2012- 2014թթ. Հայաստանի ԲՀՊՏ-ներում ապօրինի ծառահատումների քանակով առանձնացել են «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերը

2012- 2014թթ. Հայաստանի ԲՀՊՏ-ներում ապօրինի ծառահատումների քանակով առանձնացել են «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերը

ԷկոԼուր 

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) անտառներում 2012-2014թթ. ապօրինի ծառահատման դեպքեր գրանցվել են «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերում, «Խոսրովի անտառ» և  «Շիկահող» պետական արգելոցներում: Այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը սույն թվականի հուլիսի 17-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում  տեղի ունեցած «Ինչ ենք կորցնում և ինչ ձեռք կբերենք անտառային սեկտորում կլիմայի փոփոխության տեսանկյունից» թեմայով կլոր սեղանի ընթացքում:

Կլոր սեղանին մասնակցում էին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արմեն Ղուրշուդյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, «Զիկատար» պետական արգելավայրի պետ, ՄԱԶԾ-ի «Հողերի և անտառների կայուն կառավարում Հայաստանի հյուսիս-արեւելյան լեռնային անտառներում» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, Հարավային Կովկասի Անդրսահմանային համատեղ քարտուղարության հայաստանյան մասնաճյուղի ազգային համակարգող Արմեն Գեւորգյանը, WWF-Հայաստանի Անտառային ծրագրերի համակարգող Արթուր Ալավերդյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի  Վարդանյանը, աշխարհագրական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Հովիկ Սայադյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:

«2012 թվականին ապօրինի ծառահատման դեպքերի արդյունքում հատվել է 107 ծառ. 99 ծառ հատվել է «Դիլիջան» ազգային պարկում, 8-ը` «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: 2013 թվականին ապօրինի հատված ծառերի  թիվը կազմել է 160. 149 ծառ` «Դիլիջան» ազգային պարկում, 10 ծառ` «Սևան» ազգային պարկում և 1 ծառ «Շիկահող» պետական արգելոցում, իսկ 2014 թ-ին գրանցվել է 553   ապօրինի ծառահատում, որից միայն 532-ը` «Դիլիջան» ազգային պարկում, 20–ը «Սևան» ազգային պարկում և 1 ծառ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Բավականին լավ է վիճակը «Շիկահող»  և «Խոսրովի անտառ» պետական արգելոցներում.  1  դեպք` 2013 թվականին և 1  դեպք` 2014 թվականին,- ասաց Արամ Աղասյանը և հավելեց,- հիմնականում այս ծառահատումների աճը պայմանավորված է ոչ թե, որ հենց այդ տարի կտրեցին, այլ նշանակում է, որ ուղղակի շատ մանրակրկիտ են կատարել ստուգման աշխատանքները»:

Անդրադառնալով բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհավտանգ իրավիճակին` Արամ Աղասյանն ընդգծեց, որ հատկապես խոցելի են  «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցները: «2 օր առաջ եմ եկել Խոսրովից, այնտեղ ահավոր հրդեհավտանգ իրավիճակ է, խոտածածկը լրիվ չոր է, Ազատ գետը դարձել է սակավաջուր, շատ աղբյուրներ ցամաքել են: Շիկահողում նույնպես, անտառի ներքին գոտում շատ չոր է: Չորային եղանակի հետևանքով աղբյուրները և փոքրիկ գետակները չորացել են, պետք է ուժեղացնել հերթապահությունը և վերահսկողությունը: Սակայն  հրդեհի դեպք 1 անգամ է եղել 3 տարի առաջ Մեղրիում, հիմա չկա, այս տարի չկա»,- ասաց Արամ Աղասյանը:

Կլոր սեղանի մասնակցի հարցին, թե արդյոք բնության հատուկ պահպանվող տարածքներում աշխատում է անտառապատում գաղափարը, Արամ Աղասյանը պատասխանեց. «Ոչ, պետք էլ չէ, որ աշխատի: Դիլիջանում երբ անտառհատում է կատարվում, խնդրեմ, թող վերականգնվի այդ անտառը, բայց եթե Դիլիջանն ունի ոչ անտառածածկ բնական բացատներ, ես այդտեղ դեմ եմ, որ անտառ տնկվի, որովհետև պահպանվող տարածքների գաղափարախոսությունը կենսաբազմազանությունը պահպանելն է, ոչ թե բնական էկոհամակարգերն անտառով ամբողջը ծածկելը: Ընդհանուր կենսաբազմազանության տեսակետից եթե Խորովում, որտեղ հիմնականում նոսրանտառային էկոհամակարգեր են, մենք ունենք 1850 տեսակի բույս, Դիլիջանում մենք ունենք մոտ 1100 տեսակի բույս: Խոսրովում էլ կարող էինք անտառ տնկել, որը «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով չի թույլատրվում, նույն օրենքով ազգային պարկի արգելոցային գոտում նույնպես որևիցե միջոցառում՝ կապված բույսերի կամ կենդանիների թվաքանակի աճի կամ պակասեցման հետ, արգելվում է արգելոցային ռեժիմով:

Տեսեք, «Արփի լիճ» ազգային պարկն ունի Ախուրյանի կիրճում շատ չնչին բնական անտառներ, բայց մնացած տարածքները եղևնիներ, ինչ-որ տնկարկներ են, որ ժամանակին «Հայանտառ»-ի կողմից տնկվել է: Այդտեղ ես դեմ չեմ, խնդրեմ, թող գնան, անտառ տնկեն, բայց այն տարածքները, որոնք կենսաբազմազանության տեսակետից մեծ արժեք են ներկայացնում, այ դա ես դեմ եմ»:

Արամ Աղասյանը նշեց, որ անտառտնկման աշխատանքներ են իրականացվում «Սևան» ազգային պարկի տարածքում և Ծովակ համայնքի վարչական տարածքում: Անտառապատման աշխատանքներ են իրականացվում Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցապատման և բարեկարգման աշխատանքների նպատակով «Դիլիջան» ազգային պարկի տարածքի հետ փոխանակված հողատարածքում, ինչպես նաև կատարվում են բնական վերաճին նպաստող աշխատանքներ:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

11:55 Հուլիս 27, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news