Մեղրիի զարգացումը. 5-ամյա ծրագիր և իրականություն

Մեղրիի զարգացումը. 5-ամյա ծրագիր և իրականություն

ԷկոԼուր

Որո՞նք են Մեղրի խոշորացված համայնքի զարգացման մարտահրավերները: Ինչպե՞ս են տեսնում Մեղրիի զարգացումը բնակիչները և որքանո՞վ է դա համապատասխանում համայնքի 5-ամյա զարգացման ծրագրի հետ: Ինչպե՞ս են ապրում սահմանամերձ համայնքի բնակիչները, արդյո՞ք լավացել է նրանց կյանքի որակը բուռն զարգացող հանքարդյունաբերությունից և հիդրոէներգետիկայից:

ԷկոԼուրի թիմն այցելեց Մեղրի խոշորացված համայնք` խնդիրներն ու առաջարկությունները պարզելու համար:

Համայնքների խոշորացումից հետո Մեղրի համայնքի մեջ կազմավորվեց 15 բնակավայր` ընդհանուր 11724 բնակչությամբ: Աշխատող խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Կոմբինատը մտնում է ռուսական «Գեո ՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի մեջ, որին պատկանում է նաև Սոտքի ոսկու հանքը և Արարատի ոսկու կորզման գործարանը: Ագարակի կոմբինատում աշխատում է մոտ 1000 աշխատակից: Նաև շահագործվում է Լիճքվազ Թեյի ոսկու հանքը ռուսական «Պոլիմետալ» ընկերության կողմից: Լիճքի պղնձի հանքի շահագործումը «Թաթսթոուն» ՍՊԸ-ն ժամանակավոր կասեցրել է: «Ատ Մետալս» ընկերության Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործումը ևս կանգնեցված է: Մի քանի մետաղական հանքավայրեր էլ գտնվում են ուսումնասիրության փուլում:

Լիճքի հանք

Լիճքվազ Թեյի հանք

Մեղրի համայնքի զարգացման 5-ամյա ծրագրով ակնկալվում է ունենալ տնտեսական բարեկեցություն բերող, բնապահպանական նվազ ազդեցությամբ և արդյունավետ կառավարվող հանքարդյունաբերություն: Միաժամանակ համայնքը հավակնում է մրցունակ գյուղատնտեսական արտադրանք ունենալ և զարգացնել զբոսաշրջությունը:

Համայնքի զարգացման ծրագրում նշված է. «Չնայած տնտեսական շահութաբերությանը` հանքարդյունաբերության զարգացումը կարող է հանգեցնել էկոլոգիական լուրջ խնդիրների` հողային ծածկույթի խախտման, պոչամբարների ընդլայնման, թափոնների կուտակումների և ջրային ռեսուրսների աղտոտման…

Տնտեսության 80 %- ը պատկանում է հանքարդյունաբերությանը, և համայնքի սոցիալ- տնտեսական վիճակը, բնակչության կենսագործունեությունը մեծապես կախված են համաշխարհային շուկայում պղնձի, մոլիբդենի և ոսկու գներից, ինչը վտանգավոր և ռիսկային կարելի է համարել: Չնայած Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարների առկայությանը` մասնավոր ներդրողները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել համայնքում հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ: Գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացմանը և արդյունաբերության այլ ճյուղերի ձևավորմանը միտված հեռանկարային բիզնես ծրագրեր դեռևս չեն առաջադրվել»:

Հանքարդյունաբերությունը` աղտոտման մեծ օջախ

Կարեն Ադամյան, Մեղրի համայնքի ավագանու անդամ.

- Մեղրիում մենք գիտենք, որ շատ են ոսկին և ուրանը: Խնդիրը նրանում է, որ հանքերը համայնքներին մոտ են և աղտոտվածության վտանգը շատ մեծ է: 14 հանքի թույլատվություն են տվել` Շվանիձոր, Թաղամիր, Խդեբանց և այլն: Դեռ 2013 թ-ին Լիճքի, Տաշտունի հանքերի համար մենք բողոքի ուղերձ հղեցինք վարչապետին:

Ագարակի և Լիճքվազ Թեյի հանքերը շահագործվում են: Լիճքվազը փակ ձևով է շահագործվում, բայց դրա խորքային ջրերը վնասելու են Մեղրի գետը: Գետից մի 100 մ բարձրության վրա է, չի կարող հանքից դուրս եկող ջուրը գնա ընդերք, դուրս կգա շրջակա միջավայր և կթափվի գետ:
Լիճքի հանքի դեմ մի քանի օրում 3000 ստորագրություն հավաքեցինք: Հանքը Մեղրի գետի սանիտարական գոտում է, Մեղրի համայնքի խմելու և ոռոգման ջուրն այդ հանքի շրջակայքում է: Հողային աշխատանքներ, ծառահատումներ արել են, բայց արդյունահանմանը չէին հասել:
Մենք ընդհանրապես հանք չենք ուզում, չի կարելի համատեղել հանքը և գյուղատնտեսությունը: Կարճևան համայնքի այգիները վերացել են. Ագարակի կոմբինատն է այնտեղ: Այդ վտանգը մեզ էլ է սպառնում. այսօր արդեն սկսել են չորանալ մեր ծիրանի ծառերը: Մեղրին թող չաղտոտեն, Մեղրին իր գյուղատնտեսությամբ կզարգանա: …Ուռուցքային հիվանդությունների ցուցանիշը բարձր է, ռադիացիայից է:

Մարիամ Ծատրյան, Մեղրիի համայնքապետարանի մամլո խոսնակ.

- Մայիսին հայտարարվեց, որ Լիճքի հանքի աշխատանքը կասեցվում է: Երկու ամիս հետո ես ճշտում արեցի, և նրանք ասացին, որ սպասում են տեսչական ստուգումներին: Եթե ամեն ինչ օրինական դաշտում լինի, պատրաստ են շարունակել հանքի շահագործումը:

Մայիսին ստորագրահավաք անցկացվեց Մեղրի համայնքում, ուղարկվեց վարչապետին, որ ընդհանրապես Մեղրի համայքնում հանքերի շահագործման և հետազոտության նախագծեր չիրականացվեն: «Արևիք» ազգային պարկի տարածքում սահմանագծման աշխատանքներ են տարվում, չեն սահմանագծել մինչ օրս, որովհետև իրենց ձեռնտու էր, որ ազգային պարկը հստակ սահմաներ չունենա, հանքարդյունաբերողները հանգիստ ներխուժեն: «Թաթսթոուն»-ը` Լիճքում, «Պոլիմետալ»-ը` Լիճքվազ Թեյում, «Նիգ Մայնինգ»-ը Թաղամիրի և Խդեբանցի հանքերն էր ուզում շահագործել. այս պահին գործընթացը դադարեցված է:

Մենք տեսնում ենք Մեղրիի զարգացման ծրագրերի մեջ էկոտուրիզմի զարգացումը, բայց հանքարդյունաբերության հետ դա անհամատեղելի է:

Գևորգ Մարգարյան, անտառագետ.

Մեղրիի ռիսկային ծրագրերից համար առաջինը Լիճքի հանքավայրն է: Եթե չլիներ հեղափոխությունը, վնասներն ահավոր կլինեին, բնակչությունն արդեն խուճապի մեջ էր: Եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը մի քանի ամիս էլ մնար, Լիճքի տակը պոչամբար էին կառուցելու, որը թափվելու էր Մեղրի գետը, որից բազմաթիվ ստորերկրյա աղբյուրներ են սնվում: Միանշանակ հանքի և ապագա պոչամբարի փոշին կազդի գյուղի հողատեսքերի ու «Արևիք» ազգային պարկի վրա: Ինչպե՞ս կարելի է հանք շահագործել խմելու ջրի և «Արևիք» ազգային պարկի անտառների տարածքում: Արդեն ապօրինի հանքի շահագործումից իսպառ ոչնչացվեցին ՀՀ Կարմիր գրքի մեջ գրանցված տանձենու ծառերի խմբավորումները: Պատկան մարմինները «Թաթսթոուն»ՍՊԸ-ին Այգեձորի, Վարդանիձորի մոտ էլի հանքի շահագործման թույլտվություն են տվել: Մեր տարածաշրջանի համար 14 հանքի հետազոտության թույլտվություն է տրվել:

Երբ Թխկուտում 10 տարի առաջ ցիանային միացություններով մշակվում էր Տերտերասարի հանքի ոսկին, Մեղրի գետում իսպառ վերացավ ֆաունան, հատկապես խեցգետինը, ձուկը, գորտը: Աշխատելուց ոսկու կորզման ֆաբրիկան և բնակչության առողջությանը և գյուղատնտեսությանը վնասեց: Արդյունքում ընկուզենիները, դեղձը, ծիրանը և պտղատու կուլտուրաները զանգվածային չորացան, իսկ նրանք գնացին: Պոչամբարը դեռ ծածկված չէ, անտեր վիճակում է, անձրևը գալիս է, ջրերը ներծծվում են Մեղրի գետի մեջ:

Հաջորդը Տաշտունի հանքն է: Այն ցրված ռադիոակտիվ մետաղներ պարունակող հանք է: 28 կմ է հեռու Տաշտունը Մեղրիից: Մտավախություն կա, որ կշարունակվի: Նախկինում հորատված բորանցքի հանքի տարածքից հիմա էլ դեղին ջուրը թափվում է Մեղրի գետի մեջ, որը անասուները, թռչունները խմելուց թունավորվում են, երբեմն` սատկում:

Հայաստանում մարդկանց կյանքի ամենակարճ տևողություն ունեցող տարածաշրջանը Մեղրին է, բաց հանքերի ռադիացիայի պատճառով է: Մենք փրկվում ենք ի շնորհիվ մեր գիհու անտառների: 1 հա գիհու անտառը մոտ 100.000 բնակիչ ունեցող արդյունաբերական քաղաքի կեղտոտ օդը մաքրելու և վնասազերծելու հատկություն ունի, ունենք մոտ 4000 հա գիհու անտառներ, այս հարստությունն է մեր ժողովրդին պահում:

Անհրաժեշտ եմ համարում շտապ չեղարկել ՀՀ կառավարության 02.07.2015թ. թիվ 731 որոշումը և ԴԱԴԱՐԵՑՆԵԼ «Արևիք» ազգային պարկի և նրա անտառների հարակից տարածքներում բոլոր տեսակի հանքերի շահագործումը:

Մեղրի գետը և փոքր ՀԷԿ-երը

Կարեն Ադամյան, Մեղրի համայնքի ավագանու անդամ.

- Նոր ՓՀԷԿ-ը ուզում էին կառուցել Մեղրի քաղաքից դեպի Արաքս թափող հատվածում, որտեղ մեր հիմնական այգիներն են, և ոռոգելու այլ տարբերակ չկա: ՓՀԷԿ-երն առաջացնում են ոռոգման խնդիրներ: Գործող փոքր ՀԷԿ-երի շնորհիվ արդեն ձուկ չունենք գետում: Մի ՓՀԷԿ ունենք Մեղրի գետի վրա, Լեհվազի մոտ: 1400 մմ տրամագծով խողովակներ են դրել, իսկ Մեղրի գետում այդքան ջուր չկա: Ինքնամաքրման խնդիր կա: Մեղրի գետն Արաքսի նման ջրառատ չէ, պետք է սեզոնայնություն որոշվի: Ես չեմ տեսել, որ գետով առատ ջուր գնա: Ո՞վ է վերահսկում, էկոթողքը պահպանո՞ւմ են, թե` ոչ:

Գևորգ Մարգարյան, անտառագետ.

- 3 ՓՀԷԿ են կառուցել, ջրի թողքը չի ապահովվում, ձուկը, անձրևաորդը, գորտը վերացել են, իսկ գորտը ֆիլտր է ջրի համար:

Կարեն Ադամյան, Մեղրի համայնքի ավագանու անդամ.

