«Էկոլուրը» Դիլիջանի ակտիվիստներից ահազանգ է սպասում

«Էկոլուրը» Դիլիջանի ակտիվիստներից ահազանգ է սպասում

Գագիկ Աղբալյան,Իջեւան, Lragir.am

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն ուժեղացնում է ցանցը քաղաքացիական ակտիվի հետ բոլոր այն տարածքներում, որտեղ բնապահպանական ցավոտ խնդիրներ կան: Օգոստոսի 27-ին  կազմակերպության կայքի բլոգում ավելացավ նոր` «Դիլիջան» էջը, որը հնարավորություն կտա ակտիվիստներին, երիտասարդներին, քաղաքի հոգսերով մտահոգ անձանց` ահազանգել «թեժ-գծին», այն էլ` անմիջապես բլոգում տեղեկատվություն տեղադրելով:

Դիլիջանի Օրհուս կենտրոնում «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը հանդիպելով քաղաքի ակտիվիստների հետ, խոսեց առկա բնապահպանական խնդիրների եւ դրանց լուծման համար բնակիչ-ՀԿ համագործակցության հեռանկարների մասին: Ի. Զարաֆյանն ասաց, որ դժվար է միայն մի քանի կառույցների միջոցով վերահսկել բնական ռեսուրսների օրինական կառավարումը, կամ հետեւել, որպեսզի խախտումներ չլինեն: Արդյունավետ աշխատանքի համար, նրա խոսքով, անհրաժեշտ է հասարակության ներգրավումը, ինչն այժմ ՀԿ-ն ապահովում է:

«Էկոլուրի» բլոգի միջոցով հանրությունն իրազեկվում է Հայաստանի` բնապահպանական առումով ամենախոցելի կետերում կատարվող ապօրինությունների եւ իրավախախտումների վերաբերյալ: Այստեղ արդեն մեծ ծավալի նյութեր կան Ալավերդի, Քաջարան, Գյուլագարակ, Թեղուտ, Շնող, Հրազդան, Սոթք, Բերդ եւ այլ համայնքներում իրականացված իրավախախտումների վերաբերյալ: Նախաձեռնությունն աջակցություն է ստանում USAID-ի կողմից` Counterpart International ծրագրի շրջանակներում, եւ կոչվում է «Պաշտպանիր քո բնակավայրի` անտառի նկատմամբ ունեցած իրավունքը»:

Բլոգի «Դիլիջան» էջի շնորհանդեսից անմիջապես հետո երիտասարդ դիլիջանցիներից մեկն այնտեղ տեղադրեց առաջին նյութը լուսանկարներով` Զին-ավան թաղամասի աղտողտվածության մասին:

Ի դեպ, հանդիպմանը ներկա էին նաեւ «Դիլիջան» ազգային պարկի ներկայացուցիչներ, տնօրեն Աշոտ Դավթյանի գլխավորությամբ: «Էկոլուրի», Ազգային պարկի, լրատվամիջոցների եւ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչները խոսեցին պարկի վերաբերյալ հաճախակի հնչող ահազանգերի, իրավախախտումների, տարածքի պահպանման, խախտումները զսպող մեխանիզմների կիրառման մասին:

«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանն իր դժգոհությունը հայտնեց լրատվամիջոցների եւ բնապահպան ակտիվիստների կողմից «կեղծ կամ ուռճացված ահազանգերի վերաբերյալ»: «Ստացվում է, որ մենք պետք է օրվա մեծ մասը տրամադրենք այս կամ այն ահազանգի վերաբերյալ հերքում տարածելով»,-ասաց նա: «Մենք հրավիրում ենք բոլոր կամեցողիներին, որպեսզի գան Ազգային պարկում կատարվող աշխատանքներին մոտիկից ծանոթանան»,-ավելացրեց Ա. Դավթյանը, նշելով, որ իր ղեկավարած կառույցը մեծ աշխատանք է կատարում: Բայց` «անտառապահին պետությունը չի ապահովում համարժեք աշխատավարձով ու պայմաններով»: «Անտառապահներից յուրաքանչյուրը միայնակ հսկում է մոտ հազար հեկտար տարածք,-տեղեկացրեց նա ներկաներին,-այն էլ` առանց զենքի, հատուկ հանդերձանքի: 50 հազար դրամ աշխատավարձով քչերը նման աշխատանք կկատարեին: Վտանգավոր է, շատ անգամ գիշերվա ժամերին ստիպված են լինում հաղթահարել գազանների կողմից հարձակման ենթարկվելու վտանգը, նույնիսկ զենք չենք տալիս պաշտպանվելու համար, ասում ենք` գնա անտառը պահիր»:

Հասարակական եւ պետական դաշտերի ներկայացուցիչները պայմանավորվեցին համագործակցել, ստեղծել մեխանիզմներ անտառային տարածքները պահպանելու նպատակով:

12:55 Օգոստոս 29, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news