Մշակվել են «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի և Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման (մինչև 2050 թվական) ռազմավարության նախագծերը

Մշակվել են «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի և Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման (մինչև 2050 թվական) ռազմավարության նախագծերը

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում մշակվել են «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի և Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման (մինչև 2050 թվական) ռազմավարության նախագծերը։ Այս փաստաթղթերը հոկտեմբերի 30-ին Երևանում տեղի ունեցած ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ կազմակերպված աշխատաժողովին ներկայացրեց ՄԱԶԾ-ի «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի առաջադրանքի ղեկավար Արտակ Բաղդասարյանը։

«Կլիմայի մասին» օրենքը կարգավորելու է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, այդ գործընթացների համակարգման, այդ գործընթացներում պետության, համայնքների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև իրավահարաբերությունները։ 

Օրենքը կապահովի իրավական հիմքեր ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման և իրականացման համար՝ ՀՀ միջազգային հանձնառությունների համաձայն։ Այն կամրապնդի կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման և իրականացման համար, ներառյալ կլիմայի փոփոխության հետևանքներից բնակչության, տնտեսության և ենթակառուցվածքների պաշտպանությունը և դրանց դիմակայունությունը։

«Մենք հստակ կանոնակարգում ենք, թե երկիրը ինչ կլիմայական փաստաթղթեր պետք է ընդունի, այդ թվում՝ Փարիզյան համաձայնագրի շրջանակներում, որպեսզի լիարժեք արտահայտի իր ջանքերն ու պլանները կլիմայական քաղաքականության իրականացման ուղղությամբ»,- նշեց Արտակ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Փարիզյան համաձայնագրի շրջանակներում 2021թ-ի ապրիլի 22-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» 610- Լ որոշումը։  ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողությունների շրջանակներում Հայաստանը պարտավորվել է 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2030թ-ը 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ։ Մինչև 2030թ․ Հայաստանը կրկնապատկելու է վերականգնվող էներգիայի մասնաբաժինը էներգիայի արտադրության մեջ: Անտառի նոր ազգային ծրագրի ընդունմամբ նախատեսվում է անտառածածկի ավելացում՝ Հայաստանի տարածքի 12.9% չափով մինչև 2030 թ.:

Ներկայացնելով Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման (մինչև 2050 թվական) ռազմավարության նախագիծը՝ Արտակ Բաղդասարյանը նշեց, որ այն հնարավորություն է տալիս անդրադառնալու կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման բոլոր ոլորտներին: «Կլիմայի փոփոխության դիմակայման քաղաքականությունները ենթադրում են որոշակի տեխնոլոգիական լուծումներ, նորարություններ, որոնք թելադրում են տնտեսության և՛ կառուցվածքը, և՛ տնտեսական աճի արագությունն ու որակը»,- նշեց նա:

Ռազմավարության նախագծում ներկայացվել է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման երեք սցենար։ Առաջին սցենարով մինչև 2050թ-ը ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու նպատակով նոր միջոցառումների կամ գործողությունների իրականացում չի նախատեսում։ «Սա արտահայտում է այս դրությամբ արդեն իսկ ընդունված որոշումների և իրականացվող գործողությունների արդյունքում մեր արտանետումների հետագիծը։ Եթե որևէ նոր որոշում չիրականացնենք, մեկ շնչի հաշվով արտանետումների քանակը կկազմի 8,25 տոննա»,- ասաց Արտակ Բաղդասարյանը։ Երկրորդ սցենարը ներառում է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար իրականացվող և պլանավորվող միջոցառումներ, ինչի արդյունքում մեկ շնչի հաշվով արտանետումների քանակը կնվազի մինչ 3․50 տոննա։ Երրորդ սցենարի դեպքում, իրականացնելով հավակնոտ միջոցառումներ, հնարավոր կլինի արտանետումների քանակը մեկ շնչի հաշվով  նվազեցնել  մինչև 2․07 տոննա։ Այդ միջոցառումները պահանջելու են կառավարությունից և ամբողջ հանրությունից լրացուցիչ ջանքեր թե՛ ֆինանսական ռեսուրսների տեսանկյունից, և թե՛ նպատակային քաղաքականություններ որդեգրելու և իրականացնելու տեսանկյունից»,- նշեց բանախոսը:

Նշենք, որ Հայաստանի ջերմոցային գազերը կազմում են համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումների 0,02%-ը։

ՀՀ ջերմոցային գազերի ազգային կադաստրի 1990-2019թթ․ հաշվետվության համաձայն՝ արտանետումների գերակշիռ մասը՝ 64%-ը, առաջանում է «Էներգետիկա» սեկտորից: Արտանետումների ծավալով հաջորդը «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն եւ այլ հողօգտագործում» սեկտորն է՝18.8%, որին հաջորդում են «Արդյունաբերական պրոցեսներ և արտադրանքի օգտագործում» և «Թափոններ» սեկտորները՝ 11.5% և 5.6%, համապատասխանաբար:

Նոյեմբեր 06, 2023 at 17:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր