Մի քանի նախարարություն կքննարկեն Ախթալան թափոնակույտերից մաքրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը

Մի քանի նախարարություն կքննարկեն Ախթալան թափոնակույտերից մաքրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը

ԷկոԼուր

Ախթալա խոշորացված համայնքի տարածքի հանքարդյունաբերական թափոնակույտերը կռեկուլտիվացվեն ֆինանսների առկայության դեպքում: Այս մասին նամակով «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) փոխնախարար Լիլիա Շուշանյանը:

Օլեգ Դուլգարյանը նամակով դիմել էր ՏԿԵՆ՝ առաջարկելով ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Ախթալա համայնքի տարբեր բնակավայրերում առկա թափոնակույտերը, նրանց հետ կապված խնդիրները և կմշակի համայնքը թափոններից մաքրելու ռազմավարություն:

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Լիլիա Շուշանյանի 2020թ. հունիսի 10-ի N ԼՇ/26.1/15751-2020 նամակում նշված է.

«Հայտնում եմ, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը 2019 թ. իրականացրել է հանքարդյունահանման թափոնակույտերի գույքագրում, այդ թվում նաև Լոռու մարզում։ Գույքագրման արդյունքների հետ կարող եք ծանոթանալ կայքում։ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը, ֆինանսների առկայության դեպքում նախատեսել է իրականացնել գույքագրված թափոնակույտերի ռեկուլտիվացիա։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ձեր գրությունը ներկայացվել է ՀՀ Ֆինանսների, ՀՀ Արտակարգ իրավիճակների և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություններ աշխատանքային խումբ ստեղծելու նպատակահարմարության վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով։ Առաջարկությունները ստանալուց հետո Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»։

Նշենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հրապարակած «Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի և փակված օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական բազա»-յում Ախթալա համայնքի տարածքի համար նշվել են Նազիկի պոչամբարը, Շամլուղի տեղամասը, Ախթալայի տեղամասը, ինչպես նաև անդրադարձ կա Նահատակի պոչամբարին:

Նազիկի պոչամբար

«Նազիկ պոչամբարը «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության երեք պոչամբարներից մեկն է, որը գտնվում է կոմբինատից 0.5 կմ հեռավորության վրա՝ Նազիկ գետի հովտում: Պոչամբարը կոնսերվացվել էր 1988թ., սակայն 2000-ականներին վերագործարկվել և կրկին անգամ կոնսերվացվել է 2010թ.: Պոչամբարի մակերևույթը ռեկուլտիվացված է և ծածկված է բուսականությամբ: Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների, Նազիկ փակված պոչամբարը հաշվառված է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ հաշվեկշռում:

Համաձայն դաշտային դիտարկումների տվյալների, պոչամբարի ռեկուլտիվացիոն աշխատանքները կատարված են ոչ լիարժեք, պոչամբարի պատվարը ենթարկված է էրոզիայի, դրանում կուտակված ընդերքօգտագործման թափոնների մեկուսացումը ապահով չէ: Ջրհեռացման համակարգը բացակայում է: Պոչամբարի մակերեսի ոչ բավարար մեկուսացման պատճառով մթնոլորտային տեղումները ներծծվում են, դուրս են գալիս պատվարի հատակային մասից դրենաժային հոսքաջրերի տեսքով և տարածվում են ռելիեֆով և թափվում Ախթալա գետը»:

Ախթալայի տեղամաս

«Ընդերքօգտագործման թափոնների լցակույտերը ձևավորվել են Ախթալայի բարիտ-բազմամետաղային հանքավայրի երկրաբանական ուսումնասիրության և շահագործման արդյունքում: 01.04.2018թ.-ի դրությամբ հանքավայրը չի հանդիսանում ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ: Ստորգետնյա լեռնային փորվածքների՝ բովանցքների սկզբնամասերում, Նազիկ պոչամբարից մոտ 300մ դեպի արևմուտք կուտակված ընդերօգտագործման թափոնները դիտարկվում են որպես տիրազուրկ»:

Շամլուղ տեղամաս

«Ընդերքօգտագործման թափոնների տեղադիրքը՝ Շամլուղ գյուղից հյուսիս-արևելք, հարակից տարածք:

….Շամլուղի տեղամասի ընդերքօգտագործման թափոններն առաջացել են համանուն հանքավայրի երկրաբանական ուսումնասիրության և շահագործման աշխատանքների արդյունքում»:

Բազայում Նահատակի պոչամբարի վերաբերյալ նշված է. « Նախատեսվում է իրականացնել նաև Նահատակ պոչամբարի ռեկուլտիվացիա, ինչի նպատակով նախատեսվում է շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացնել շուրջ 21.63 մլն.դրամ»: Նահատակի պոչամբարը, ըստ «Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բացհանքի արդյունահանված տարածքում պոչերի պահեստավորման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության»-ը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված 14.11.2017թ. ԲՓ 100 փորձաքննական եզրակացության,՝ Նահատակ պոչամբարի ռեկուլտիվացիայի 1-ին փուլը պետք է սկսվեր 2018թ-ի հոկտեմբերից և ավարտվեր 2020թ. մարտի 1-ին։ Պոչամբարի ռեկուլտիվացումը ոչ միայն չի սկսվել մինչ օրս, այլ շարունակում է շահագործվել՝ պոչամբարի պատվարի բարձրացմանը զուգահեռ: Նահատակի պոչամբարը շահագործում է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն:

17:50 Հունիս 15, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news