Տարաձայնություններ էկոլոգիական տեղեկատվության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունների շուրջ

Տարաձայնություններ էկոլոգիական տեղեկատվության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունների շուրջ

ԷկոԼուր

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ առաջարկելով օրենքում սահմանել «բնապահպանական տեղեկատվություն» եզրույթը և բնապահպանական տեղեկության տրամադրման մերժման հիմքերը:

Մասնավորապես, առաջարկվում է օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Տեղեկատվություն տնօրինողը կարող է մերժել բնապահպանական տեղեկության տրամադրումը, եթե այն վերաբերում է բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին»։

Նախագծի հեղինակները նշում են, որ այն կնպաստի Օրհուսի կոնվենցիայի ամբողջական կիրարկմանը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան դրույթների շրջանակներում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվությունը տնօրինող սուբյեկտին հնարավորություն կընձեռի պաշտպանել հանրային շահն ու անվտանգությունը՝ ոլորտին վերաբերող խնդիրների կարգավորման հարցում։

Մինչդեռ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը վստահ է՝ այն կխաթարի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: «Չի կարելի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ըստ ոլորտների բաղդատել: Օրենքը մաս-մաս, ըստ ոլորտային անհրաժեշտությունների փոխելը հանգեցնում է այդ օրենքի կառուցվածքի ու ողջ տրամաբանության խաթարման»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Շուշան Դոյդոյանը։ Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխություններն ավելորդ են, քանի որ այդ հարցերն արդեն իսկ կարգավորված են և՛ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, և՛Սահմանադրությամբ, և՛ Օրհուսի կոնվենցիայով։ Առանց լրագրողական կազմակերպությունների մասնակցության մեր ոլորտի օրենք փոխելը լիովին խաթարում է կառավարություն-քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցությունը»,- ասաց Շուշան Դոյդոյանը:

Դեկտեմբերի 2-ին «Ինոֆորմացիայի ազատության կենտրոն»-ը ու մի շարք այլ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ կոչ անելով Շրջակա միջավայրի նախարարությանը անհապաղ հրաժարվել այս նախաձեռնությունից:

Հայտարարության մեջ նշված է.

«Սույն թվականի դեկտեմբերի 2-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, տեղադրվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ՝ մշակված Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր անհանգստությունն ենք հայտնում ՏԱ մասին օրենքում հապճեպ, առանց մասնագիտական կազմակերպությունների ու ոլորտի փորձագետների կարծիքը լսելու փոփոխություններ անելու այս նախաձեռնության կապակցությամբ։

2003 թ.-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը համալիր, ամբողջական և համակարգված բարեփոխումների կարիք ունի՝ հիմնված օրենքի 16 տարիների իրավակիրառ առաջավոր ու օրինակելի փորձի վրա։

Կոչ ենք անում Շրջակա միջավայրի նախարարությանը անհապաղ հրաժարվել այս նախաձեռնությունից, ՏԱ օրենքը փոփոխելու գործընթացին ցուցաբերել պատասխանատու և համակարգային մոտեցում, իսկ որևէ փոփոխություն առաջարկելուց առաջ խոհրդակցել ոլորտում տասնամյակների փորձառություն ունեցող հասարակական կառույցների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: Առանց բաց և թափանցիկ քննարկումների օրենքի նախագծեր ստեղծելը, առանձին կողմերի պատեհապաշտությամբ առաջնորդվելը, խաթարում է ՔՀԿ-պետություն համագործակցության մեխանիզմներն ու թուլացնում պետության նպատմամբ հանրության վստահությունը:

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ

«ՄԱՔՈՒՐ ԳՈՐԻՍ» բնապահպանական ՀԿ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ» ՀԿ

«ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ՀԿ
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ» ՀԿ

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԱՍՏՂԱՑՈԼՔ» ՀԿ»

Նշենք, որ մշակվել է նաև «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագիծ, որը վերջերս քննարկվեց ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Օրինագծի վերաբերյալ Շուշան Դոյդոյանն ասաց. «Օրինագծում տեղեկատվությունը սահմանափակելու լրացուցիչ հիմքեր են սահմանվում, ինչը հակասություն է ստեղծվում այս օրինագծի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված հիմքերի միջև ինչպես նաև չի սահմանվում, թե խախտման դեպքում որն է լինելու այն մեխանիզմը, որով մարդիկ, լրագրողները, ՀԿ-ները կարողանալու են վերականգնել իրենց խախտված իրավունքը: Ստեղծվում է արդյոք արտադատական մեխանիզմ, թե էլի հարցը թողնում ենք դատական կարգավորման ոլորտում»:

Դեկտեմբեր 09, 2019 at 14:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր