Արդյո՞ք կշահագործվի Ալավերդու պղնձաձուլարանը, խնդրին անդրադարձել է ՀՀ վարչապետը

Արդյո՞ք կշահագործվի Ալավերդու պղնձաձուլարանը, խնդրին անդրադարձել է ՀՀ վարչապետը

ԷկոԼուր

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանկիցները փետրվարի 13-ին` երեկոյան, բացել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը: News.am-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը հայտնել է, որ երկաթգիծը բացել են, քանի որ Լոռու մարզպետը խոստացել է, որ ուրբաթ օրը Ալավերդի կգան կառավարության ներկայացուցիչներ, տեղում կպատասխանեն իրենց հարցերին և մտահոգություններին:

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների բողոքի պատճառն այն է, որ փետրվարի 28-ից կլուծարվեն իրենց աշխատանքային պայմանագրերը, որոնք կառավարության միջամտությամբ երկու ամսով երկարաձգվել էին: Աշխատակիցները փետրվարի 8-ին նամակով դիմել են ՀՀ վարչապետին` խնդրելով մինչև մարտի 1-ը վերջնական լուծում գտնել իրենց խնդրին:
Փետրվարի 13-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալավերդում ստեղծված իրավիճակի մասին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

«Այս պահին տեղեկացա, որ Ալավերդի քաղաքում պղնձաձուլարանի 100-ից ավելի աշխատակիցներ փակել են միջպետական երկաթգիծը և պահանջում են հստակեցում գործարանի ճակատագրի վերաբերյալ: Ինչպես նաև անցած շաբաթ, իրենց նշելով, 6000 ստորագրությամբ գրություն են ներկայացրել կառավարությանը և ակնկալում են շուտափույթ պատասխան: Ձեր դիրքորոշումը, ի՞նչ է սպասվում այդ քաղաքին, քանի որ, իրենց նշելով, քաղաքն արագ տեմպերով դատարկվում է, որովհետև աղքատության եզրին է»,- հարցրեց պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Վարչապետը պատասխանեց. «Ես էլ եմ տեղյակ, որ այդպիսի իրադարձություններ են տեղի ունենում: Մի փոքր մանրամասն այս հարցին անդրադառնամ: Թեղուտի և Ալավերդու պղնձաձուլարանի զարգացումները, կարծում եմ, գիտեք: Ինչ է եղել ամենասկզբից: Եղել է հետևյալը, որ ՎՏԲ բանկը Թեղուտի հանքավայրին և «Վալլեքս» գրուպին տվել է 380 միլիոն դոլլարի վարկ, և, ըստ ամենայնի, այդ վարկը տրվել է ոչ առանց քաղաքական միջամտության: Եվ հիմա եկել է ժամանակ, որ Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» գրուպ ընկերությունն այդ վարկը չի կարող սպասարկել, որից հետո այդ ընկերությունը սնանկացել կամ սնանկության ճանապարհին է: Մենք մայիսից ներգրավվել ենք գործընթացի մեջ և սկսել ենք բանակցություններ, օգնել, որ ՎՏԲ բանկն ու «Վալլեքս» գրուպը իրար հետ համաձայնության գան: Եվ այնտեղ կա շատ խուճուճ և խառնված գրավների, պարտավորությունների համակարգ: Եվ, ըստ էության, անցյալ տարի մենք հասանք համաձայնության, որ ՎՏԲ բանկը պետք է դառնա Թեղուտի սեփականատերը, և նաև ՎՏԲ բանկը պետք է ներգրավի պղնձի ոլորտում հայտնի օպերատոր, որը պետք է հանքն աշխատեցնի, և այս համատեքստում պետք է աշխատի նաև պղնձաձուլարանը: Հետագայում, երբ որ արդեն այս պրոցեսը պետք է գնար, տեղի ունեցավ մի շատ տարօրինակ պատմություն. ինչ-որ մի ընկերություն 4 հազար դոլլար պարտքի համար դիմեց դատարան և դատարանից ակնկալեց, որ այդ 4 հազար դոլլար պարտքի համար, որպես հայցի ապահովման միջոց, բոլոր պրոցեսների վրա դրվի կալանք: 4 հազար դոլլար պարտքի համար դատարանը կալանք սահմանեց մի քանի հարյուր միլիոն դոլլարանոց ընկերության և ընկերությունների գույքի, շարժի և իրավաբանական գործընթացների վրա: Եվ դատական այս որոշման պատճառով նախկին պայմանավորվածությունների համակարգը սկսեց կամաց-կամաց քանդվել, և հիմա այդ բանակցությունները վերադառնում են ինչ-որ զրոյական կետի:

Օպերատորը, որ մինչ այդ ներգրավված էր և պիտի սկսեր աշխատել, ինքն այս պատմություններից խրտնեց, ասաց, ես չեմ մտնի: Եվ մենք այստեղ խնդիր ունենք` զանգել այդ դատավորին, ասել` էս ինչ ես անում, թե, այնուամենայնիվ, թողնել, որ այդ պրոցեսները գնան: Մենք որոշեցինք, որ դատական պրոցեսին ոչ մի ձևով չպետք է միջամտենք:

Եվ հիմա խնդիրը կայանում է նրանում, որ «Վալլեքս»-ի ու ՎՏԲ-ի միջև բանավեճը նոր հարթություն է տեղափոխվել և մենք էլ պետք է օգնենք, որ այդ բանավեճը հնարավորինս արագ կարգավորվի»:
Նշենք, որ Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման նպատակով պղնձաձուլարանը գրավադրված է ՎՏԲ բանկում:

«Վալլեքս» խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքը դադարեցվեց 2018թ. հոկտեմբերի 19-ին` այն բանից հետո, երբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեսչական ստուգումների արդյունքում ընկերությանը տուգանեց 378 միլիոն դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնասի համար: Ընկերությանը նաև պարտավորցվեց արտանետումների ծավալը նվազեցնել 90 %-ով: Այս պարտավորությունն ընկերությունը պետք է կատարեր դեռ 2017թ-ին, ինչը չէր արել: «Տեսչական մարմինը ընկերությանը չի հանձնարարել դադարեցնելու ձուլարանի գործունեությունը, այլ պահանջել է գործունեությունն իրականացնել թույլտվության պայմաններին համապատասխան»,- հայտարարեց տեսչական մարմինը:

17:53 Փետրվար 14, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news