Կարճևան գետի աղտոտման պատճառը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» հարթակի լվացումն է եղել

Կարճևան գետի աղտոտման պատճառը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» հարթակի լվացումն է եղել

ԷկոԼուր 

Կարճևան գետն աղտոտվել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարթակի լվացման հետևանքով գոյացած պղտոր ջրերով:

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ տեղի բնակիչներից մեկն ահազանգում էր Կարճևան գետի աղտոտման վերաբերյալ՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակելով լուսանկարներ և տեսանյութ, ինչին իր հրապարակման մեջ անդրադարձել է ԷկոԼուրը:

ԷկոԼուրի հետ զրույցում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Ընդերքի վերահսկողության վարչության պետ Արա Բարսեղյանը հայտնեց, որ հուլիսի 12-ից սկսած «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» դադարեցրել է իր գործունեությունը՝ ֆաբրիկայի հարթակի մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի մասնագետների կողմից իրականացված վարչարարության արդյունքում արձանագրվել է, որ ընկերությունը Կարճևան գետ է բաց թողել հարթակի մաքրումից գոյացած ջուրը: «Ընկերության կողմից ներկայացված բացատրագրերի համաձայն՝ իրենք իրականացրել են ֆաբրիկայի հարթակի լվացման, մաքրման աշխատանքներ: Այդ օրը պղտոր ջուր են բաց թողել Կարճևան գետ: Ըստ բացատրագրի՝ որևէ քիմիական նյութ այն չի պարունակել, այլ՝ տիղմ, հող ու փոշի»,- նշեց Արա Բարսեղյանը:

Նշենք, որ «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսում է բնապահպանական վերահսկողություն ջրային ռեսուրսների վիճակի վրա ազդող աշխատանքների կատարման համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ, ինչը տվյալ իրավիճակում պահանջում է, որ տեսչական մարմինը կատարեր ջրի բաղադրության քանակական անալիզներ և ըստ դրա հաշվարկեր շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը:

Ջրի նմուշառման վերաբերյալ Արա Բարսեղյանը նշեց, որ մինչև 5 ժամ հետո հասնեին տեղ, գետը մաքրված կլիներ:

Դիտարկմանը, թե Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի տեղամասի ընդլայնման և կոմբինատի վերազինման աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությանը տրված դրական եզրակցության պահանջներից է շրջանառու համակարգից և պոչամբարներից ջրի արտահոսք դեպի Կարճևան և Արաքս գետեր բացառելը, Արա Բարսեղյանն ասաց. «Եզրակացությունից հետո պետք է լիազոր մարմնից թույլտվություն տրվի օրենքով սահմանված կարգով: Երբ կլինեն նման դեպքեր, ստուգում կիրականացնենք, կտեսնենք, որ իրեն տրված պահանջները չի իրականացրել, կֆիքսենք դա: Արդեն ըստ դրա հարկ եղած դեպքում լիազոր մարմինները կիրականացնեն իրենց վերապահված գործողությունները»:

14:34 Հուլիս 21, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news