Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը։ Կլիմայի փոփոխությունն այսօր մարդկության գլոբալ մարտահրավերներից է։ Գլոբալ տաքացումը, բնական աղետները, եղանակային պայմանների փոփոխություններն անմիջականորեն ազդում են մարդկության կյանքի որակի, պետությունների համաչափ զարգացման վրա։

2015-2022 թվականները ռեկորդային ամենատաք ութ տարիներն են եղել դիտարկումների ողջ շրջանում։

Մթնոլորտում երեք հիմնական ջերմոցային գազերի՝ ածխածնի երկօքսիդի, մեթանի և ազոտի օքսիդի կոնցենտրացիան ռեկորդային մակարդակի է հասել 2021 թվականին։ Մեթանի կոնցենտրացիայի տարեկան աճը 2020-2021 թվականներին եղել է ռեկորդային ամենաբարձր ցուցանիշը։ Այս երեք ջերմոցային գազերի մթնոլորտային մակարդակները շարունակել են աճել 2022 թվականին: 2022 թվականին գլոբալ միջին ջերմաստիճանը 1․15 աստիճան Ցելսիուսով բարձր է եղել 1850-1900 թվականների միջինից։

Համաձայն «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» փաստաթղթի՝ Հայաստանում 1929 թվականից մինչև 2016 թվականը դիտվել է միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացում 1․23 աստիճան Ցելսիուսով։ Կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 2100 թվականը ողջ երկրի տարածքում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 4․7 աստիճան Ցելսիուսով։ Նման փոփոխություններն անխուսափելի ազդեցություն կունենան բոլոր բնական և կառավարվող համակարգերի, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության և սննդի անվտանգության, մարդու առողջության, բնակավայրերի, ենթակառուցվածքների և այլ ոլորտների վրա։ 

Կլիմայի փոփոխության խնդիրը համաշխարհային մակարդակով առաջին անգամ քննարկվել է 1992 թվականին՝ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Երկրի գագաթնաժողովում։ Այդ ժամանակ աշխարհի ավելի քան 180 երկրների ներկայացուցիչներ ստորագրեցին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան, որով սահմանեցին պետությունների գործողությունների ընդհանուր սկզբունքները կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում։ Հայաստանը ևս վավերացրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան։

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակով հաջորդիվ ստորագրվել են միջազգային փաստաթղթեր։ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում աշխարհի առաջնորդներն ընդունեցին համաձայնագիր, որով որոշվեց զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի (1850թ.) ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում՝ միաժամանակ ձգտելով 1.5 աստիճանի: ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Փարիզյան կլիմայական համաձայնագիրը 2017 թվականին: «Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (INDC) փաստաթղթով Հայաստանը պարտավորվել է 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում:

2021թ-ի ապրիլի 22-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» 610-Լ որոշումը:

ՀՀ կառավարության կողմից ԱՍԳ-ի վերանայմամբ հաշվի առնված առանցքային նկատառումներն են՝ ազգային տնտեսության աճի պահպանումը, աղքատության կրճատումը, շրջակա միջավայրի պահպանությունը, կայուն զարգացման նպատակների իրագործումը, միևնույն ժամանակ՝ ազգային էներգետիկ անվտանգության մեծացումը, ինչպես նաև՝ մատչելի և մաքուր էներգիայի մատակարարման ապահովումը: Հայաստանի նոր խոստման կարևոր բաղադրիչներն են.

• Վերանայված ԱՍԳ-ով Հայաստանի Հանրապետությունը որդեգրում է ԱՍԳ իրականացման տասնամյա ժամանակահատված՝ 2021թ. հունվարի 1 – 2030թ. դեկտեմբերի 31:

• Հայաստանը պահպանում է մինչև 2050թ. մեղմման իր նպատակը՝ ՋԳ արտանետումները նվազեցնել առավելագույնը 2.07 տ CO2 համ. մեկ շնչի հաշվով, որը կարտահայտվի իր երկարաժամկետ, ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունում։

Մինչև 2030թ. իրագործման ենթակա մեղմման նոր նպատակը համարժեք է 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցման, ընդամենը ՋԳ արտանետումները 1990թ.՝ 25,855 Գգ CO2 համ., զուտ ՋԳ արտանետումներ 1990թ.՝ 25,118 Գգ CO2 համ. (ԱԿՀ 1990–2017թթ.):

• Մինչև 2030թ․ Հայաստանը կրկնապատկելու է վերականգնվող էներգիայի մասնաբաժինը էներգիայի արտադրության մեջ:

• Անտառի նոր ազգային ծրագրի ընդունմամբ նախատեսվում է անտառածածկի ավելացում՝ Հայաստանի տարածքի 12.9% չափով մինչև 2030 թ.:

• Սահմանելու է թափանցիկության և հաշվետվողականության բարելավված շրջանակ՝ հսկելու Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը։

• Կարևորվել են կլիմայի փոփոխության հարմարվողականության քաղաքականությունը և միջոցառումները:

2021թ-ի մայիս 13-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը (ՀԱԾ) և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 749-Լ որոշումը: Հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի կատարման համար նախատեսվեց մշակել 16 միջոցառում:

ԷկոԼուրը շնորհավորում է Կլիմայի միջազգային օրը և հիշեցնում որոշում կայացնող պաշտոնյաներին ու բոլոր բոլորին, որ մեր Երկիր մոլորակի ճակատագիրը մեր ձեռքերում է:

Մայիս 15, 2023 at 14:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր