ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն առաջարկվում է բարձրացնել ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի վերաբերյալ ազդակիր համայնքների տեղեկացվածությունը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն առաջարկվում է  բարձրացնել ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի վերաբերյալ ազդակիր համայնքների տեղեկացվածությունը

ԷկոԼուր

Իրավաբան Հեղինե Գրիգորյանը, ով հանդիսանում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի դրամաշնորհառու, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն առաջարկում է ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը դարձնել առավել թափանցիկ և բարձրացնել ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ ազդակիր համայնքների տեղեկացվածությունը: Այդ նպատակով նա ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ուղարկել իր կողմից մշակված «ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԻՄ-երին ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ»-ը:

ՀՀ գործող օրենսդրությամբ ամրագրված չեն ջրօգտագործման թույլտվությունների (ՋԹ) տրամադրման վերաբերյալ հանրությանը պատշաճ ծանուցելու արդյունավետ գործիքներ։

Մասնավորապես՝ քննարկվող ՋԹ-ների վերաբերյալ հանրային ծանուցումն իրականացվում է 1000 և ավելի տպաքանակ ունեցող տպագիր մամուլում և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։ Նշված երկու միջոցներն էլ արդյունավետ չեն: Համայնքների բնակիչները տեղյակ չեն լինում նախատեսվող ջրօգտագործման թույլտվության տրամադրման մասին և հնարավորություն չեն ունենում ներկայացնելու իրենց նկատառումները և պաշտպանելու իրենց շահերը։

ՏԻՄ-երը, որոնք բնակիչների հետ անմիջական հաղորդակցություն ապահովող մարմիններն են, որևէ դերակատարում չունեն բնակիչներին նախատեսվող ջրօգտագործման թույլտվության տրամադրման մասին ծանուցելու գործում։

«ՋԹ տրամադրման գործընթացի վերաբերյալ համայնքների տեղեկացվածության բարձրացմամբ մենք ցանկանում ենք իրական դարձնել մեր բնակիչների՝ ՋԹ-ների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու իրավունքը։ Իրազեկվածությունն անհրաժեշտ նախապայման է արդյունավետ մասնակցության համար, և իրազեկված համայնքը կարող է նաև անհրաժեշտության դեպքում պահանջել անցկացնելու հանրային լսումներ։ Խնդրի արդիականությունն ընդգծվում է նաև հստակ օրինակով, երբ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչները մի գեղեցիկ օր արթնացել և տեսել են, որ տարիներ շարունակ իրենց կենսական ջուր մատակարարող գետի ջուրն ուղղվել է հարևան Զոլաքար համայնք։ Իսկ աստղաձորցիները չեն տեղեկացվել և, հետևաբար, հնարավորություն չեն ունեցել իրենց դիրքորոշումն արտահայտել այս նախաձեռնության մասին մինչև դրա իրականացումը։ Այս օրինակը եզակի չէ», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Հեղինե Գրիգորյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն առաջարկվել է ազդակիր համայնքին ծանուցել նախատեսվող ՋԹ-ի հայտի մասին։Ազդակիր համայնք պետք է համարվի ոչ միայն այն համայնքը, որի տարածքում փաստացի իրականացվելու է ջրօգտագործումը, այլ նաև այն համայնքները, որոնք գտնվում են ջրօգտագործման կետից գետի հոսանքն ի վար՝ մինչև վերջին համայնքը, իսկ ստորերկրյա ջրերի օգտագործման դեպքում՝ ստորերկրյա ջրային ավազանից օգտվող բոլոր համայնքները։

Առաջարկվում է ազդակիր համայնքներին տրամադրել ՋԹ հայտի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

1. ջրօգտագործողի անվանումը (անունը, ազգանունը), հասցեն,
2. ջրօգտագործման վայրը,
3. ջրառի վայրը,
4. ջրաղբյուրի կոորդինատները,
5. ջրօգտագործման նպատակը,
6. ջրօգտագործման ծավալը, այդ թվում՝ մակերևութային ջրային ռեսուրսների և ստորերկրյա ջրային ռեսուրսների,
7. ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը,
8. որքան ջուր է մնալու ջրային օբյեկտում ջրօգտագործումից հետո,
9. էկոլոգիական հոսքը մակերևութային ջրային ռեսուրսների դեպքում,
10. ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրհավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները,
11. արտահոսքի նկարագրությունը,
12. առկա՞ են, արդյոք, ջրերի ստանդարտները և (կամ) դրանց վերաբերյալ հրապարակումների տեղեկություններ,
13. խորքային հորի հորատմանը ներկայացվող պահանջներ, եթե ջրօգտագործման թույլտվության հայտը նոր հորի հորատման համար է,
14. տվյալ ջրային օբյեկտից բոլոր առկա ջրօգտագործումները,
15. մոնիթորինգային տվյալներ ջրի քանակի վերաբերյալ՝ նշելով վերջին մոնիթորինգի ամսաթիվը,
16. ազդակիր համայնքը (համայնքները),
17. ջրաղբյուրի սեփականության ձևը։

Շրջակա միջավայրի նախարարությանն ուղարկված «ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԻՄ-ԵՐԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ»-ը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրային ռեսուրսներիմասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի «Ջրօգտագործման թույլտվությունների հայտերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ընդլայնում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

«Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները»։

 

15:21 Օգոստոս 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news