Ո՞վ է բնապահպանական խնդիրների պատասխանատուն, պատգամավորի հարցը ՀՀ վարչապետին

Ո՞վ է բնապահպանական խնդիրների պատասխանատուն, պատգամավորի հարցը ՀՀ վարչապետին

ԷկոԼուր

2020թ. հունիսի 17-ին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց.

«Ինչո՞ւ դեռևս չունենք Շրջակա միջավայրի նախարար: Չունենք նաև բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար: Ոլորտի պատասխանատուներ չունենք, բայց ունենք բնապահպանական բազմաթիվ խնդիրներ: Շարունակվում է ձկնագողությունը: Նախորդ տարի Սևանն էր կանաչել, ջրերի աղտոտվածության պատճառով արագիլներ էին սատկել: Վերջերս ահազանգ ստացա Լոռու մարզից, որ կան թրթուրներ, որոնք անտառներն էին ոչնչացնում, հիմա արդեն պտղատու ծառերի վրա են: Խնդիրները բազմաթիվ են: Ուզում էի իմանալ՝ ո՞վ է պատասխանատու լինելու այս խնդիրների համար և ե՞րբ ենք ունենալու Շրջակա միջավայրի նախարար»:

Ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց. «Ձեր նշած բոլոր հարցերի համար պատասխանատու է Հայաստանի կառավարությունը, ընդ որում՝ բոլոր կառավարությունները։ Հիմա տեսեք, Սևանի կանաչման հետ կապված մեր բախտը չբերեց, մեր ժամանակ կանաչեց Սևանը: Բայց հույս ունեմ՝ մեր բախտը կբերի և այլևս չի կանաչի: Նկատի ունեմ՝ համակարգային խնդիրներ են: Ես այս ամբիոնից շնորհակալություն են հայտնել Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին: Եվ կարող եմ ասել, որ նախարարությունը գործում է բնականոն: Կա նախարարի պարտականությունները կատարող: Եվ կարող եմ ասել, որ առաջիկայում կնշանակվի նախարար: Եթե իմանայի, որ այդ թրթուրներն առաջացել են նախարարին ազատելուց և նրան նշանակելուց հետո անմիջապես կվերանան, այսօր իրիկունը կնշանակեի»: 

Հրանտ Այվազյանն արձագանքեց. «Ամեն դեպքում խնդիրներին լուծում տվող պետք է: Հույս ունենանք, որ ում կնշանակեք, առավել ուշադիր կլինի շրջակա միջավայրի խնդիրներին և ռեալ լուծումներ կտա: Իսկ եթե բնականոն աշխատում է նախարարությունը, հնարավո՞ր է հետագայում նախարարությունը միացնեք այլ նախարարության»:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս պահին նման պլաններ չկան: «Ընդունում եմ ձեր ասածը, որ պետք է հնարավորինս արագ անել այդ նշանակումը»,- ասաց նա:



14:34 Հունիս 18, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news