Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների բաց նամակը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների բաց նամակը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԷկոԼուր

Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը հոկտեմբերի 16-ին տարածել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների բաց նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Բաց նամակում նշված է.

«Այսօր կամ վաղը մեր գործարանը կանգնած է փակման եզրին, որը միակ աշխատատեղն է մեր քաղաքում ու հարակից բնակավայրերում։ Մենք չենք ուզում, որ այս անորոշ կարգավիճակից մոտ 630 ընտանիք մնա առանց օրվա հացի։

Հարգելի պարոն Փաշինյան, մեր կոլեկտիվի և Ալավերդի քաղաքի հույսը մեր նորընտիր կառավարությունն է։ «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվն այսօր գտնվում է անորոշության մեջ, չգիտենք մեր հետագա ճակատագիրը։ Ընկերության աշխատանքով ապահովվում է Ալավերդի քաղաքի բնականոն կյանքը։ Գործարանի փակվելը նշանակում է Ալավերդու և հարակից շրջանների բնակչության արտագաղթ։

Ընկերության աշխատակիցների մեծ մասը գտնվում է վարկային պարտավորությունների տակ։

Այսօր արդեն տնօրինության կողմից հրահանգավորվել է դադարեցնել արտացոլիչ վառարանի աշխատանքը։ Տեխնոլոգիական առումով վառարանի սառեցումը կառաջացնի վառարանի և ծխատարի ամբողջական համակարգի վթարային իրավիճակ։

Պարոն վարչապետ, «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվը խնդրում է միջոցներ ձեռնարկել լուծելու վերոշարադրյալ խնդիրը։ Այլապես Ալավերդի քաղաքի բնակչությունը ստիպված կլինի անցնել կտրուկ ու անկանխատեսելի գործողողությունների, որոնք կարող են դիտվել միտումնավոր քայլեր ուղղված մեր կառավարության դեմ»։

Հիշեցնենք, որ 2018թ-ի սեպտեմբերին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տուգանեց «Էյ Սի Փի» ընկերությանը 380 միլիոն դրամի չափով՝ մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասի համար:

Հոկտեմբերի 11-ին ընկերությունը 3 պահանջ ներկայացրեց ՀՀ կառավարությանը` նշելով, որ պահանջների չկատարման դեպքում մի քանի օրից կդադարեցնի պղնձաձուլարանի աշխատանքը և ավելի քան 500 աշխատողներ գործազուրկ կդառնան:

Պահանջներն են`
• թույլ տալ մինչև 6 անգամ գերազանցել արտանետումների՝ դեռևս 2005 թվականին կառավարության որոշմամբ սահմանված նորմերն ու դրա դիմաց տուգանքներ չկիրառել

• ՎՏԲ-ի հետ կնքված վարկային պայմանագրի երրորդ կողմ հանդիսացող կառավարությունը արգելափակի բանկի ոտնձգությունները «Արմենիան Փափըր Փրոգրամ» ընկերության և «Վալլեքս» խմբի այլ ձեռնարկությունների առգրավման ուղղությամբ

• օրենսդրական նախաձեռնությամբ աջակցել նոր պղնձաձուլարանի կառուցման հայ-չինական ներդրումային ծրագրին:

14:52 Հոկտեմբեր 18, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news