանգնած է լրջագույն խնդրի առաջ: Դուշանբեում ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Ջուրը կյանքի համար» մեծ կոնֆերանս էր, որին ես նույնպես առիթ ունեցա մասնակցելու: Աննկարագրելի վիճակ էր, լսում ես տարբեր երկրների՝ ասիական, մերձավոր արևելյան, աֆրիկյան և այլ երկրների մասնագետների, գիտնականների կարծիքները, որոնք ուղղակի ահազանգ են հնչեցնում, որ ժամանակն է, որպեսզի շատ լրջորեն, շատ խելացի և նպատակային օգտագործվեն այդ ռեսուրսները: Դա մեզ համար նույնպես ակնհայտ է, չնայած մենք մի կողմից մտածում ենք, որ մեր ռեսուրսները այնքան անսպառ են, այնքան հարուստ են, բայց մյուս կողմից էլ մենք ունենք 2014 թվականի ծանր օրինակը: Կառավարությունը ստիպված եղավ հռչակել տարին սակավաջուր: Արարատյան դաշտում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք ջրամատակարարման ուղղությամբ, ստիպված էինք նույնիսկ նախկինում չօգտագործվող, չգործող 109 խորքային հորերը վերագործարկել, որոշակի լրացուցիչ ջրամատակարարում ապահովել, որպեսզի հնարավոր լինի մեղմել վիճակը: Ընթացիկ տարին բարենպաստ է, և բոլոր ջրամբարներում կան անհրաժեշտ պաշարներ: Կարծես թե առանձնապես լուրջ խնդիրներ չպետք է առաջանան, բայց արդեն կա օրինակը, որ մենք նույնպես բախվում ենք այս լրջագույն խնդրին: Հետևաբար, արդեն օրվա հրամայական է դարձել ջրամբարաշինության խնդիրը: Ամբողջ մեր ջրային ռեսուրսների 70 տոկոսը բարձր լեռնային հատվածներից հոսում է դեպի հարթավայրային հատված, մենք բոլոր հնարավորություններն ունենք ջրամբարների միջոցով կուտակել այդ ռեսուրսը: Խնդիր է դրվում կառուցել Կապսի, Եղվարդի, Վեդու, Մաստարայի ջրամբարները: Այս ուղղությամբ բավականաչափ մեծ ծավալի և լուրջ աշխատանքներ են տարվում»:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

12:21 Հուլիս 20, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news