ՀՀ ոստիկանությունը մերժել է Աստղաձորի ջրի խնդրի վերաբերյալ քրեական գործ հարուցել, իսկ աստղաձորցիները դիմել են դատախազություն այս որոշումը վերացնելու պահանջով

ՀՀ  ոստիկանությունը մերժել է Աստղաձորի ջրի խնդրի վերաբերյալ քրեական գործ հարուցել, իսկ աստղաձորցիները դիմել են դատախազություն այս որոշումը վերացնելու պահանջով

ԷկոԼուր

ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժինը մերժել է Բնապահպանական հանրային դատարանի դիմումի հիման վրա քրեական գործ հարուցել Աստղաձորի ջրի խնդրի վերաբերյալ: Դիմումը հիմնված է Բնապահպանական հանրային դատարանի վճռի վրա, որով Աստղաձոր գետի էկոհամակարգի վնասումը և ազդեցությունը Սևանա լճի վրա և դրա հետևանքով ստեղծված ծանր սոցիալական վիճակը ճանաչվել է էկոլոգիական հանցագործություն: Վճիռն ուղարկվել էր ՀՀ կառավարություն և ՀՀ դատախազություն, որն իր հերթին դիմումն ուղարկել է ոստիկանության Մարտունու բաժին: «Ոստիկանությունը հաշվի չի առել, չի ուսումանասիրել վճռում ներկայացված բազմաթիվ խախտումները, ապացույցները։ Ոստիկանությունը պարտավոր էր վճռի ամեն մի խախտումի վերաբերյալ իր եզրակացությունը տալ»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Բնապահպանական հանրային դատարան դիմում ներկայացրած Աստղաձորի բնակիչ Վարդան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Աստղաձոր համայնքի բնակիչները դիմել են Բնապահպանական հանրային դատարան` իրենց ջրի խախտված իրավունքի վերականգնման համար: Խնդիրն առաջացավ 2016թ-ին, երբ ՀՀ բնապահպանության նախարարությունը «Գռան» և «Մեծ ձորի թմբան տակ» կոչվող չորս բնական աղբյուրներից 23/1 լ/վրկ չափաքանակով ջրառի թույլտվություն էր տրամադրել Զոլաքար համայնքին, ինչի արդյունքում Սևանա լիճ թափվող Աստղաձոր գետի ջուրը ցամաքում է ամռան ամիսներին, և Աստղաձոր գյուղը մնում է առանց ջրի: Դատարանը բնակիչների բողոքը համարեց հիմնավոր, ուսումնասիրելով պաշտոնական փաստաթղթերը և բերված ապացույցները, պաշտոնական պատասխանները և դիրքորոշումները, և տվեց իրավական գնահատական (տես Բնապահպանական հանրային դատարանի հրապարակված վճիռը

ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետ Ս. Հակոբյանի՝ 2020 թ. հունիսի 15-ի N 014274 գրության մեջ նշված է.

«…Այսպիսով, նախապատրաստվող նյութերի ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք կվկայեն, որ «Մեծ ձորի թմբան տակ» և «Գռան աղբյուր» կոչվող տարածքների բնական աղբյուրների ջրերն անօրինական ճանապարհով են տեղափոխվել Զոլաքար համայնք, ինչպես նաև Զոլաքար համայնքի համար ջրագծի կառուցումը կատարվել է օրենքի խախտմամբ կամ «կոռուպցիոն» սխեմաներով, բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանագամանք է սահմանում, եթե անձի նկատմամբ կա հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում, տվյալ դեպքում նույն փաստական հանգամանքների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել ոստիկանության Մարտունու բաժնում և 09.06.2019 թ. նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, որը ՀՀ քրեական դատավարությամբ սահմանված կարգով բողոքարկվել է Գեղարքունիքի մարզի դատախազին, և 05.07.2019 թ. մարզի դատախազի կողմից կայացվել է որոշում՝ հետաքննության մարմնի կողմից կայացված որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին:

Ինչ վերաբերում է Վարդան Գրիգորյանի և Աստղաձոր համայնքի այլ բնակիչների կողմից հայտնած կոռուպցիոն և ապօրինի սխեմաներին, ապա դրանք կրել են վերացական բնույթ, վերջիններիս կողմից նշված «կոռուպցիոն» և «ապօրինի» սխեմաները հիմնավորող որևէ հանգամանք չի ներկայացվել, իսկ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում դրանցում կատարված կոռուպցիոն կամ ապօրինի գործարքների մասին վկայող հանագամանքներ չեն հայտնաբերվել: Բացի այդ, պարզվել է, որ Զոլաքար համայնքը ի դեմս ղեկավար՝ Ա. Ղազարյանի իրացրել է համայնքի կողմից ջրօգտագործման իրավունքի ձեռքբերումը, ինչպիսի իրավունքների իրացման հնարավորություն ունի նաև Աստղաձոր համայնքը , սակայն նշված համայնքը սահմանված ընթացակարգով դեռևս չի դիմել այդ իրավունքն իրացնելու համար: 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հովդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 54-րդ, 181-րդ, 183-րդ և 185-րդ հոդվածներով. 

Որոշեցի 

1. Նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել՝ նույն փաստական հանգամանքների վերաբերյալ հետաքննության մարմնի կողմից կայացված և չվերացված որոշման առկայության հիմքով:

2. Որոշման օրինակն ուղարկել կողմերին՝ պարզաբանելով որոշման բողոքարկման կարգը:

3. Որոշման օրինակը նյութերի հետ միասին ուղարկել Գեղարքունիքի մարզի դատախազին՝ մերժման օրինականությունը ստուգելու համար»:

Ոստիկանության քննիչը խորհուրդ է տվել Վարդան Գրիգորյանին դիմել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ Աստղաձոր համայնքի համար ՋԹ ստանալու համար։ «ՋԹ տալու համար ջուր պետք է լինի: Ես հարցրի՝ այդ դեպքում մեզ որտեղի՞ց են ջուր տալու, եթե «Մեծ ձորի թմբան տակին» աղբյուրների ամբողջ ջրաքանակը վերցրել են: ՋԹ-ն կլինի ընդամենը փաստաթուղթ: Աստղաձոր գետի ակունքներւմ «Մեծ ձորի թմբան տակի» աղբյուրներն են, որոնց գումարային ջրաքանակը կազմում է 16,8 լ/վրկ: Զոլաքարի տարածքում կա «Գռան աղբյուրը», որի ջրաքանակը կազմում է 24,5 լ/վրկ։ Զոլաքարին տրվել է 23,1 լ/վրկ ջրաքնակի թույլտվություն: Վերցրել են «Մեծ ձորի թմբան տակի» բոլոր աղբյուրները, իսկ մնացածն 7 լ-ն էլ՝ «Գռան աղբյուրից»։ Իրենք չնչին ծախսերով կարող էին «Գռան աղբյուրի» ամբողջ ջրաքանակը վերցնել ու տալ բնակչությանը, բայց իրենք միայն 7 լ են վերցրել։ Մնացածի համար գնացել են 17 կմ հեռու, մոտ 150 միլիոն դրամի ծախս են կատարել, հեռվից են բերել: Այդ կերպ վնաս են պատճառել ոչ միայն ազգաբնակչությանը, այլև՝ էկոհամակարգին․ գետի ամբողջ տարածքը չորանում է: Զոլաքար համայնքը եթե ցանկություն ունենար իր ջրաքանակը օգտագործելու, ինչի՞ էր գնում, 17 կմ հեռվից ջուր բերում»,- նշեց Վարդան Գրիգորյանը։

85 միլիոն դրամի առեղծվածը

Վարդան Գրիգորյանը նոր բացահայտում է արել, որը բազաթիվ հարցեր է առաջացնում։ ՀՀ կառավարության 2017 թ․ հոկտեմբերի 12-ի N 1306-Ա որոշման համաձայն՝ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Զոլաքար համայնքին էր նվիրաբերվել 1 միլիարդ 215 միլիոն 37 հազար դրամ արժողությամբ վերակառուցված ջրամատակարարման համակարգը։ Մինչդեռ ըստ 2016 թ․ Զոլաքար համայնքի հետ ստորագրված համաֆինանսավորման համաձայնագրի՝ ծրագրի գումարը այլ թիվ է կազմում։ 

«Համաձայնագրում նշված է, որ համայնքը պարտավորվում է ապահովել այդ աշխատանքների ֆինանսավորման իր մասնաբաժինը՝ առնվազն 5 %-ի չափով և ներդնում է անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ 56 միլիոն 499 հազար 975 դրամ գումարի չափով համայնքի ջրամատակարարման համակարգի կառուցման, վերակառուցման համար: Եթե ընդհանուր գումարի 5%-ը կազմում է 56 միլիոն դրամ, ապա վարկային ծրագրով տրված ընդհանուր գումարը պետք է կազմի 1 միլիարդ 129 միլիոն 999 հազար 500 դրամ։ Այդ գումարի ու կառավարության կողմից հաստատված գումարի միջև 85 միլիոն 38 հազար 77 դրամի տարբերություն կա: Ո՞ւր է այդ գումարը։ Սա խախտում չէ՞։ Սա փաստ չէ՞։ Սա արդեն պետք է հիմք հանդիսանար, որ այս փաստի հետ կապված պետք է քրեական գործ հարուցվեր: Այդ ի՞նչ գումար է, այդ տարբերությունը որտեղի՞ց է առաջացել»,- ասաց Վարդան Գրիգորյանը: 

Նշենք, որ վարկային ծրագրի նախատեսված բյուջեի ցանկացած շեղում պետք է ունենա պաշտոնական հաստատում, ինչը վարկային ծրագրի փաստաթղթերում բացակայում է:

Ոստիկանության մերժման կապակցությամբ հունիսի 26-ին Աստղաձորի բնակիչները բողոք են ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազություն, որպեսզի, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքի 185-րդ հոդվածի պահանջները, վերացվի ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննության խմբի ավագ տեսուչ՝ Վ. Մնացականյանի 15.06.2020թ. քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը:

16:26 Հունիս 29, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news