ԷկոԼուրն ահազանգ էր ստացել Չարենցավանի բնակիչներից, որ Չարենցավանում բակային տարածքներում վնասում, կտրում, այրում են բակային տարածքների ծառերը, որ դրանց չորանալուց հետո տեղում ավտոտնակ կամ խանութ կառուցեն:
ԷկոԼուրն ահազանգն ուղղել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Կոտայքի մարզպետարան և Չարենցավանի համայնքապետարան՝ տրամադրելով նաև լուսանկարներ: ԷկոԼուրը համայնքապետարանից հարցրել է.
- Համայնքապետարանն արդյո՞ք ահազանգ ստացել է Չարենցավանի բակային տարածքներում ծառերի վնասման վերաբերյալ և ի՞նչ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ:
- Համայնքապետարանը Չարենցավանում որքա՞ն ավտոտնակի և խանութի կառուցման թույլտվություն է տվել 2022թ. ընթացքում և արդյո՞ք ստուգվել է, թե տրված տարածքները կանաչապատ են, թե՞՝ ոչ:
- Բակային տարածքներում ծառերի կտրման կամ վնասման քանի՞ դեպք է բացահայտել Չարենցավանի համայնքապետարանը 2022թ. ընթացքում և ի՞նչ քայլեր է ձեռնարկում այդ ապօրինությունների վերացման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Ի պատասխան ԷկոԼուրի հարցման՝ Չարենցավանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Ղազանչյանը սույն թվականի հոկտեմբերի 28-ի N 1875-22 նամակով ԷկոԼուրին հայտնել է.
«Հայտնում ենք, որ.
- 2022 թվականին Չարենցավանի համայնքապետարանը Չարենցավան համայնքի բակային տարածքներում ծառերի վնասման վերաբերյալ ահազանգ չի ստացել:
- Չարենցավանի համայնքապետարանի կողմից տրվել են թվով 15 ավտոտնակի և խանութի կառուցապատման թույլտվություններ, որոնք կառուցապատման համար կամ սեփականության իրավունքով տրամադրված են եղել բնակիչներին:
- 2022 թվականի ընթացքում ծառերի կտրման ոչ մի դեպք չի արձանագրվել»:
Համայնքապետարանը չի պատասխանել հարցին՝ արդյոք ստուգվել է, թե շինթույլտվության համար տրված տարածքները կանաչապատ են, թե՝ ոչ:
ԷկոԼուրին տրամադրված լուսանկարներում երևում են ծառերի վնասված հատվածները, մինչդեռ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնից ԷկոԼուրին հայտնել են, որ տեղազննման արդյունքում հատված կամ վնասված ծառեր չեն հայտնաբերել:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետ Դ. Դավթյանի նամակում նշված է.
«Ի պատասխան Ձեր՝ 2022 թվականի հոկտեմբերի 21-ի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (Այսուհետ՝ Տեսչական մարմին) ուղղված դիմումի, տեղեկացնում եմ, որ արդեն իսկ Չարենցավան համայնքի (այսուհետ՝ Համայնք) բնակիչների բողոքի հիման վրա Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի և Չարենցավանի համայնքապետարանի աշխատակիցների կողմից Համայնքի բնակչի մասնակցությամբ իրականացված զննման արդյունքում պարզվել է, որ Չարենցավան համայնքի 3-րդ և 6-րդ թաղամասերում գտնվող տարածքները հանդիսանում են քաղաքացիների սեփականություն (կադաստրային ծածկագրեր՝ 07-007-0048-0138, 07-007-0048-0116, 07-007-0048-0100), որոնք ավտոտնակ կամ այլ շինարարություն իրականացնելու նպատակով Համայնքի ղեկավարի շինթույլտվությունների հիման վրա կատարում են հիմքերի փորման և հողահարթեցման աշխատանքներ: Նշված տարածքներում հատված կամ վնասված ծառեր չեն հայտնաբերվել: 3-րդ թաղամասի լողավազանի հարակից տարածքում համայնքապետարանի կողմից կատարվել են խնամքի հատումներ:
Նշված թաղամասերի համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում հայտնաբերվել է 1 հատ «Բարդի» տեսակի ծառ, որի բնի հատվածում նկատվել է այրվածքի հետքեր, սակայն ծառը չի վնասվել մինչև աճի դադարեցման աստիճան (կենսունակ է) և անհայտ անձի կողմից մինչև աճի դադարեցման աստիճան վնասված 30 սմ բնի հաստությամբ 1 հատ «Թեղի» տեսակի ծառ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վնասված ծառի վերաբերյալ գրություն է ուղարկվել Ոստիկանության Չարենցավանի բաժին՝ իրավախախտին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Նշեմ նաև, որ տեսչական մարմնի կողմից հետևողական աշխատանքները շարունակվում են նմանօրինակ խախտումների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ»:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը 25.10.2022թ. թիվ 02/05.1/06279-2022 նամակով հայտնել է, որ Չարենցավան քաղաքի բնակիչներից բակային տարածքներում ծառերի հատման վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզպետարան ահազանգ չի ստացվել: Նշվել է, որ հետամուտ կլինեն նման երևույթների կանխարգելմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մշակած «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով նախատեսվել է, որ քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում, անկախ սեփականության ձևից պետական, համայնքային կամ մասնավոր, ծառերի հատումը կարող է իրականացվել միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ: Թույլտվություն պահանջվելու է սանիտարական կամ խնամքի հատումների համար (բացառությամբ պտղատու ծառերի), հողամասը նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու, կառուցապատման նպատակով ձեռք բերված հողերում ծառահատում իրականացնելու և ծառապատման դեպքերում: Օրինագիծը դեռևս չի ընդունվել:
Հոկտեմբեր 28, 2022 at 15:30