Մեզ հավաստիացնում են, որ Թեղուտի հանքը կվերաբացվի. Նիկոլ Փաշինյան

Մեզ հավաստիացնում են, որ Թեղուտի հանքը կվերաբացվի. Նիկոլ Փաշինյան

ԷկոԼուր

«Շատ ակտիվ աշխատանք է տեղի ունենում Թեղուտի հանքի հետ կապված, և այն մարդիկ, ովքեր ներգրավված են պրոցեսի մեջ, մեզ հավաստիացնում են, որ շատ արագ և շուտով մենք այդ ոլորտում կունենանք հաջողություն, այսինքն, այն կվերաբացվի»: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 27-ին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ:

Պատգամավորներին ՀՀ վարչապետը ներկայացնում էր կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները: Թեղուտի հանքավայրի ծրագրին Փաշինյանն անդրադարձավ արդյունաբերության ոլորտի աճի դինամիկան ներկայացնելիս:

«Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին աճել է 1.9 տոկոսով: Սա, չնայած այն հանգամանքին, որ հունվարին արդյունաբերական արտադրանքը նվազել էր 1.1 տոկոսով: Փետրվարին արձանագրված 4.7 տոկոս աճի շնորհիվ երկամսյա հանրագումարը կազմել է 1.9 տոկոս: Ընդ որում, դա տեղի է ունեցել հետևյալ կարևոր պայմաններում: Ես ուզում եմ հիշեցնել, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի, օրինակ Թեղուտի հանքը, որը վիճակագրորեն ապահովում էր մեր արդյունաբերական աճի մի հսկայական տոկոսը, արդեն բավական երկար ժամանակ չի աշխատում, արդեն մեկ տարի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Թեղուտի հանքավայրի վերագործարկման նպատակով Հայաստանի կառավարությունը բանակցում էր «Ռուսական պղնձի ընկերության» հետ, որին որպես ներդրող ներգրավել էր ՎՏԲ բանկը, որտեղ գրավադրված են Թեղուտի ակտիվները: Բանակցությունները վարվում էին ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանի միջոցով, ով, ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ընկերության ներկայացուցիչն է: Սակայն արդյունք դեռ չկա: Հայկական կողմը պնդում էր, որ ռուսական ՎՏԲ բանկը և ռուսաստանաբնակ ներդրողը չեն կարողանում սկսել Թեղուտի հանքավայրի շահագործման գործընթացը, քանի որ կա խոչընդոտող դատական գործընթաց: Իր հերթին «Վալլեքս» խումբը (Թեղուտի հանքավայրի նախկին շահագործող) հավաստիացնում էր, որ դատական հայցերի ընթացքը ոչ մի կերպ չի խոչընդոտում Թեղուտի վերագործարկմանը:

Նշենք, որ 2019 թվականի մարտի 11-ին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ  Բնապահպանական հանրային դատարանը քննեց «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը և այդ Թեղուտի ծրագրով թույլ տված խախտումները ճանաչեց որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:

Մարտ 27, 2019 at 17:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր