Գյուղացիների բողոքի ակցիայից հետո «Արմավիրի ֆերմեր»-ը ցանկանում է ձկնաբուծության համար ջրօգտագործման թույլտվություն ստանալ

Գյուղացիների բողոքի ակցիայից հետո «Արմավիրի ֆերմեր»-ը ցանկանում է ձկնաբուծության համար ջրօգտագործման թույլտվություն ստանալ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից մշակվում է «Արմավիրի ֆերմեր» ՍՊԸ-ի Արմավիրի մարզի Զարթոնք  համայնքի վարչական տարածքում ձկնաբուծական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 15.0 լ/վրկ և Սևջուր գետից՝ 278.0 լ/վրկ ջրառի  ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: Փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2019 թ-ի մարտի 5-ին՝ ժամը 16:00 ին, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում:

Այս հայտարարությունը բնապահպանության նախարարության կայքում հայտնվեց Արմավիրի մարզի Զարթոնք և Արտաշար համայնքների՝ ՀՀ կառավարության շենքի մոտ անցկացրած բողոքի ակցիայից հետո: Գյուղացիները պահանջում են «Արմավիրի ֆերմեր» ՍՊԸ-ին ժամանակին օտարված ձկնաբուծական տարածքները վերադարձնել համայնքներին: Նույն պահանջով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են դիմել Զարթոնքի և Արտաշարի համայնքապետերը: Վերջիններիս խոսքով՝ 1990-ական թթ-ին կառավարությունը, որպես ձկնաբուծական տնտեսություն, «Արմավիր ֆերմեր» ՓԲԸ-ին է օտարել 127 հեկտար Զարթոնքից և 97 հեկտար՝ Արտաշարից: Սակայն ներկայում սակավահող լինելու պատճառով տեղացիները ցանկանում են հետ ստանալ այդ հողերը և մշակել դրանք:

Զարթոնքի համայնքապետ Պարույր Սարգսյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ ընկերության ներկայացրած նախագծից: Քննարկման օրվա մասին ծանուցում էլ չի ստացել:

«Ոչ բանավոր, ոչ գրավոր մեզ ոչ ոք տեղյակ չի պահել: Ո՞նց են առանց մեզ որոշում, ոչ մի բան չենք հասկանում, մենք դրա հետ համաձայն չենք», - ասաց Պարույր Սարգսյանը:

Համայնքապետը չգիտի՝ ինչ ստորերկրյա ջրային ռեսուրսից է ընկերությունը ցանկանում ՋԹ ստանալ: Ասում է՝ գյուղացիներն էլ ոռոգման ջրի կարիք ունեն, եթե ջուր կա, թող բնակիչներին տան:

Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

16:47 Մարտ 01, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news