Նախանշվել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովի առաջնահերթությունները

Նախանշվել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովի առաջնահերթությունները

nature-ic.am

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) Գործադիր տնօրեն Սայմոն Ստիլը Կլիմայական գործողությունների 7-րդ նախարարական համաժողովին անդրադարձել է ՄԱԿ-ի ԿՓՇԿ Կողմերի 28-րդ համաժողովի (COP28) առաջնահերթություններին:

Իր ողջույնի խոսքում հանդիպումը համանախագահող Ստիլը նշել է, որ արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների համաշխարհային հաշվառումը (global stocktaking) հնարավորություն է ընձեռում հստակեցնել և ավելացնել սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործողություններն ու աջակցությունը և լինելու է նոյեմբերին Դուբայում մեկնարկող համաժողովին քննարկվող կարևոր թեմաներից:  Հաշվառման արդյունքներից զատ, COP28-ին անդրադարձ կկատարվի նաև կլիմայական գործողությունների իրականացմանն առնչվող մի շարք խնդիրների:

Բացի այդ, Ստիլը ընդգծել է ֆինանսավորման նոր պայմանավորվածությունների և կորուստների և վնասների (loss and damage) հիմնադրամ ստեղծելու ու Սանտիագոյի ցանցի (Santiago Network) գործառնական պայմանավորվածություններն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանք հնարավորություն կտան կլիմայի փոփոխության միջազգային ռեժիմը դարձնել կորուստների և վնասների փոխհատուցմանն առնչվող «նպատակին լիովին համապատասխան»: 

Առանձնացվել է հարմարվողականության գլոբալ նպատակին հասնելու աշխատանքներն ավարտին հասցնելու կարևորությունը, ներառյալ՝ ամուր մեթոդաբանական բազայի ստեղծումը հարմարվողականությունը բոլոր մակարդակներում խթանելու համար: Անհրաժեշտ է նաև համալրել մեղմման աշխատանքային ծրագիրը և այն ավելի արդյունավետ դարձնել՝ հաշվի առնելով արտանետումների կրճատման բացը լրացնելու հրատապ անհրաժեշտությունը:

Հանածո վառելիքի սուբսիդավորումը, ածխի օգտագործման կրճատումը և այլ հանածո վառելիքների հետ կապված հարցերը նույնպես լինելու են ուշադրության կենտրոնում. Կողմ երկրները բարձրարել են Դուբայում՝ հանածո վառելիքը վերականգնվող էներգիայով փոխարինելու վերաբերյալ հստակ թիրախների սահմանման անհրաժեշտությունը:

Նշվել է նաև COP27-ում հաստատված «արդար անցման» (just transition) վերաբերյալ աշխատանքային ծրագրի բաղադրիչների մշակման անհրաժեշտությունը՝ կլիմայական գործողություններում ամբողջ հասարակությունը ներգրավելու համատեքստում: Այս թեմայով մայիսին Բոննում արդեն մեկնարկել են բանակցություններ, և Դուբայում «արդար անցման» վերաբերյալ դրական արդյունքն առանցքային ձեռքբերում կլինի:

Առաջնահերթ է համարվել նաև կլիմայական գործողությունները տարեկան 100 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորելու վաղեմի նպատակին հասնելու առումով վստահելի առաջընթացի հասնելը, ինչպես նաև «Կանաչ կլիմայի հիմնադրամի» էական համալրումն ու կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված ֆինանսավորման կրկնապատկում:

Ուշադրության կենտրոնում կլինեն նաև կլիմայի ֆինանսավորման նոր նպատակների և ֆինանսական հոսքերը Փարիզյան համաձայնագրի նպատակներին համապատասխանեցնելու շուրջ քննարկումները: Այս առումով հատկապես կարևորվում է միջազգային ֆինանսական համակարգի արձագանքը բարեփոխումների կոչերին:

Համաժողովին քննարկվելու են նաև հաջորդ տարի ընդլայնված թափանցիկության շրջանակներում մեկնարկող հաշվետվության և վերանայման գործընթացները: Ըստ Ստիլի՝ զարգացող երկրների կողմից դրանց իրականացման համար աջակցության ցուցաբերումը վճռորոշ կլինի:

COP 28-ը կանդրադառնա նաև գենդերային հավասարության և հզորացման ծրագրերին, որոնք առանցքային կլինեն կլիմայական ներառական գործողությունների առաջխաղացման համար:

Բացման խոսքի ամբողջական տարբերակը կարդացեք այստեղ:

Հուլիս 25, 2023 at 17:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր