Գառնեցիները Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից պահանջեցին չֆինանսավորել Քաղցրաշենի ծրագիրը

Գառնեցիները Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից պահանջեցին չֆինանսավորել Քաղցրաշենի ծրագիրը

«S.O.S. Գառնի» նախաձեռնություն

Հունիսի 3-ին Համաշխարհային բանկի տեսչական խմբի անդամներ Յան Մաթսոնը և Բիրգիթ Կուբան հանդիպեցին ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչների հետ` լսելու նրանց կարծիքը «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» փոփոխված ծրագրի վերաբերյալ: «S.O.S. Գառնի» նախաձեռնության անդամ Արուսյակ Այվազյանը ներկայացրեց համայնքի մտահոգությունը ծրագրի իրականացման վերաբերյալ: Նա նշել է, որ փոփոխված տարբերակը համայնքում չի քննարկվել և հաշվի չի առնվել բնակիչների կարծիքը: Այն կործանարար ազդեցություն է թողնելու Գառնիի կիրճի, Ազատի ջրամբարի և մոտակա բնակավայրերի վրա, որոնք որպես ազդակիր համայնք ընդգրկված չեն Քաղցրաշենի ծրագրում: Նա շեշտել է, որ գառնեցիները Քաղցրաշենի ծրագրի դեմ պայքարում միշտ պահանջել են չեղարկել այդ ծրագիրը, քանի որ Քաղցրաշենի ծրագրի իրականացման դեպքում կոչնչանա Գառնիի կիրճի բնաշխարհը, Ազատի ջրամբարը կճահճանա և կկորցնի իր գործառնական նշանակությունը, որը ոռոգում է Երևանի մերձակա և Արարատի մարզի 7100 հա հողատարածք: Կուժեղանան անապատացման գործընթացները Գառնիի կիրճում, որը համարվում է կիսանապատային գոտի: Խիստ բացասական ազդեցություն կկրի «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որը եզրագծվում է Ազատ գետով մինչև Ազատի ջրամբար: Առանց այն էլ Ազատ գետը տասնյակ տարիներ խիստ սակավաջուր է դարձել և չի ապահովում կիրճի պահանջները: Հանդիպմանը մասնակցող Գառնիի բնակիչները նույնպես խիստ դեմ են արտահայտվել Քաղցրաշենի ծրագրի իրականացմանը: Գառնեցիները Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին առաջարկել են չֆինանսավորել Քաղցրաշենի ծրագիրը և գումարներն ուղղել արևային և հողմային էլեկտրակայանների կառուցմանը, որոնց արտադրած էժան էլեկտրաէներգիայով կաշխատեն պոմպակայանները և ջուր կմղեն համապատասխան տարածքներ, ինչպես նաև համայնքին ամբողջ տարի կապահովեն էլեկտրաէներգիայով: Գառնեցիներն առաջարկել են ֆինանսներն ուղղել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն այցելել են նաև Քաղցրաշենի ծրագրից տուժած բնակչի հողատարածք, լսել նրա բողոքը:

Հանդիպման ավարտին Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել գառնեցիներին` իրենց մտահոգությունները ներկայացնելու համար:

Հունիս 05, 2017 at 18:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր