Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանը Արգիչի գետի ջրի բաշխման խնդրի վերաբերյալ

Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանը Արգիչի գետի ջրի բաշխման խնդրի վերաբերյալ

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզպետարանը պատասխանել է ԷկոԼուրի նամակին՝ կապված Արգիչի գետի ջրի բաշխման խնդրի հետ: Հիշեցնենք, որ Արգիճի գետի խնդրի վերաբերյալ ԷկոԼուրը նամակով դիմել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ շրջակա միջավայրի նախարարություններ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նամակը վերահասցեագրել է Գեղարքունիքի մարզպետարան:

Մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանի N 02/4696 նամակում նշված է.

«Մարզպետարանում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ուսումնասիրվել և քննարկվել է դիմումում բարձրացված խնդիրները:

Ուսումնասիրությունից պարզվել է, որ «Արգիչի» ՓՀԷԿ-ը վերցնում է այնքան ջուր, որքան ՋԹ-ով հատկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, մնացած ջուրն Արգիճի գետով ոռոգման նպատակով հոսում է դեպի Մադինա, Գեղհովիտ, Վերին Գետաշեն և Ներքին Գետաշեն համայնքներ:

Ներքին Գետաշենի ջրվեժի առուն գտնվում է գլխամասում /Վերին Գետաշեն համայնքի վարչական սահմանից վերև/ և ոռոգման ջուր ստանում է առավելագույնս:

Մարզի համայնքներին ոռոգման ջուր մատակարարում է «Գեղարքունիք» ՋՕԸ-ն՝ համաձայն ջրօգտագործողների կողմից ներկայացված հայտերի հիման վրա կնքված պայմանագրերի:

Ջրվեժի առու ջրատարը, որը գտնվում է «Գեղարքունիք» ՋՕԸ-ի հաշվեկշռում, վերանորոգվել է 2018թ-ին, և այժմ այդ ջրատարով նորմալ ջրամատակարարում է իրականացվում: Այն մոտ երեք տարի ապօրինաբար տնօրինվել է անհատ քաղաքացու կողմից՝ ով այդ առուն համարել է իր սեփականությունը /տնօրինել է միանձնյա/:    

Ներկայումս դադարեցվել է քաղաքացու կողմից ջրատարի շահագործումը և նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Ինչ վերաբերվում է ՓՀԷԿ-ի գործունեության կասեցնելուն, ապա այն դուրս է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի իրավասությունից, դրանով զբաղվում է լիազոր մարմինը:

Տարածաշրջանում, այդ թվում Ներքին Գետաշեն համայնքում ոռոգման ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի «Արգիճի»-ի ջրամբարի կառուցմամբ և «Գետաշեն» ջրանցքի հիմնանորոգմամբ:

Տեղեկացնում եմ նաև, որ 2020 թվականի հուլիսին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և «Գեղարքունիք» ՋՕԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, Գեղհովիտ և Ներքին Գետաշեն համայնքների ղեկավարների հորդորով ՓՀԷԿ-ի գլխամասում՝ ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ջրի բացթողման կարգավորման ուղղությամբ, որից հետո ՓՀԷԿ-ի փականը զմրսվել է»:

ԷկոԼուրի դիտարկում

Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանում նշված ««Արգիչի» ՓՀԷԿ-ը վերցնում է այնքան ջուր, որքան ՋԹ-ով հատկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, մնացած ջուրն Արգիճի գետով ոռոգման նպատակով հոսում է դեպի Մադինա, Գեղհովիտ, Վերին Գետաշեն և Ներքին Գետաշեն համայնքներ» պարբերության վերաբերյալ նշենք, որ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ ԷկոԼուրին ուղղված պատասխանի, ս.թ. հուլիսի 3-ին շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրության պահին «Արգիչի» ՓՀԷԿ-ի տարածքում Արգիչի գետով հոսել է մոտ 200-250 լ/վ ջուր, իսկ ՓՀԷԿ-ից Արգիչի գետ ջրահեռացումը կազմել է 700-800 լ/վ ջուր: 200-250 լ/վ ջրի հոսքը 4-5 անգամ փոքր է «Արգիչի» ՓՀԷԿ-ին տրամադրված N 000031 ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված 1000 լ/վրկ բնապահպանական թողքից, ինչը նշանակում է, որ գետը սակավաջուր է և ՓՀԷԿ-ն աշխատում է բնապահպանական թողքի հաշվին:  

18:27 Հուլիս 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news