Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներն ու բնապահպանները դեմ արտահայտվեցին Աջափնյակում նոր հանքավայրի շահագործման ծրագրին

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներն ու բնապահպանները դեմ արտահայտվեցին Աջափնյակում նոր հանքավայրի շահագործման ծրագրին

ԷկոԼուր

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներն ու բնապահպանները դեմ արտահայտվեցին վարչական շրջանի սահմաններում գտնվող նոր հանքավայրի շահագործման ծրագրին: Ս. թ. հունվարի 22-ին Աջափնյակի թաղապետարանում տեղի ունեցան «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրի շահագործման՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային առաջին քննարկումները:

Հանքավայրը բնակելի շենքերից գտնվում է 350 մ հեռավորության վրա՝ 3-րդ և 4-րդ գյուղերի միջնամասում: «Հանքավայրը 320 հա մակերես է զբաղեցնում, պաշարները կազմում են 11 միլիոն խմ: Մեր ընկերությունը հայցում է 8,8 հա-ի վրա գտնվող օգտակար հանածոյի պաշարները, որոնք մոտավորապես 2 միլիոն խմ-ի կարգի են: Հիմնականում տուֆեր են՝ 1,3 միլիոն խմ, իսկ բազալտը՝ 700 հազար խմ է: Հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով: …Պայթեցման աշխատանքներ չեն կատարվելու, որովհետև այդ ժամանակ ապարի վրա ճաքեր են առաջանալու, և կդառնան անպիտան: Որպեսզի քարերը սալիկ դառնան, անգարների մեջ սղոցներ են աշխատելու, իսկ մանրախիճի համար օգտագործվող թափոնների համար՝ ջարդիչ սարքեր»,- ասաց ընկերության ներկայացուցիչ, երկրաբան Շահեն Խաչատրյանը:

Քննարկման մասնակիցները հայտնեցին, որ Երևանում նոր հանքավայրի շահագործման փաստը մտահոգիչ է, քանի որ քաղաքում հանքավայրերի գործունեության հետևանքով առաջացած փոշու ծավալները շատ մեծ են:

Ի պատասխան ընկերության երկրաբանը նշեց. «Ես չեմ հերքում, որ փոշի կամ գազերի արտանետումներ չի լինելու: Բնականաբար, տեխնիկաների աշխատանքի ընթացքում այդ ամենը լինելու է: Բայց քաղաքակիրթ ճանապարհով այդ խնդիրները հնարավոր են լուծել: Քարերը ջրով են սղոցվելու ծածկված անգարի մեջ, այնտեղ փոշի չի լինելու, փոշի լինելու է միայն ջարդիչ սարքերի աշխատանքի ընթացքում: Իսկ թե ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացնել փոշին չեզոքացնելու համար, արդեն նախագծային փուլում 3 տարբերակներ կան, նախնական գնահատման հայտում այդ տարբերակները գնահատվելու են: Նախագծային փուլում կընտրվի դրանցից ամենից օպտիմալ տարբերակը»:

Ջրով փոշու չեզոքացման տարբերակն, ըստ ներկաների, լավագույն տարբերակ չի կարող լինել՝ հաշվի առնելով այսօր արդեն կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրի սակավությունը: Մի բնակիչ էլ նկատեց, որ հնարավոր է, որ բացի ջրի տնտեսումից նաև ֆինանսական ծախսեր կատարելուց խուսափելու նպատակով ջրով չեզոքացումը պատշաճ կերպով չիրականացվի:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն ասաց, որ հանքավայրի հարևանությամբ ջրի աղբյուրներ չկան, և անհրաժեշտություն կլինի ջրագիծ կառուցել: ««Վեոլիա Ջուրը» դժվար թե համաձայնվի ձեզ խմելու ջուր տալ՝ տարածքը ջրելու համար: Ոռոգման ջրի մոտակա կետը ուղիղ գծով մոտ 10 կմ հեռավորության վրա է, մեկ այլ կետ կա, որը 15 կմ հեռավորություն վրա է»,- ասաց նա:

Ներկաները հետաքրքրվեցին նաև աղմուկի չեզոքացման մեխանիզմներից: «Աղմուկի համար տեխնիկաների վրա տեղադրվող համապատասխան խլացուցիչներ կան, որոնք հաջողությամբ կիրառում են և դուք այն չեք լսում»,- պատասխանեց Շահեն Խաչատրյանը:

Քննարկմանը ներկա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմյանն ընկերության ներկայացուցչին առաջարկեց ավելի կայուն բիզնես-ծրագրեր դիտարկել ու իրականացնել: «Այսօր Երևանն ունի օդի աղտոտվածության բարձր մակարդակ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներից: Բայց պարզ է, թե փոշին հիմնական ինչ աղբյուրներից է գալիս: Որպես բնակիչ և որպես Երևանի ավագանու անդամ, փոխանցելով իմ որոշ գործընկերների կարծիքը, կարծում եմ, որ չպիտի համաձայնություն տալ ևս մեկ հանքի բացմանը: Ես պատրաստակամ եմ մեր ավագանու գոծընկերների հետ լրացուցիչ քննարկում իրականացնել, որից հետո ներկայացնել մեր կարծիքը այս հանրային լսումների և հանքի առաջարկի վերաբերյալ»,- ասաց նա:

Լսումների ընթացքում ներկայացված դիտարկումների, դիրքորոշումների քննարկման արդյունքում Երևանի քաղաքապետարանն աշխատանքային 5 օրվա ընթացքում ընկերությանը կներկայացնի նոր հանքավայրի շահագործման վերաբերյալ իր որոշումը:



19:18 Հունվար 22, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news