Փամբակ, Եղեգիս, Դիլիջան և Թալին համայնքներում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը զգալիորեն կրճատվել է, բերքատվությունը՝ նվազել։ Մեղվաբուծությունը ևս նվազում է՝ պայմանավորված մեղուների անկմամբ։ Այս ամենը հանգեցրել է գյուղացու եկամուտների նվազման։ Խնդիրները ԷկոԼուրի հարցումներին ի պատասխան հայտնել են տեղի բնակիչները։ Նրանք հաստատել են, որ գյուղերում բնական աղբյուրները ցամաքել են, երաշտի, կարկտահարության, ցրտահարության դեպքերը դարձել են հաճախակի և որ կլիմայի փոփոխության այս հետևանքներին դիմակայելու համար առաջնահերթ պետք է լուծել ոռոգման ջրի խնդիրը և արոտավայրերում ստեղծել խմոցներ։
Նշենք, որ Հայաստանը համարվում է կլիմայի փոփոխության նկատմամբ առավել զգայուն երկիր։ ՀՀ տարածքի 100%-ը ենթակա է կարկտահարման, երաշտի և ցրտահարության, 30%-ը՝ սելավների և ջրածածկումների։ ՀՀ հողատարածքների 80%-ից ավելին ենթակա է էրոզիայի, անապատացման, աղակալման/ալկալիացման, գերխոնավեցման, ջրակալման վտանգների ազդեցության:
Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը կնվազի 8-14%-ով, ենթալպյան և ալպյան գոտու արոտավայրերի տարածքները՝ 19-22%-ով, իսկ դրանցից ստացվող բերքի ծավալը՝ 4-10%-ով:
Մյուս կողմից գյուղմթերքի արտադրության ծավալների վրա ազդում է գյուղատնտեսական նշանակության հողերի կորուստը։ Միայն 2011-2021թթ․ ընթացքում շուրջ 80 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողեր փոխադրվել են հողերի այլ կատեգորիայի:
Հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագրով նախատեսված էր մշակել «Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ կատեգորիայի փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի նպատակն էր բարձրացնել հողօգտագործման արդյունավետությունը և բացառել գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն դուրսբերումը։ Սակայն ՀՀ կառավարությունը 2021թ․ հունիսի 17-ին ընդունեց «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» 987 – Ն որոշումն առանց «բացառիկ» բառի։ Ըստ էության, որոշումը թույլատրում է գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նշանակության փոխադրել առանց բացառիկ դեպքերի սահմանման։
Այս խնդիրները լուրջ մարտահրավեր են երկրի պարենային անվտանգության համար։ Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության համաձայն՝ պարենային անապահովությունը Հայաստանում բարձր է․ բնակչության կեսից ավելին պարենային անապահովության վտանգի տակ է։ Պարենի համաշխարհային ծրագրի կողմից կատարված վերջին «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և խոցելիության» գնահատումն արձանագրում է, որ հետազոտված տնային տնտեսությունների 23%-ը պարենային անապահով վիճակում է, իսկ 56%-ը պարենային ապահովվածության սահմանային շեմին է գտնվում։ ՀՀ բնակչության մեծամասնությունը ճգնաժամային կամ շոկային իրավիճակների դեպքում պարենի տեսանկյունից անապահով դառնալու վտանգի տակ է։ Հնարավոր պարենային ճգնաժամերի արագ արձագանքման ենթակառուցվածքներն ու կարողությունները խիստ անբավարար են։
ՀՀ կառավարությունն ընդունել է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային ծրագիրը, Պարենային համակարգի զարգացման ռազմավարությունը, ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և մի շարք այլ որոշումներ և ծրագրեր, որոնց միջոցառումների մի մասը նախատեսում է նվազեցնել ռիսկերը գյուղատնտեսության ոլորտում։
Նոյեմբեր 07, 2023 at 15:55