«Անապատ-1» ՓՀԷԿ-ը կմեծացնի Աղանձու գետի ծանրաբեռնվածությունը 25.46 տոկոսով

«Անապատ-1» ՓՀԷԿ-ը կմեծացնի  Աղանձու գետի ծանրաբեռնվածությունը 25.46 տոկոսով

ԷկոԼուր

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 14.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Տանձատափի գյուղապետարանում, տեղի կունենան «Տաթևի անապատ» ՍՊԸ-ի «Անապատ-1» ՓՀԷԿ-ի վերակառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները:  ՓՀԷԿ-ը կառուցվելու է Գորիսի տարածաշրջանի Տաթեւ եւ Տանձատափ համայնքների վարչական շրջանում` 9 բալանոց սեյսմիկ գոտում: ՓՀԷԿ-ն օգտագործելու է Որոտան գետի աջակողմյան վտակների` Քարահունց եւ Աղանձու գետակների հոսքը: Լսումների ժամանակ ներկայացվելու է ՓՀԷԿ-ի նախագծի վերանայված տարբերակը, որտեղ ստատիկ ճնշման ցուցանիշը նվազեցվել է` 548 մետրից դառնալով 22.0մետր+326 մետր, ինչպես նաեւ տեղափոխվել է ՓՀԷԿ-ի շենքի կառուցման նիշը եւ այլն: Սակայն վերանայված տարբերակում չի նշվում , թե արդյոք փոխվելու են դերիվացիոն խողովակաշարերի ցուցանիշները:

Սկզբնական նախագծի համաձայն. «Դոտացիոն խողովակաշարն իրականացվում է N1 գլխամասային հանգույցից, որտեղից Քարահունց գետի ավելցուկային ելքերը տեղափոխվում են N2 գլխամասային հանգույց: ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարն իրականացվում է N2 գլխամասային հանգույցից: Այն 3310մ ընդհանուր երկարությամբ իրականացվում է` 720x12մմ տրամաչափի և 820x7մմ տրամաչափի խողովակաշարերի միջոցով»: Հաշվի առնելով այն, որ Աղանձու գետակի երկարությունը 13 կմ է, եւ այս գետակի վրա է կառուցված N2 գլխամասային հանգույցը, որից իրականացվելու է  ճնշումային խողովակաշարը, ապա Աղանձու գետի 25.46 տոկոսը կվերցվի խողովակի մեջ, ինչը, ԷկոԼուրի Էկոլոգիական ռիսկերի մոդելի համաձայն, ճգնաժամային վիճակ կստեղծի Որոտանի այս վտակի համար:

Աղանձու գետի բնապահպանական թողքի մասին նախագծում նշված է. «..բնապահպանական թողքը կազմում է 0.031մ3/վրկ, իսկ նախագծի շրջանակներում այն ընդունված է 0.05մ3/վրկ, ինչը նաև սահմանված է թիվ 000184 տրվ. 06.06.2011թ ջրօգտագործման թույլտվությամբ»: Քարահունց գետի համար բնապահպանական թողքը կազմում է 0.026մ3/վրկ, իսկ նախագծի շրջանակներում այն նույնպես ընդունված է 0.05մ3/վրկ:

ՓՀԷԿ-ն աշխատելու է ողջ տարին: Նախագծի համաձայն` ՓՀԷԿ- կառուցման տարածքում Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ եւ կենդանատեսակներ չկան: Թեպետ նշվում է, որ ՓՀԷԿ-ն ունենալու է ձկնանցարան, սակայն, նախագծում ոչ մի տեղեկատվություն չկա գետակների ձկնաշխարհի վերաբերյալ:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Դեկտեմբեր 08, 2014 at 18:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր