«Թեղուտ» ՓԲԸ-ի և ՎՏԲ բանկի` «գույք-պարտքի դիմաց» գործընթացներում ո՞վ կստանձնի ընկերության պարտավորությունների կատարումը. հարցում «Վալլեքս»-ին

«Թեղուտ» ՓԲԸ-ի և ՎՏԲ բանկի` «գույք-պարտքի դիմաց» գործընթացներում ո՞վ կստանձնի ընկերության պարտավորությունների կատարումը. հարցում «Վալլեքս»-ին

ԷկոԼուր

2018թ-ի օգոստոսի 14-ին Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանի միջև կնքվել է Համագործակցության և գործընկերության N 180814 պայմանագիրը: Այս մասին ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին «Վալլեքս» խմբի ընկերություններից` տրամադրելով պայմանագրի հղումը vallexgroup.am կայքում: Պայմանագրի ստորագրումից մեկ ամիս անց հայտնի դարձավ, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն վարկի դիմաց իր գույքը փոխանցում է ՎՏԲ բանկին: Հարց է առաջանում, թե ով է ստանձնելու ընկերության բնապահպանական, սոցիալական և առողջապահական պարտավորությունների կատարումը: Այս կապակցությամբ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին, որում նշված է.
«Հարգելի պարոն Վալերի Մեջլումյան,
շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքի` ի դեմս համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի` ի դեմս գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանի միջև 2018թ-ի օգոստոսի 14-ին կնքված Համագործակցության և գործընկերության N 180814 պայմանագրին ծանոթանալուն մեզ ընձեռած հնարավորության համար: Սույն պայմանագրով վավերացված ընկերության պարտավորություններն ուղղված են հարակից համայնքների բնապահպանական, բնակիչների առողջության և անվտանգության հետ կապված խնդիրների լուծմանը, մինչև արտադրական (հանքաքարի արդյունահանման և խտանյութի արտադրության) գործընթացների վերսկսումը օրենսդրության պահանջներին համապատասխան պոչամբարի ստատիկ և սեյսմիկ կայունության, տեխնիկական և գոտիական նորմատիվների ապահովմանը, ինչպես նաև պոչամբարի պատվարի վերականգնման աշխատանքների պարտադիր իրականացմանը` ՀՀ և միջազգային օրենսդրության պահանջներին նրա կայունության պարամետրերի համապատասխանեցման ճանապարհով:
Պայմանագրի համաձայն նաև տրվում են երաշխիքներ Թեղուտի հանքահարստացուցիչ համալիրի վերագործարկման պարագայում համալիրի աշխատանքներում առաջին հերթին Թեղուտ, Շնող և Քարկոփ բնակավայրերի բնակիչներին ներգրավման, ընկերության աշխատակիցների և խոշորացված Շնող համայնքի բնակիչների համար սոցիալական, բնապահպանական ենթածրագրերի կազմման և դրանց իրականացման, այդ ենթածրագրերի իրականացման արդյունքում ստացված եկամուտներից համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերին ֆինանսական օժանդակության ցուցաբերմանը:
Պայմանագրի ստորագրմանը, սակայն հաջորդել են ընկերության և ռուսական ՎՏԲ բանկի միջև հայտնի «գույք-պարտքի դիմաց» գործընթացները և ստեղծված նոր իրավիճակում «Թեղուտ» ՓԲԸ-ի` Պայմանագրով ստանձած պարտավորությունների կատարման հավանականությունն, ըստ մեզ, փոքրանում է:
Ելնելով վերոգրյալից, ակնկալում ենք ստանալու մեզ հետաքրքրող հետևյալ հարցերի պատասխանները.
1.Սկսված գործընթացների օրակարգում ներառվե՞լ է ՀՀ Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքի և «Թեղուտ» ՓԲԸ-ի միջև 2018թ-ի օգոստոսի 14-ին կնքված Համագործակցության և գործընկերության N 180814 պայմանագրի վավերականությունը ճանաչելու հարցը,
2.ՎՏԲ բանկի հետ քննարկման առարկա՞ են ընկերության հնգամյա գործունեության հետևանքով շրջակա միջավայրին պատճառված բնապահպանական վնասների, այդ վնասների վերականգնման ու նմանատիպ ռիսկերի հետագա կանխարգելման, ինչպես նաև ազդակիր համայնքների ազգաբնակչության սոցիալական և առողջապահական վիճակների գնահատման հարցերը, և ում է փոխանցվելու վերոհիշյալ պարտավորությունների կատարումը»:

Համագործակցության և գործընկերության N 180814 պայմանագիր

15:57 Հոկտեմբեր 04, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news