«Հայանտառ»-ը պարզաբանում է, թե ինչու են համարակալվել Արդվու անտառի ծառերը

«Հայանտառ»-ը պարզաբանում է, թե ինչու են համարակալվել  Արդվու անտառի ծառերը

ԷկոԼուր

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը պարզաբանում է, թե ինչու են համարակալվել Լոռու մարզի Արդվի գյուղին հարակից Թումանյանի անտառպետության ծառերը:

«...«Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ նշյալ ծառերը գտնվում են «Հայանտառ»-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Թումանյանի անտառպետության 25-րդ քառակուսու 64, 66, 59 անտառամասերում, որտեղ, անտառտնտեսության կողմից 2018 թվականի խնամքի և սանիտարական հատումների նպատակով, տարածքի նախնական ընտրության և հատման համար ծառերի հաշվառման աշխատանքներ են կատարվել:

Նշյալ անտառային տարածքը հասունացող 60-70 տարեկան կաղնուտ է՝ հասուն և գերհասուն բոխու ուղեկցությամբ: Որպես արժեքավոր ծառատեսակ, կաղնու աճը և բնական վերաճը խթանելու նպատակով՝ հատման են նշանակվել հասուն և գերհասուն բոխու ծառերը, որոնք արդեն իսկ պատված են փչակներով, փայտակեր վնասատուներով և հիվանդություններով (ըստ ներկայացված լուսանկարների, ինչպես նաև՝ անտառտնտեսության կողմից ներկայացված տեղեկության), ինչը, սակայն, դեռ հիմք չէ նշված տարածքում հատումներ իրականացնելու համար:

Համաձայն ՀՀ անտառային օրենսգրքի՝ բնափայտի մթերումն իրականացվում է և տարեկան հատատեղերը որոշվում են անտառշինական նախագծերի (անտառկառավարման պլանների) հիման վրա, իսկ դրանց բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում՝ բնափայտի մթերումն իրականացվում է պետական կառավարման լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա։ Սանիտարական հատումների անհրաժեշտությունը և ծավալները հիմնավորվում են անտառպաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա:

Նշված տարածքում հատատեղի նախնական հատկացման և հատման համար ընտրված ծառերի մասով դեռ պետք է կատարվեն փաստացի ուսումնասիրություններ՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի եզրակացության հիման վրա միայն կորոշվի հատատեղի հատկացման հարցը:

«Անտառտնտեսություն» մասնաճյուղերը մինչև 2017թ. վերջ ավարտելու են իրենց կողմից ընտրված հատատեղերի հատկացման աշխատանքները, և արդյունքները ներկայացնելու են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, որն էլ, համապատասխան ուսումնասիրություններից հետո, դրանք ներկայացնելու է պետական կառավարման լիազորված մարմին՝ սահմանված կարգով ուսումնասիրելու և 2018 թվականի տարեկան հատատեղային ֆոնդի ծավալները, ըստ հատման տեսակների, որոշելու համար:

Որոշ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ուսումնասիրություններ և նման ընթացակարգ արդեն կիրառվել է կամ ընթացքի մեջ է, իսկ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ դեռ ոչ»,- նշված է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

18:37 Նոյեմբեր 20, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news