INDC-ի որոշման նախագիծը անցնում է պետական փորձաքննություն

INDC-ի որոշման նախագիծը անցնում է պետական փորձաքննություն

ԷկոԼուր

«ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները» (INDC) հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ նախարարությունների հետ և ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական փորձաքննության: Այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը հուլիսի 31-ին այս որոշման նախագծի հասարակական լսումների ժամանակ:

«Երկրները պետք է իրենց դիրքորոշումն ու INDC-ի մասին պաշտոնական տեղեկատվությունը ներկայացնեն ոչ ուշ քան 2015թ. հոկտեմբերի  1-ը», -  ասաց  «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը` նշելով, որ նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 16 ապրիլի 2015 թվականի N 397-Ն որոշման:

«Ներկայումս ԿՓՇԿ-ի Կողմ երկրների բանակցությունները կենտրոնացած են կոնվենցիայի նոր արձանագրության մշակման վրա, որի ընդունումը նախատեսված է 2015թ-ին Փարիզում կայանալիք ԿՓՇԿ կողմ երկրների 21-րդ համաժողովին: Երկրները մշակում  են իրենց  INDC-ները,  որպեսզի 2020թ-ից հետո միասնաբար գան ջերմոցային գազերի գումարային արտանետումների այնպիսի քանակական ցուցանիշի, որը կապահովի գլոբալ ջերմաստիճանի բարձրացման սահմանափակումը ոչ ավել քան 2, կամ 1.5 աստիճանով:

Հայաստանի Հանրապետությունը ևս պետք է նախապատրաստի ու ներկայացնի իր դիրքորոշումը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման ռեժիմի,  հարմարվողականության  պլանների,   տեխնոլոգիաների զարգացման, փոխանցման  ու ներդրման, ֆինանսավորման,  կարողությունների ամրապնդման, գործընթացների թափանցիկության վերաբերյալ»,- մասնավորապես ասաց Արամ Գաբրիելյանը:

 Ներկայացնելով որոշման նախագիծը` Արամ Գաբրիելյանը նշեց. «Հայաստանը գտնում է արդարացի «ընդհանուր, սակայն տարբերակված մոտեցումը», նկատի  ունենալով մթնոլորտում  ջերմոցային գազերի ավելացման ու կլիմայի փոփոխության մեջ երկրների պատմականորեն տարբեր աստիճանի  պատասխանատվությունը:

Կլիմայի փոփոխության մեղմման գործողությունները չպետք է հանգեցնեն սոցիալական ու տնտեսական հետընթացի, այլ պետք է նպաստեն Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը, և որ դրանց հիմքում պետք է ընկած լինի էկոհամակարգային մոտեցումը»:

Արամ Գաբրիելյանը ներկայացրեց INDC – ի հիմքում դրված սկզբունքները, ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների սահմանափակման ջանքերում  երկրների միջև այդ գազերի արտանետումների սահմանափակման բեռի բաշխումը`  հաշվի առնելով կլիմայական ռեսուրսներից օգտվելու ներկա ու ապագա սերունդների իրավունքը, կլիմայական համակարգի վրա մարդկանց ներգործության իրավահավասարությունը, մեղմման և հարմարվողակության գործողություններում էկոհամակարգային մոտեցման կիրառումը:

ԿՓՇԿ-ի ազգային համակարգողը թվարկեց մեղմման գործողություններում ընդգրկված ոլորտները` էներգետիկա, տրանսպորտ, քաղաքաշինություն, արդյունաբերական պրոցեսներ, թափոնների կառավարում,  հողօգտագործում  ու անտառային տնտեսություն:

«Հայաստանի Հանրապետությունը գտնում է նախըտրելի կլիմայի փոփոխությանը հարմարվելու էկոհամակարգային մոտեցումը.,- նշեց Արամ Գաբրիելյանը: Ըստ նրա` հարմարվողականություն պահանջող  խոցելի ոլորտներն են` բնական էկոհամակարգերը, մարդու առողջությունը,  ջրային տնտեսությունը,  գյուղատնտեսությունը,  էներգետիկան,  բնակավայրերն ու ենթակառուցվածքները,  զբոսաշրջությունը:

Նա հատուկ ուշադրություն դարձրեց կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության նախագծերի իրականացման երկու բաղադրիչներից կազմված նպատակային ֆինանսական մեխանիզմի ստեղծման վրա: Առաջինը  ներքին (տեղական)` կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային  հիմնադրամի ձևաչափով, իսկ  Երկրորդը` արտաքին (միջազգային) ֆինանսական մեխանիզմներով, որոնց միջոցները տրամադրվելու են հավելյալության սկզբունքով:

Քննարկման մասնակիցները` հասարակական կազմակերպությունները եւ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչները, հավանություն տվեցին նախագծին:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

16:25 Օգոստոս 07, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news