- Ջուրն առաջնային խնդիր է: Մեղրի գետից տարեկան 1 միլիարդ խմ ջուր է տարվա մեջ գնում դեպի Արաքս, իսկ Մեղրու այգիների ոռոգման համար` 3 միլիոն խմ:

Մարիամ Ծատրյան, Մեղրիի համայնքապետարանի մամլո խոսնակ.

- Մեղրի համայնքում առաջնային լուծում պահանջող հարցերից մեկը ոռոգումն է: Մեղրի համայնքի արաքսամերձ գոտու՝ Կարճևան, Ագարակ, Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր բնակավայրերը ջրասակավ են: 2016 թվականին Մեղրիում ներդրվեց ոռոգման ջրի մատակարարման ինքնահոս համակարգ: Ոռոգման ակտիվ սեզոնին՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին, արդեն իսկ չի բավարարում նորմալ ոռոգմանը և առաջացնում է գյուղացիների դժգոհությունը:
Համայնքի տարածքում ամենաշատ ոռոգելի հողատարածքներ ունի Մեղրի քաղաքը՝ 230 հա: Կարճևանն այսօր ընդհանարպես չի օգտվում ինքնահոս այդ համակարգից, ավելին՝ Կարճևանի գյուղացիների տնամերձերի մի մասը ոռոգվում է խմելու ջրով, որի համար վճարում են խմելու ջրի սակագնով:

Կառավարության ջրային ռազմավարության շրջանակում խոսվում է ջրամբարների կառուցման մասին, այդ թվում նաև Մեղրի գետի վրա:

Խմելու ջրի խնդիր կա, այն շատ վատ վիճակում է, ջուրը մաքուր չէ, ցեխաջուր է գալիս գարնան ամիսներին: Լիճքից եկող ջրի մաքրման կայանները շատ վատ են աշխատում: Ահազանգում էինք անձրևներից հետո, որ գային, մաքրեին...ստիպված ենք լինում կամ խմել, կամ գնել ջուրը:

Մեղրի համայնքի զարգացման 5-ամյա ծրագրում նշված է. «Մեղրի համայնքում լուրջ հիմնախնդիր է մատակարարվող խմելու ջրի որակի և անվտանգության ապահովումը: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող մանրէաբանական հետազոտությունների արդյունքում արձանագրվում են սանիտարական նորմերի և կանոնների մեծաքանակ շեղումներ, ինչը պայմանավորված է ջրամատակարարման ցանցերի վթարային իրավիճակի, ինչպես նաև ջրի անբավարար վարակազերծման հետ: Շուրջօրյա ջրամատակարարում չի իրականացվում Մեղրի քաղաքում, իսկ Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում միայն ամռան ամիսներին ընդհատումներով է իրականացվում»:

Գևորգ Մարգարյան, անտառագետ.

- Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը կիսաարդյունավետ ծրագիր է: Այն նպատակաուղղված է հատուկ մարդկանց հողատարածքների համար: Գյուղացին վճարում է, ջուրը ժամանակին չեն տալիս, մինչև մարդը 1 անգամ ջրում է, արտոնյալնեը 2-3 անգամ են ջրում: Ուշ աշնանային և վաղ գարնանային ջուրը չեն տալիս: Գյուղացին մարտին ջուր է ուզում, չկա, ապրիլի 1-ից նոր է տալիս, մինչև քո հերթը հասնում է, 20-30 օր անցնում է: Համայնքներում պետք է մինի ջրամբարներ կառուցել և մասնակի կաթիլային ոռոգում կազմակերպել: Մինչև հուլիս, օգոստոսի 1-ը թող գնա ինքնահոս ջուրը, բայց օգոստոսից գետի ջրի ելքը պակասում է, թող պոմպակայանները միացնեն: Մեղրի քաղաքը հակասանիտարական վիճակի մեջ է, քաղաքի կոյուղին Մեղրի գետի մեջ է:

Մենք ունեցել ենք Կարճևանի ջրանցք` 25 կմ երկարությամբ, 1927-31 թթ-ին է կառուցվել և գործել է մինչև 1983 թ-ը: «Արևիք» ազգային պարկի միջով է գալիս ջրանցքը, եզակի կառույց է, ջուրը տանում էին Բողաքարի գետից Կարճևան: Դրա տակը շատ ստորերկրյա աղբյուրներ էին հոսում, եթե այդ ջրանցքով ջուր գա, ստորերկրյա աղբյուրների հոսքը կշատանա: Այսօր այդ ջրանցքը մասնակի պետք է վերականգնվի, այն գտնվում է Ջրպետկոմի բալանսում:

Ալիկ Թումանյան, Շվանիձոր բնակավայրի վարչական ղեկավար.

- Անցյալ տարի հունիս, հուլիս ամիսների կեսից Մեղրի գետից չէինք կարողանում օգտվել, սկսեցինք օգտվել պոմպերից: Ջրամբարի դեպքում էլի ինքնահոսով որ լինի, Արաքսից կպրծնենք: Նույն խնդիրը Նռնաձորում և Ալվանքում էլ է:

Շվանիձորի բնակիչներ.

- Մեր փրկությունն է Մեղրի գետի ջուրը: Պոմպերի ժամանակ և ինքնահոսի ժամանակ նույն գինն ենք վճարում: Հոսանք էինք ծախսում այն ժամանակ, հիմա չենք ծախսում, բայց էլի նույն գինն է` 400-ից մինչև 1000 դրամ 1 ժամը: Գյուղի 90 տոկոսը չունի խմելու ջուր, ձորի ջուրը շոգերից կտրվել է: Լվացքի մեքենան պետք է բաժակով լցնեն, որ աշխատի:

Ջեռուցումը Մեղրիում. գազատարը կա, գազը` չկա

Կարեն Ադամյան, Մեղրի համայնքի ավագանու անդամ.

- Ջեռուցման լուրջ խնդիր ունենք: Իրան-Հայաստան գազատարը Մեղրիի միջով է անցնում, բայց մենք գազ չունենք: Իրանի Հանրապետությունն իր միջոցներով Մեղրիում ամբողջ գազատար ցանցը սարքել է, իսկ «Գազպրոմ Արմենիա»-ն չի միացնում գազը:

Անցյալ տարի Կապանի անտառներից օրինական փայտը բերում, վաճառում էին, այս տարի դա էլ չեն թողնում: Եթե հատումն արգելել եք, գազի հարցը լուծեք, ձմեռ է գալիս:

Ալիկ Թումանյան, Շվանիձոր բնակավայրի վարչական ղեկավար.

- Ազգային պարկից օգտվել չի թույլատրվում, թափուկից են օգտվում, բայց դա էլ պակասել է: Մարդիկ այգիներ ունեն, էտում են, ամեն մեկը մի ձև ջեռուցում է, բայց որ գազ լինի, անտառից մի քիչ կկտրվենք:

Գևորգ Մարգարյան, անտառագետ.

- Պետք է մտածել այլընտրանքաին էներգիայի մասին, ժամանակն է օգտվել արևային էներգիայից:
Կարեն Ադամյան, Մեղրի համայնքի ավագանու անդամ.

- Բոլորս էլ կուզենք արևային էներգիա ստանանք, ամառվա ամիսներին էլ վաճառենք, բայց հիմա չկա նման բան: Եթե շահավետ վարկեր լինեն, մարդիկ արևային մարտկոցներ կտեղադրեն:

Հեղափոխության մասին

Բնակիչներ.

Մարդկանց տրամադրությունը որ բացվել է, արդեն հերիք է: Ակնկալում ենք, որ դրական ազդեցությունները շուտով կզգանք:

Գևորգ Մարգարյան, անտառագետ.

- Հարկավոր է վերականգնել Մեղրու տարածաշրջանի պտղատու տեսակների համբավավոր, արդեն վերացվող գենետիկ ռեսուրսները:Գյուղերում զարգացնել ավանդական Վահրավարի, Շվանիձորի, Կարճևանի գինու, ագրո և էկո զբոսաշրջիկությունը, ազգագրական մշակույթը:

 

18:49 Օգոստոս 24, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news