Բնապահպանության նախարարությունը ՋԹ-ն տրամադրում է առանց ջրային աղբյուրների սեզոնային հոսքերի տվյալների

Բնապահպանության նախարարությունը ՋԹ-ն տրամադրում է առանց ջրային աղբյուրների սեզոնային հոսքերի տվյալների

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը նախնական դրական է գնահատել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի՝ 12.5 հեկտար հողատարածքի ոռոգման նպատակով «Սալով», «Մանուշակ» և «Աղբյուրի առու» ջրաղբյուրներից 13.5 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Այս մասին ԷկոԼուրին ասաց Ջրօգտագործման թույլտվությունների բաժին պետ Սևակ Մաթիլյանը՝ փետրվարի 18-ին նախագծի քննարկման ժամանակ: Նախագծի հեղինակը Աստղաձորի համայնքապետարանն է:

Ուշագրավ է, որ Սևակ Մաթիլյանն արգելեց ձայնագրել իրեն: Ավելին, նա թույլ չտվեց ԷկոԼուրի լրագրողին` քննարկման միակ մասնակցին, ծանոթանալ նախագծի հետ: Մաթիլյանը նշեց, որ պետք էր մեկ օր առաջ գալ և ծանոթանալ նախագծին, իսկ քննարկման օրը ներկայացնել առաջարկություններն ու դիտողությունները:

ԷկոԼուրի հարցին՝ կա՞ն տվյալներ նշված աղբյուրների սեզոնային ջրային հոսքերի վերաբերյալ, Մանթիլյանը պատասխանեց բացասական: Նա նշեց, որ նախնական դրական գնահատականը տրվել է «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա: Սևակ Մաթիլյանի խոսքով՝«Աղբյուրի առու» ջրաղբյուրն ունի 10 լ/վ և ավելի ջրհոսք, իսկ «Սալով», «Մանուշակ» ջրաղբյուրները միասին՝ 8.05 լ/վ ջրհոսք:

Ջրային աղբյուրների սեզոնային հոսքերի վերաբերյալ տվյալներ Մաթիլյանը չտրամադրեց: Ասաց՝ այդ տվյալները իր մոտ չկան, նախագծում՝ ևս, դրանք պարզապես չեն պահանջվում: Ջրաղբյուրներից արդեն իսկ տրամադրված ջրառի մասին տեղեկատվություն ևս չկար:

Նշենք, որ Աստղաձոր համայնքի բնակիչ Արամայիս Ասատրյանը ԷկոԼուրին ահազանգել էր, որ նշված ջրաղբյուրներից արդեն իսկ կան թույլատրված ջրառներ, ինչի հետևանքով դրանք ամռանը և աշնան սկզբին չորանում են:

18:59 Փետրվար 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news