Երևանի քաղաքապետարանի արձագանքը՝ ի պատասխան քաղհասարակության կոչին դադարեցնելու կառուցապատումը Դալմայի այգիներում

Երևանի քաղաքապետարանի արձագանքը՝ ի պատասխան քաղհասարակության կոչին դադարեցնելու կառուցապատումը Դալմայի այգիներում

ԷկոԼուր

Երևանի քաղաքապետարանը պատասխանել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նամակին՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և պահանջով անհապաղ կասեցնել Դալմայի այգիներում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող կառուցապատումը:

Ըստ քաղաքապետարանի՝ կառուցապատման փաստաթղթերում հուշարձաններ և դրանց պահպանության գոտիներ առկա չեն եղել, իսկ հայտնաբերված վաղ շրջանի շինությունների ուսումնասիրման և պատմական արժեքների գնահատման գործառույթը Երևան համայնքի լիազորություններից դուրս է:

Երևանի քաղաքապետարանի Աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժ/պ Ա. Սեդոյանի ս.թ. փետրվարի 13-ի պատասխան գրության մեջ նշված է.

«Ի պատասխան ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին հասցեագրված Ձեր գրությունների՝ Մոնթե Մելքոնյան փողոց հ. 31 հասցեում «Պարկ Գրուպ» ՍՊ ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքները դադարեցնելու, հայտնում ենք հետևյալը.

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Մոնթե Մելքոնյան փողոց հ. 31 հասցեում կառուցապատվող «Պարկ Գրուպ» ՍՊ ընկերությանը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրված 27.66 հա հողամասում՝ մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոնի կառուցման համար դեռևս 26.10.2018 թ. Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է հ.01/18-07/2-56264-717 նախագծման թույլտվությունը, որի համար հիմք են հանդիսացել՝ ՀՀ կառավարության 11.01.2018 թ. հ.5-Ա որոշումը, Երևանի քաղաքապետի 13.08.2018 թ. հ.2823-Ա որոշումը, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի նիստի հ.4 արձանագրությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.081020118-01-0171 և Մոնթե Մելքոնյան փողոց հ.31/1-ից մինչև հ.31/54 հասցեների թվով 54 վկայականները:

Այնուհետև՝ 24.12.2018 թ. «ԷՔՍՊԵՐՏ ՄԵԿ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում գործող շինարարական նորմերի համապատասխանությանը հավաստող փորձաքննության և 09.01.2019 թ. հ.ԲՓ-01. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունների հիման վրա՝ 19.04.2019 թ. Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցվել են հ.01/18-05/2-24278-295 և 25.02.2019 թ. հ.01/18-05/2-10293-97 նախագծերը և կառուցապատողին համապատասխանաբար՝ մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոնի ստեղծման (1-ին փուլի համար առանձնացված տարածքում) ավտոկայանատեղիների, ճանապարհների, անցուղիների բարեկարգման և կանաչապատման իրականացման նպատակով տրամադրվել է հ.01/18-10293-156 շինարարության թույլտվությունները (13 ամիս ժամկետով):

Մոնթե Մելքոնյան փողոց հ.31/1-ից մինչև 31/54 հասցեների թվով 54 վկայականների, և առկա տարածական պլանավորման փաստաթղթերի (գլխավոր հատակագիծ և գոտիավորման նախագիծ) նշված տարածքում հուշարձաններ և դրանց պահպանության գոտիներ առկա չեն եղել:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ քննարկվող տարածքում հայտնաբերված վաղ շրջանի շինությունների ուսումնասիրման և պատմական արժեքների գնահատման գործառույթը Երևան համայնքի լիազորություններից դուրս է, ուստի առաջարկվում է խնդրի կարգավորման և դրանից բխող հնարավոր սահմանափակումների վերաբերյալ համապատասխան պարզաբանում ստանալ ոլորտի լիազոր մարմնի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից»:

 

17:23 Փետրվար 20, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news