Էներգախնայող լամպերի շնորհիվ Երևանը տարեկան 110 000 դոլլար է տնտեսում

Էներգախնայող լամպերի շնորհիվ Երևանը տարեկան 110 000 դոլլար է  տնտեսում

ԷկոԼուր

Շուտով Երևան քաղաքի մանկապարտեզների, պոլիկլինիկաների, դպրոցների, մանկապատանեկան կենտրոնների շենքերը կդառնան էներգախնայող:

Մեկնարկել է ՄԱԶԾ կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը, որի իրականացման համար Կանաչ կլիմայական հիմնադրամը տրամադրել է 20 միլիոն դոլլար դրամաշնորհ: Ծրագրի նպատակն է նպաստել ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը Հայաստանում գոյություն ունեցող շենքերի ֆոնդից:

Ինչպես ԷկոԼուրին հայտնեց ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ներկայումս ընտրվել է 150 շենք, հիմնականում մանկապարտեզներ, պոլիկլինիկաներ, դպրոցներ, մանկապատանեկան կենտրոններ, որոնք կվերանորոգվեն` դառնալով էներգաարդյունավետ և էներգախնայող:


Դիանա Հարությունյան

ՀՀ ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների 24%-ն առաջանում է շենքերում սպառվող էներգիայից, ՀՀ բնակիչների 30%-ը համարվում է «էներգետիկ աղքատ»: Շենքերում ջերմամեկուսացման միջոցով կարելի է ապահովել շուրջ 50% էներգախնայողություն: «Այսօր արդեն քաղաքապետարանի կողմից ընտրված 31 մանկապարտեզներում իրականացրել ենք տեխնիկական հսկողություն, այսինքն` սեյսմիկ առումով ամրացման ինչ կարիքներ ունեն: 28 մանկապարտեզներում էներգետիկ աուդիտ ենք արել, այսինքն ինչքան էլեկտրաէներգիա են ծախսում և ինչքան էներգախնայողության միջոցառումներ է պետք անել: Հիմա հայտարարելու ենք նախագծային աշխատանքների պատվերը»,- ասաց Դիանա Հարությունյանը:

Նա նշեց, որ արդեն վերակառուցվել է թիվ 160 մանկապարտեզը, արդյունքում 40%-ով էներգասպառումը նվազել է:

Թիվ 160 մանկապարտեզ, լուսանկարները տրամադրել է  Դիանա Հարությունյանը

Հիմնովին վերակառուցվել է Էրեբունու թիվ 3 մանկապատանեկան կենտրոնը: Անկնալվող էներգախնայողությունը կկազմի շուրջ 60%, կամ մոտ 750,000 կՎտժ/տարի:

Էրեբունու թիվ 3 մանկապատանեկան կենտրոն, լուսանկարները տրամադրել է Դիանա Հարությունյանը

«Օգնեցինք Երևանի քաղաքապետարանին մշակել «Երևան՝ արևային համայնք» ծրագիրը` Եվրամիությունից ստանալու 1 միլիոն 200 հազար դոլլար դրամաշնորհ: Արդեն ստացել են դրամաշնորհը: Այս տարի մեկնարկելու է Ծրագիրը: Շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին արևային վահանակներ են տեղադրելու, ինչպես նաև տվյալ շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ապահովման նպատակով վերելակները, շքամուտքերը, այդ թվում բակային տարածքները LED լուսատուներով են լուսավորելու»,- ասաց Դիանա Հարությունյանը:
Արդեն իսկ իրականացված էներգախնայողության ծրագրերից Դիանա Հարությունյանն առանձնացրեց «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Գյումրի, Դիլիջան, Սևան, Գավառ, Աբովյան, Երևան, Արարատ, Վայք, Գորիս, Քաջարան, Կապան, Մեղրի քաղաքների փողոցներում տեղադրվել է 2767 էներգախնայող լուսատու: Արդյունքում էլեկտրաէներգիայի տարեկան խնայումը կազմել է 1,882 ՄՎտժ: Ծրագրի միջոցառումները նպաստել են տարեկան 836 տոննա CO2-ի կրճատման:

Դիանա Հարությունյանը նշեց, որ այս ծրագրի փորձի հիման վրա 2015թ-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվեց «Երևանի քաղաքային լուսավորություն» վարկային ծրագիրը,որի շրջանակներում Երևանի 28 փողոցում նախատեսվում էր հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում և կառավարման ավտոմատացված համակարգի ներդրում:
«Այսօր մենակ մեր փոխած լույսերով Երևանում տարեկան 110 000 դոլլարի տնտեսում ենք ապահովում»,- ասաց Դիանա Հարությունյանը:

14:23 Սեպտեմբեր 07, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news