6 երկրների պատվիրակությունները Երեւանում քննարկում են կլիմայի փոփոխության ռիսկերին վերաբերող հարցեր

6 երկրների պատվիրակությունները Երեւանում քննարկում են կլիմայի փոփոխության ռիսկերին վերաբերող հարցեր

ԷկոԼուր

Հունիսի 13-ին Երեւանում մեկնարկեց ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկերի միասնական կառավարման» ծրագրի 1-ին փուլի արդյունքների գլոբալ փոխանակմանը նվիրված

եռօրյա  սեմինար-խորհրդակցությունը:  «Կլիմայական ռիսկերի միասնական կառավարման» ծրագրի 1-ին փուլն իրականացվում է 6 երկրներում`Հայաստանում, Հոնդուրասում, Ինդոնեզիայում, Քենիայում, Նեպալում և Ուգանդայում: Նպատակն է օգնել այդ երկրներին՝ ռիսկերի մասին տեղեկացված զարգացման միջոցով ամրապնդել իրենց տոկունությունը՝ ի դեմս կլիմայի փոփոխականության և կլիմայի փոփոխության հետևանքով սպառնացող բնական վտանգների:

Սեմինարի ընթացքում այս երկրների պատվիրակությունները կկիսվեն իրենց լավագույն փորձով ու արդյունքներով: Կքննարկվեն նաև այդ արդյունքների գործնական կայունության և վերարտադրելիության հարցերը՝ դիմակայելու կլիմայական ու աղետների աճող ռիսկերին:

Սեմինարի ընթացքում ներկայացնելով Հայաստանում կլիմայական պայմանները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանն ասաց, որ, համաձայն Հիդրոմետ ծառայության գնահատականների, Հայաստանում 1929-2015 թթ-ին ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանն աճել է 1.22 աստիճան Ցելսիուսով, որը 0.33 աստիճան Ցելսիուսով բարձր է երկրագնդի միջին ջերմաստիճանի փոփոխությունից, իսկ մթնոլորտային տեղումները նվազել են շուրջ 8 տոկոսով:

«Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (INDC) փաստաթղթով Հայաստանը պարտավորվել է 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում:  ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը թվեց այն սկզբունքները, որոնց պահպանման դեպքում Հայաստանը կկատարի իր ստանձնած պարտավորությունը. «Առաջինը՝ արդարության սկզբունքը, որն ամրագրված է Փարիզյան համաձայնագրում և «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայում: Երկրորդը՝ այդ պարտավորությունները չպետք է խանգարեն Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ավելին, պետք է նպաստեն այդ զարգացմանը: Երրորդ սկզբունքը որոշումների կայացման էկոհամակարգային մոտեցումն է: Չորրորդը՝ մեր երկիրը վերցնում է սահմանափակման պարտավորություններ՝ ակնկալելով միջազգային տեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական աջակցություն»:

«Կլիմայական ռիսկերի միասնական կառավարման» ծրագիրը իրականացվում է  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ): Այն  նախատեսված է 2013-2016թթ. ժամանակահատվածի համար:

15:46 Հունիս 13, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news