ՀՀ բնապահպանության նախարարը կմասնակցի Լեհաստանում Արևելյան գործընկերության երկրների բնապահպանության նախարարների հանդիպմանը

ՀՀ բնապահպանության նախարարը կմասնակցի Լեհաստանում Արևելյան գործընկերության երկրների բնապահպանության նախարարների հանդիպմանը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ապրիլի 27-29-ին կմասնակցի Լեհաստանի Պիլա քաղաքում կայանալիք Արևելյան գործընկերության երկրների բնապահպանության նախարարների հանդիպմանը: Հրավերն անձամբ փոխանցել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի հետ հանդիպման ժամանակ դեսպանը կարևորել է «Փարիզյան համաձայնագիրը որպես աշխարհի կայուն զարգացման հնարավորություն» խորագրով վերոհիշյալ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու շրջակա միջավայրին, կլիմայի փոփոխությանն ու բնապահպանական խնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր:

Սիմոն Պապյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի անունից հավաստել, որ նման կարևոր հանդիպմանը ՀՀ բնապահպանության նախարարը նաև ելույթով հանդես կգա՝ ներկայացնելով Հայաստանի մոտեցումները Փարիզյան համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործընթացում:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները նաև տնտեսական փոխգործակցության տեսանկյունից` հանդիպման ավարտին ևս մեկ անգամ հավաստելով փոխշահավետ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մարտ 15, 2017 at 18:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր