Clima East-ի փորձագետ` հուսանք, որ ԱՄՆ-ն չի լքի Փարիզյան համաձայնագիրը

Clima East-ի փորձագետ` հուսանք, որ ԱՄՆ-ն չի լքի Փարիզյան համաձայնագիրը

ԷկոԼուր

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս իր նախընտրական քարոզարշավում էր խոստացել հրաժարվել 2015 թվականին ընդունված Փարիզյան համաձայնագրից, որն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին: Այդուհանդերձ, միջազգային փորձագետների շրջանում դեռ հույսեր ունեն, որ Թրամփը դուրս չի բերի ԱՄՆ-ն այդ համամոլորակային գործընթացից:
«Հուսանք, որ ԱՄՆ-ն չի լքի Փարիզյան համաձայնագիրը, բայց չգիտենք՝ որքանով կմասնակցի գլոբար գործընթացի ֆինանսավորմանը: Ամեն դեպքում` ես չեմ կարծում, որ նրանք դուրս կգան: Եկեք չմոռանանք, որ խոշոր խաղացողները, ովքեր հանդիսանում են G20-ի մասնակիցներ, պատասխանատու են գլոբալ արտանետումների մոտ 80 տոկոսի համար: Չեմ կարծում, որ նրանք ոչ խոհեմ կգտնվեն ու կասեն՝ մեզ չի հետաքրքրում, թե ուրիշները ինչ են անում կամ ինչպես են զարգանում: Չմոռանանք, որ համաձայնագիրը նաև ներառում է 2020 թվականից հետո ընկած ժամանակահատվածը, որը ՄԱԿ-ի կողմից սահմանվել է որպես կայուն նպատակների ժամանակաշրջան և ներառում է բոլոր երկրները», - ԷկոԼուրի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց կլիմայական հարցերով «Clima East» ծրագրի փորձագետ Թոմաշ Խրուշչյովը:
Նա նաև հայտնեց, որ խոշոր խաղացողներից Չինաստանն արդեն վավերացրել է Փարիզյան համաձայնագիրը, իսկ Ռուսաստանը գտնվում է համաձայնագրի վավերացման փուլում:

Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերին Փարիզում աշխարհի առաջնորդներն ընդունեցին նոր համաձայնագիր կլիմայի փոփոխության վերաբերյալ, որով որոշվեց զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում՝ ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանի սահմանը:

Համաձայնագրով ԱՄՆ-ն, լինելով ջերմոցային գազերի արտանետումների ծավալով երկրորդ երկիրը Չինաստանից հետո, պարտավորվել էր մինչև 2025 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները 26-28%-ով 2005թ-ի համեմատ:

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակով արդեն ստեղծված է կանաչ կլիմայական հիմնադրամ, որը 2020 թվականից հետո ամեն տարի պետք է համալրվի 100 միլիարդ դոլարի չափով: Հիմնադրամ գումարներ հիմնականում պետք է ուղղվեն զարգացած երկրների կողմից՝ զարգացող երկրներում կլիմայի փոփոխության մեղղմանն և հարմարվողականությանն ուղղված միջոցառումների իրականացման համար ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

12:51 Փետրվար 01, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news