R2E2-ն ստացել է 40 միլիոն դոլլար Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման համար

R2E2-ն ստացել է 40 միլիոն դոլլար Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման համար

 ԷկոԼուր

Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման համար Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (R2E2) Կլիմայի ներդրումային հիմնադրամից ստացել է 40 միլիոն դոլլար դրամաշնորհ: Ինչպես ԷկոԼուրի հետ հարցազրույցում նշեց  R2E2-ի տնօրեն Թամարա Բաբայանը, այդ գումարներն ուղղվելու են Հայաստանում երկրաջերմային էներգիայի, արևային էներգիայի զարգացմանը,  արևային ջրատաքացուցիչների և ջերմային պոմպերի օգտագործմանը:

ԷկոԼուր.

- Ինչպե՞ս եք գնահատում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման տեսանկյունից:

Թամարա Բաբայան.

- Ջրի, քամու, երկրաջերմային և արևի էներգիան համարվում է  վերականգնվող և մաքուր՝ հաշվի առնելով հենց արտանետումների կրճատման հանգամանքը: Հայաստանը բավականին առաջ է թե տարածաշրջանի, թե նախկին Խորհրդային Միության երկրներից, որովհետև մենք շատ շուտ ենք սկսել մտածել վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման մասին: Էներգետիկայի մասին օրենքն է դա սահմանում, որը ընդունվել է 2001 թվականին: 2004 թվականին Հայաստանը ընդունել է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության մասին օրենք, որը Եվրոպայում շատ երկրներ նոր են սկսում մշակել կամ ներկայացնել իրենց պառլամենտների հաստատմանը: Մենք ունենք ազգային ծրագիր, որը 2007 թվականին է ընդունվել, ունենք տարբեր ռազմավարական և օրենսդրական փաստաթղթեր, որոնք փաստում են, որ այս ոլորտը գերակա է: Կան օբյեկտիվ հանգամանքներ, որ Հայաստանում չեն զարգացել արևային, հողմային, երկրաջերմային էներգետիկան: Զարգացել են այնպիսի տեխնոլոգիաները, որոնք ավելի հասանելի են շուկայի առումով, օրինակ, ՀԷԿ-երը:

ԷկոԼուր.

- Հայաստանը ի՞նչ պարտավորություն կարող է վերցնել իր վրա էներգետիկայի ոլորտում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման առումով:

Թամարա Բաբայան.

- Հայաստանը կրճատելու շատ բան չունի: Եթե մեր երկիրը ունենար քարածխի օգտագործման կամ հեղուկ վառելիքից էլեկտրաէներգիա ստանալու մեծ կայաններ, բնականաբար, դրանց արտանետումների կրճատումը կբերեր մեծ քանակի կրճատման: Սակայն Հայաստանի էներգահամակարգը բավականին մաքուր է:

Եթե մենք ռեալ խոսենք` ջերմոցային գազերի կրճատման առումով Հայաստանը արդյոք կարո՞ղ է  ինչ-որ լուրջ պարտավորություններ վերցնել, բնականաբար, ոչ: Մենք ինչ էլ փոխարինենք, կփոխարինենք նույն տեսակի կամ քիչ տարբերվող ռեսուրսով:

Մենք ունենք ավելի մեծ գերխնդիր: Պետք է մեծացնել մեր էներգետիկ անվտանգությունը և էներգետիկ անկախությունը՝ հաշվի առնելով, որ նույնիսկ այդ մեկ երրորդ գազը կամ ուրանը ատոմակայանի համար նույնպես ներկրվող են:

Պետք է աշխատել եղած մաքուրը փոխարինել ավելի կատարյալով, ավելի արդյունավետ օգտագործել սեփական ռեսուրսները: Հիմնականում շենքերի մեծ մասը գտնվում է ոչ լավ վիճակում էներգետիկ օգտագործման առումով: Ունենք մեծ կորուստներ և կարող ենք կրճատել այդ կորուստները էներգաարդյունավետության հաշվին:

Մի դպրոցում փոխելով պատուհանները, ջեռուցում իրականցնելով` առնվազն 50 տոննա մենք տարեկան CO2 գազի արտանետման կրճատում կունենաք:

ԷկոԼուր.

- Հիմնադրամը Կլիմայի ներդրումային հիմնադրամից ստացել է դրամաշնորհ: Ի՞նչ ծրագիր է և երբ այն իրականացվի, որքանո՞վ կնպաստի արտանետումների նվազեցմանը:

 Թամարա Բաբայան.

- Կլիմայի ներդրումային հիմնադրամի վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի շրջանակներում հաստատվել է Հայաստանի ներկայացրած ծրագիրը և հատկացվել է 40 միլիոն դոլլար գումար, որը պետք է ուղղվի վերականգնվող էներգետիկայի ընդլայնմանը: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցով: Ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ:

Առաջինն ուղղված է երկրաջերմային էներգիայի զարգացմանը: Սա Հայաստանում առաջին անգամ է իրականացվում: Մենք պետք է հետազոտական հորատումներ իրականացնենք, որպեսզի հասկանանք` մենք արդյոք ունենք նման ռեսուրս և կարող ենք կառուցել կայան հետագայում նույն տեղում:  Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Սյունիքի մարզում: Այդպիսի էներգիայի օգտագործումը խիստ շահեկան է, որովհետև այն աշխատում է 365 օր, 24 ժամ ռեժիմով:

Երկրորդ բաղադրիչը` արևային էներգիայի զարգացումն է ավելի արդյունաբերական մաշտաբի կայանների կառուցման տեսքով, որը ակնկալում է մինչը 50 մեգավատ կայանների կառուցում:

Երրորդ բաղադիչը արևային ջրատաքացուցիչների և ջերմային պոմպերի օգտագործումն է, որը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցով կարվի: Ցանկացած կրճատված կիլովատ բերում է կրճատված արտանետումների: Հայաստանի համար այդ գործակիցը կազմում է 0.262, եթե մենք գործ ունենք էլեկտրաէներգիայի հետ, 0.203` եթե դա գազի հետ է կապված: Եթե մենք արևային ռեսուրսը զարգացնենք, մինչև 13000-15000 տոննա արտանետումների կրճատում կարող ենք ակնկալել:

ԷկոԼուր.

- Ծրագիրը ռիսկեր կրո՞ւմ է, գնահատվա՞ծ են այդ ռիսկերը:

 Թամարա Բաբայան.

- Այո, իհարկե, ռիսկեր կան: Երկրաջերմային էներգիայի ծրագրի առաջին ռիսկն այն է, որ մենք հորատենք և, միգուցե, ռեսուրսը չլինի բավարար, ջերմաստիճանը չլինի այն ջերմաստիճանի, որը մենք ակնկալում ենք: Կարող է լինել ռեսուրս, բայց այնպիսին, որ նպատակահարմար չլինի կայանի կառուցումը, որովհետև դա շատ թանկ կարող է  արժենալ: Այն ամենը, ինչը վերաբերում է բնապահպանական և սոցիալական ռիսկերին, ևս գնահատվում է: Որևէ աշխատանք չկատարած, իրականացնում ենք այդ աշխատանքները, միջազգային չափանիշներից ելնելով, և գնահատում ենք:

Արևային ծրագրերի դեպքում մենք ունենք շատ հնարավորություն այս ոլորտը զարգացնել և շատ աշխատատեղեր ստեղծել, բայց մյուս կողմից ծրագրի համար ռիսկային է, որ, միգուցե, մենք չունենանք այնքան մասնագետներ, որպեսզի կարողանանք սահմանված ժամկետներում այդ տեղակայումներն ապահովել: 

   

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



12:44 Մայիս 13, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news