ՀԱԷԿ-ի փակման ճանապարհային քարտեզի մշակման մասին

ՀԱԷԿ-ի փակման ճանապարհային քարտեզի մշակման մասին

ԷկոԼուր

Հունվարի 30-ին ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ պատգամավորները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկեցին Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր: ԷկոԼուրը բարձրացրեց Հայկական ատոմային էլեկտրակայանի փակման ճանապարհային քարտեզի մշակման հարցը:

Նախապատմություն

2016թ-ին լրացել է Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը: ՀՀ կառավարությունը որոշեց երկարացնել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026թ-ը՝ ապահովելու երկրի էներգետիկ անվտանգությունը: Այս նպատակով Ռուսաստանի Դաշնությունը 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրեց Հայաստանի Հանրապետությանը: Այդ ֆինանսական միջոցներով իրականացվում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերազինումը:

ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (միչնչև 2040թ.) նախագծում դիտարկվում է մինչև 2036թ-ը ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարացման սցենարը:

Եվրախորհրդի օգնությամբ Հայաստանը մշակել է ՀԱԷԿ-ի փակման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

2017թ-ին Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների հետ ստորագերեց համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA):

Համաձայնագրի կողմերը հանձն առան ապահովել հիշատակվող միջուկային ապահովության եւ միջուկային անվտանգության բարձր մակարդակներ: Այս կապակցությամբ CEPA-42-րդ հոդվածում մասնավորապես նշված է.

« (g) քաղաքացիական միջուկային էներգետիկայի հատված՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները եւ կենտրոնանալով, մասնավորապես, միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով այսուհետ դիտարկվելիք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) ստանդարտները եւ Եվրոպական միության ստանդարտներն ու փորձը, նաեւ՝ կենտրոնանալով միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով միջազգային ուղենիշներն ու փորձը։ Այդ ոլորտում համագործակցությունը պետք է ներառի՝

(i) ապահովության, անվտանգության եւ թափոնների կառավարման ոլորտներում տեխնոլոգիաների, լավագույն գործելակերպերի փոխանակումը եւ վերապատրաստումը՝ ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով,

(ii) Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը եւ այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի հնարավորինս շուտ ընդունումը՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը եւ կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով»:

ԷկոԼուրի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, անդրադառնալով CEPA-ի 42-րդ հոդվածի դրույթներին, ասաց. «CEPA-ի 42-րդ հոդվածով նախատեսվում է ատոմակայանի փակման ճանապարհային քարտեզի մշակում: Անցյալ տարի ՀՀ կառավարությունն ընդունեց CEPA-ի կիրարկման ճանապարհային քարտեզը, և էներգետիկ բլոկում մենք որևէ կետ չգտանք ատոմակայանի, միջուկային թափոնների հետ կապված: Ուզում էի իմանալ՝ արդյո՞ք նախատեսվում է նոր ճանապարհային քարտեզի մշակման մեջ ներառել ատոմակայանի և թափոնների հարցը»:

Ի պատասխան ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասաց. «Այնտեղ խոսք չի գնում ատոմակայանի փակման մասին և շատ հստակ ասում է, որ ատոմակայանի փակման մասին կարող է խոսք լինել միայն այն ժամանակ, երբ դրա ներկայիս արտադրած էներգիային համարժեք էներգիա ունենա Հայաստանի Հանրապետությունը էլի միջուկային աղբյուրից: Սա կարող է նաև հետագայում մանիպուլիացիայի առիթ տալ: Ատոմակայանի փակման պարտավորություն Հայաստանն ուղղակի չունի: Ունի ատոմակայանի վերազինման կամ նորով փոխարինելու չասեմ պարտավորություն, բայց համաձայնություն: Թե երբ դա կլինի և ինչ միջոցներով, դա արդեն այլ հարց է»:

Իր հերթին ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասաց. «Հենց այս ձևակերպմամբ ասելիքը, ըստ էության, մեր հարևանների՝ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի կողմից է ասվում, որ CEPA-ն պահանջում է փակել և դուք դա պետք է անեք, և դա դառնում է գրեթե բոլոր միջազգային, եվրոպական տարբեր հարթակների հիմնական քննարկման առարկան: Սա քննարկվեց նաև Baltic Assembly-ում՝ Վիլնյուսում, և դրան կրկին, ըստ CEPA-ի մեկնաբանությունների, պատասխան տրվեց, սա քննարկվեց և սրա համար առաջարկություն էր ներկայացվել Եվրանեստի բանաձևերից մեկում՝ էներգետիկ անվտանգությանը վերաբերող հանձնաժողովում: Այսինքն, սա այն հիմնական շահարկման թեման է, որ իրենք փորձում են մեր դեմ օգտագործել: Այս դեպքում մենք շատ հստակ և շատ զգույշ պետք է լինենք մեր մեկնաբանությունների մեջ: Անշուշտ սա բնապահպանական խնդիր է, անշուշտ սա իրապես շատ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Բայց նաև պետք է դիտարկենք, թե ինչ էր ասվել ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցում, որ Հայաստանը բավական բարձրացրել է իր անվտանգային մեխանիզմները և իրենց ներկայացրած անվտանգության աղյուսակով Մեծամորի ատոմակայանը մոտավորապես, եթե չեմ սխալվում, 4 բալանոց համակարգով 3,8-ին է համապատասխանում: Այսինքն, իրենց դիտարկմամբ այս պահին գոնե այդտեղ խնդիր մեծ հաշվով չկա: Այո, վերազինման, վերափոխման գործընթաց պետք է իրականացվի: Բայց մենք գոնե չպետք է ասենք, որ CEPA-ն պահանջում է փակել ատոմակայանը: Սա մի բան է, որն անընդհատ ասում է Ադրբեջանը: Մենք գոնե այդ բառապաշարով չպետք է խոսենք, շատ զգուշավոր պետք է լինենք, որովհետև սա հսկայական շահարկման տեղիք է տալիս»:

ԷկոԼուրի՝ «Կատարվա՞ծ է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգոբլոկի փակման հետ կապված անվտանգության ռիսկերի գնահատում և ինչպիսի՞ն են արդյունքները հարցմանը ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը 29.01.2020թ. N ՀՎ/22.3/1757-2020 նամակում պատասխանել է. « Շահագործումից հանելու ընթացքում ռիսկերի գնահատման գործընթացում ՀԱԷԿ-ը ղեկավարվում է գործող օրենսդրության պահանջներով։

Համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի` (ընդունված 1-ը փետրվարի 1999թ.), անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների գործունեությունը ենթակա է լիցենզավորման։

Համաձայն ՀՀ կառավարության 14 հունիսի 2005թ. «Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 707 որոշման՝ հաստատված է փաստաթղթերի ցանկը, որը պետք է ներկայացվի կարգավորող մարմնին՝ շահագործումից հանելու լիցենզիա ստանալու համար, որոնց մեջ առավել կարևորագույն և հարցադրմանը անմիջապես վերաբերող փաստաթղթերն են Շահագործումից հանելու ծրագիրը, Անվտանգության վերլուծության հաշվետվությունը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությունը, ինչպես նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը՝ տրված լիազորված պետական մարմինների կողմից:

Եվրախորհրդի օգնության շրջանակներում շահագործումից հանելու հետ կապված այլ փաստաթղթերի հետ համատեղ մշակվել են նաև վերոնշյալ փաստաթղթերը` հաշվի առնելով, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ավարտվում էր 2016թ. սեպտեմբերին։ Այդ փաստաթղթերի ձևը և բովանդակությունը համապատասխանում է գործող օրենսդրության պահանջներին, իսկ վերջիններիս բացակայության դեպքում հիմք են ընդունվել ԱԷՄԳ-ի պահանջները/առաջարկությունները։

Անցկացված հետազոտությունները վկայում են այն մասին, որ ՀԱԷԿ-ի շահագործումից հանելու ընթացքում անձնակազմին, բնակչությանը և շրջակա միջավայրին վերաբերող գործող նորմատիվ պահանջները չեն գերազանցվի։

Հարկ է նաև նշել, որ 2-րդ էներգաբլոկի շահագործումը 10 տարով երկարացնելու հետ կապված բոլոր փաստաթղթերը ենթակա են վերանայման/թարմացման՝ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում կարգավորող մարմնին ներկայացնելու համար»:

14:53 Փետրվար 03, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news