Խաչիկ Հակոբյան` Թեղուտի խնդիրը քննարկման փուլում է և չի կարող մնալ անարձագանք

Խաչիկ Հակոբյան` Թեղուտի խնդիրը քննարկման փուլում է և չի կարող մնալ անարձագանք

ԷկոԼուր

Թեղուտի խնդիրը քննարկման փուլում է և չի կարող մնալ անարձագանք: Այս մասին ասել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը փետրվարի 7-ին «Արմենպրես» մամուլի սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Թեղուտի մասով ասեմ, որ մենք ունենք անելու աշխատանք, կուսումնասիրենք, որովհետև և անտառահատման և մնացած գործառույթների մասով գոյություն ունեն համապատասխան փաստաթղթեր: Մատնանշված ժամանակաշրջաններում ներկայացվել են հաշվետվություններ, կոնկրետ ծրագիր է գործել: Ընկերությունը եղել է հաշվետու: Ամեն ինչ այս փուլում, կվերլուծվի, կուսումնասիրվի և կհրապարակվի մեր կողմից: Կարծում եմ հիմնական անելիքները տեսչությունն ունի, եթե նախարարությունը ինչ-որ բան ունենա անելու, կզբաղվենք նաև մենք: Այս պահին կոնկրետ քայլ չի արվել, եթե չեմ սխալվում, բայց խնդիրը քննարկման փուլում է և չի կարող մնալ անարձագանք»,- ասաց Խաչիկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Թեղուտի հանքավայրի շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունները հայտարարություն տարածեց` նշելով, որ ձեռնպահ է մնում ներկա ծավալներով Թեղուտի հանքավայրի շահագործումից և դադարեցնում է հանքավայրի շահագործումը և լուծարելու է 1200 աշխատակցի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործվեց 3 տարի 7 միլիոն տոննա արտադրողականությամբ: 2017թ-ի ամռանը հանքը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն բնապահպանական փորձաքննության ներկայացրեց նոր նախագիծ, որով նախատեսվում էր արդյունահանվող հանքաքարի ծավալը 7 միլիոնից հասցնել 15 միլիոն տոննայի: ՀՀ բնապահպանության նախարարությունը սակայն հետ վերադարձրեց նախագիծը լրամշակման համար, որից հետո` մի քանի ամիս անց, ընկերությունը դադարեցրեց հանքավայրի աշխատանքը` հայտարարելով, թե զբաղված է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման ծավալների ավելացման ծրագրի կենսագործմամբ:

Թեղուտի ծրագիրը մեծ վնաս պատճառեց Հայաստանի բնությանը: Հատվեցին Լոռու մարզի անտառները, ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով աղտոտվեցին հանքավայրի տարածքից և մոտակայքից հոսող գետերը, աղտոտվեց հողը, ոչնչացվեց տեղի հարուստ կենսաբազմազանությունը: Տեղի բնակչությունը զրկվեց գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից` ամբողջովին կախվածության մեջ ընկնելով «Թեղուտ» ՓԲԸ-ից: Մասնագետները Թեղուտի հանքավայրի շահագործումից շրջակա միջավայրին հասցվող վնասը նախնական գնահատել են 1,2 միլիարդ դոլլար:

Փետրվար 07, 2018 at 19:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր