WWF-Հայաստանը 2008-2015թթ ընթացքում տնկել է շուրջ 3.000.000 ծառ

WWF-Հայաստանը  2008-2015թթ ընթացքում տնկել է շուրջ 3.000.000 ծառ

ԷկոԼուր

WWF-Հայաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում անտառապատման  և անտառվերականգնման աշխատանքներ է իրականացրել  850 հեկտար  տարածքի վրա, տնկել է  շուրջ 3 միլիոն ծառ և ստեղծել հարյուրավոր   ժամանակավոր աշխատատեղեր: Այս մասին ասաց WWF-Հայաստանի անտառային ծրագրերի համակարգող Արթուր Ալավերդյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում  տեղի ունեցած «Ինչ ենք կորցնում և ինչ ձեռք կբերենք անտառային սեկտորում կլիմայի փոփոխության տեսանկյունից» թեմայով կլոր սեղանի ընթացքում:  

Վերջին տարիներին առնվազն երեք լայնածավալ ծրագիր է իրականացվել WWF-Հայաստանի կողմից` «Կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումը անտառների լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագիրը, «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգի կայունության բարձրացումը կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագիրը, «Հյուսիսային Հայաստանի անտառային լանդշաֆտի վերականգնում» ծրագիրը:

«Մենք շատ կարևորում ենք համայնքների հետ աշխատանքը և ժամանակավոր  աշխատատեղերի ստեղծումը:  Այս երեք ծրագրերի շրջանակներում, համայնքների կողմից անտառի կողմնարդյունքի օգտագործման նպատակով,  տնկվել են  տասնյակ հազարավոր պտղատու ծառեր: Վերջին օրինակը բերեմ, Թռչկանի ջրվեժի հարակից տարածքների անտառապատման ժամանակ մենք տնկել ենք շուրջ 20.000 վայրի խնձորենի և տանձենի:

Մենք պետք է հասկանանք, թե կլիմայի փոփոխության որ սցենարն է այս պահին դոմինանտ և այդ սցենարին համարժեք ընտրենք  համապատասխան տեսակաշար», - ասաց Արթուր Ալավերդյանը:

Արթուր Ալավերդյանը հատուկ ուշադրություն դարձրեց էկոհամակարգային ծառայությունների մատուցմանը եւ մասնավոր և համայնքային անտառների ստեղծմանը: «Էկոհամակարգային ծառայությունների մատուցումը պետք է լինի անտառապատման, անտառվերականգնման նախագծերի կիզակետում: Եթե մենք չկարողանանք ապահովել այդ կոնցեպցիայի համապատասխան իրագործումը, ապա ոչ մի անտառային նախագիծ իր նպատակին չի հասնի:

Պետք է զարգացնել անտառի սեփականության տարբեր ձևերը: Բացի պետական սեփականությունից մենք պետք է փորձենք զարգացնել նաև համայնքային սեփականության անտառները: Հասկանալով դրա վտանգները՝ բոլոր դեպքերում, այդ գործընթացը պետք է շարունակել: Եթե մենք դա չանենք, մենք կունենանք լուրջ խնդիրներ, քանի որ պետական ֆինանսավորման շրջանակներում մոտակա տասնյակ տարիների ընթացքում հնարավոր չի լինելու անտառային ոլորտը ապահովել բավարար միջոցներով: Միակ ընդունելի տարբերակը մասնավոր և համայնքային անտառների համակարգի զարգացումն է»,- ասաց Արթուր Ալավերդյանը:

Կլոր սեղանին մասնակցում էին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արմեն Ղուրշուդյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, «Զիկատար» պետական արգելավայրի պետ, ՄԱԶԾ-ի «Հողերի և անտառների կայուն կառավարում Հայաստանի հյուսիս-արեւելյան լեռնային անտառներում» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, Հարավային Կովկասի Անդրսահմանային համատեղ քարտուղարության հայաստանյան մասնաճյուղի ազգային համակարգող Արմեն Գեւորգյանը, WWF-Հայաստանի Անտառային ծրագրերի համակարգող Արթուր Ալավերդյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի  Վարդանյանը, աշխարհագրական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Հովիկ Սայադյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

11:29 Օգոստոս 07, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news