Որսագողերի դեմ պայքարը պետք է տարվի ոչ թե շուկաներում, այլ Սևանա լճում

Որսագողերի դեմ պայքարը պետք է տարվի ոչ թե շուկաներում, այլ Սևանա լճում

ԷկոԼուր

ՀՀ Գեղարքունիքի մարզի հասարակական կազմակերպությունները նամակով դիմել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանին` խնդրելով ուժեղացնել Սևանա լճում որսագողերի դեմ պայքարը:

Նամակում նշված է.

«Դեկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը` Սևանա լճում սիգ ձկան որսի արգելքի ժամկետների հետ կապված, որին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության, «Սևան» ազգային պարկի, ՀՀ ընդերքի և բնապահպանական պետական տեսչության, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության ներկայացուցիչներ, Սևանա լճի ափամերձ համայնքների ղեկավարներ:

2005 թ-ից ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով արգելված է Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը, բայց չգիտես ինչու արդեն շուրջ տասներեք տարի` ամեն տարվա վերջին, ՀՀ բնապահպանության նախարարը նոր հրաման է ստորագրում` սիգի ձվադրման շրջանի պատճառաբանությամբ արգելելով իր հրամանով դեռևս 2005-ից ընդհանրապես արգելված ձկնորսությունը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Ոստիկանությունը, Բնապահպանության նախարարությունը՝ ի դեմս «Սևան» Ազգային պարկի և Գեղարքունիքի մարզպետարանը, համաձայն համատեղ գործողությունների ծրագրի, դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում պետք է իրականացնեն ուժեղացված ռեժիմով հսկողություն՝ Սևանա լճում ապօրինի որսը կանխարգելելու համար: Այո՛, Սևանա լճում և ոչ թե շուկաներում: Եթե ձուկը ջրից դուրս է հանվել, արդյո՞ք անիմաստ չէ շուկաներում ձուկ վաճառողներին տուգանելն ու բերման ենթարկելը: Ոչ մի տարի, այս տարին ևս բացառություն չէ, այդ արգելքը չի գործել և չի գործում: Երևանի ու մարզերի թույլատրելի և ոչ թույլատրելի շուկաներում մեծ քանակով վաճառվում է սիգ ձուկը։ Առավոտյան վաղ մայրուղով անցնելուց լճի վրա կարելի է հաշվել անթիվ ու անհամար նավակներ, ինչը վկայում է, որ ոչ մի լողամիջոց ու որսագործիք էլ դուրս չի բերվել լճից:

Հարգելի պարոն Գրիգորյան, դիմում ենք ձեզ պահանջով և խնդրանքով`

1. ստուգումներ սկսել `

• ուսումնասիրելու «Սևան» Ազգային պարկի հետ ձկնորսների պայմանագրերի առկայությունն ու դրանց բովանդակությունը,

• պարզելու լիճ մտնող բոլոր օրինական և ոչ օրինական նավակների թիվը, որսի թույլատրելի

քանակներն ու որսագործիքների տեսակները (ոչ միայն սիգի),

• պարզելու սիգի արդյունագործական որսի արգելքի իրական հիմքերն ու ժամկետները

2. շուրջօրյա հսկողություն սահմանել ոչ թե ՀՀ շուկաներում, այլ լճի ափերին, որովհետև գտնում ենք, որ եթե ձուկը ջրից հանվել է, այն միևնույնն է` պետք է վաճառվի»:

Նամակը ստորագրել են «Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիաննա Ասոյանը, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը:

17:53 Հունվար 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news