ԷկոԼուրը միացավ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (Living Landscapes for Market Development in Armenia (LILA)) ծրագիրն իրականացնող թիմին։
Ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից՝ «Ռազմավարական, զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Այն ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով։
Սույն թվականի հուլիսի 3-ին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ստորագրեցին պայմանագիր Ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Լոռու մարզի Փամբակ, Թումանյան, Սյունիքի մարզի Սիսիան, Վայոց ձորի մարզի Եղեգիս, Եղեգնաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան համայնքներում: Ծրագրային համայնքների ընտրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով գործող «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» բնապահպանական ծրագրի թիրախային համայնքների աշխարհագրությունը։ Էկոմիջանցքների ստեղծման ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ KfW բանկի միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան գրասենյակի կողմից։
LILA ծրագրի նպատակն է Հայաստանի լեռնային էկոհամակարգերում բնական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման միջոցով ապահովել գյուղական բնակչության կենսապայմանները։ Լեռնային գյուղական համայնքներում Ծրագիրը ներմուծելու է բնական պաշարների կայուն օգտագործման տնտեսական խթաններ։ Նպաստելու է կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացմանը՝ մասնավորապես համայնքներում ներդնելով անտառների և արոտավայրերի կառավարման կայուն գործելակերպ ու զարգացնելով կարողությունները։ Ծրագիրը խթանելու է զբոսաշրջության զարգացումը՝ նվազեցնելով գյուղատնտեսությունից և անասնապահությունից ունեցած կախվածությունը։ Գյուղատնտեսական զբոսաշրջության զարգացման գործում մեծ ուշադրություն է դարձվելու կանանց, սոցիալապես անապահով ընտանիքներին և անտեսված խմբերին՝ խթանելու նրանց հասարակական ներգրավվածությունը և աղքատության մակարդակի իջեցումը։
Ծրագրի շրջանակներում ԷկոԼուրը կստեղծի հանրային լրագրության ցանց։ Գյուղական բնակավայրերի ակտիվ բնակիչները հնարավորություն կունենան, վերապատրաստման դասընթացներ անցնելով, մասնակցել և դառնալ ԷկոԼուրի հանրային թղթակիցները մարզերում՝ անձամբ իրազեկելով իրենց բնակավայրերի սոցիալ-էկոլոգիական խնդիրների, իրադարձությունների, զարգացումների մասին՝ օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ։
Կկազմակերպվի մեդիա տուր, որի շրջանակներում լրագրողները հնարավորություն կունենան այցելել թիրախ համայնքներ, ծանոթանալ Ծրագրում ներգրավված մարդկանց հետ, խնդիրներին, որոնց տեղացիները բախվել են և ինչ աջակցություն են ստացել LILA ծրագրի շրջանակներում այդ խնդիրների հաղթահարման համար։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» 7-ամյա ծրագրի նպատակն է Հայաստանի լեռնային էկոհամակարգերում բնական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման միջոցով երկրի գյուղական բնակչության կենսապայմանների ապահովումը: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը օժանդակում և փոխլրացվում է «Հարավայում Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի կողմից, որը ֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությանը (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով և իրականացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան գրասենյակը (Հայաստանում՝ WWF-Հայաստան):
Հուլիս 18, 2023 at 13:13