ԷկոԼուր
Ինչպե՞ս հասնել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և ինչպես դա համադրել կլիմայական հավակնոտ քաղաքականության հետ: Արևելյան գործընկերության անդամ երկրների փորձն այս խնդրի վերաբերյալ ներկայացվեց 2020թ. մայիսի 25-26-ին առցանց հարթակում ընթացած «Կլիմայական երկխոսություն Արևելյան գործընկերության երկրների սեկտորների/հատվածների միջև» խորագրով համաժողովի ընթացքում:
Համաժողովին մասնակցեցին Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ քաղաքացիական հասարակության և պետական սեկտորների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ:
Ուկրաինայի էներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության փոխնախարար Իրինա Ստավչուկը ներկայացրեց ջերմոցային գազերի արտանետումների սահմանային թույլատրելի ծավալի գերազանցման դեմ գործընթացի փորձը` շեշտելով հասարակական կազմակերպությունների ներգրավումը գործընթացին: Ելույթ ունեցան նաև Ուկրաինայում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Յոհաննես Բաուրը, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ներկայացուցիչ Տանյա Մարոչչին և «Էկոդիա» էկոլոգիական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Եվգենիյա Զասյադկոն:
Արևելյան գործընկերության երկրներում կլիմայի փոփոխության մեղմման և սոցիալ-տնտեսական շահի խնդրի վերաբերյալ քննարկմանը մասնակցեցին « Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ներկայացուցիչ Սոնյա Շիրմբեկը, «Հայնրիխ Բիլ» հիմնադրամից Օքսանա Ալիևան, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ներկայացուցիչ Գեորգի Սաֆոնովը, «Կանանց ներգրավումը ընդհանուր ապագա» ՀԿ-ի ներկայացուցիչ Կատարինա Աբերշբրունները, «Կանաչ ցանց»-ի ներկայացուցիչ Անաստասիա Բեկիշը և «Էկապրոյեկտ» միջազգային հանրային միավորման անդամ Մարիա Ֆալալեևան: Նրանք անդրադարձան աշխատատեղերի նոր հնարավորությունների, մարդու իրավունքների և առողջության սոցիալական հետևանքների, գենդերային խնդիրներին, տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցերին:
Համաժողովին առանձին ուշադրության արժանացան «Դեպի COP 26: Կարգավիճակ և կլիմայական հավակնությունների վերականգնման նոր համատեքստում», «Կանաչ վերականգնում և NDC» թեմաները, որոնք ներկայացրեցին «Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի» ներկայացուցիչ Նաոմի Լեպրան-Ռինգենը, «Եվրոպա Երկրի բարեկամներ»-ի ներկայացուցիչ Մոլլի Ուոլշը, «350.org ВЕКЦА»-ի ներկայացուցիչ Սվետլանա Ռոմանկոն և Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի ներկայացուցիչ Գեորգի Սաֆոնովը:
Ինչպե՞ս են համաժողովի մասնակիցները պատկերացնում կանաչ վերականգնումից մինչև կլիմայական հավակնությունների հետագա ճանապարհը: Այս թեմայի շուրջ խոսել են «CAN International»-ի ներկայացուցիչ Մարիանն Տոֆտգաարդը, «CAN ВЕКЦА»-ի ներկայացուցիչ Օլգա Բոյկոն, Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչ Շիվոն Ռայթը և Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության, շինարարության/կառուցապատման և միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարության ներկայացուցիչ Ֆիլիպ Բերենսը:
Առցանց հարթակում ընթացող կոնֆերանսը կազմակերպել էին «Climate Action Network ВЕКЦА»-ն, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը, «Բունդ» (Գերմանիա երկրի ընկերներ) և «Էկոդիա» էկոլոգիական նախաձեռնությունների կենտրոնը Ուկրաինայից:
Մայիս 28, 2020 at 15:13