Թեղուտի և Նահատակի պոչամբարներն ունե՞ն ռիսկերի կառավարման և մեղման կարգ, հարցում ԱԻՆ-ին

Թեղուտի և Նահատակի պոչամբարներն ունե՞ն ռիսկերի կառավարման և մեղման կարգ, հարցում ԱԻՆ-ին

ԷկոԼուր

ԷկոԼուրը նամակով դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` խնդրելով տրամադրել նախարարության ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի եզրակացությունը Նահատակի և Թեղուտի պոչամբարների տեխնիկական անվտանգության վերաբերյալ և պոչամբարների ռիսկերի կառավարման և մեղման համար կարգ կամ ծրագիր: Նամակում ասված է.
«Համաշխարհային բանկի աջակցությամբ հրապարակված «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» ուսումնասիրության համաձայն` Թեղուտի, Նահատակի պոչամբարները համարվել են ամենառիսկայինները: Այս երկու պոչամբարների համար ուսումնասիրության մեջ տրվում է միևնույն գնահատականը. «Պոչամբարի նախագիծը համարժեք չէ թե բնապահպանական, թե ֆիզիկական կայունության առումով: ԱԹԴ (ապարաթթվային դրենաժ) արտադրող նյութերի առկայության պատճառով պոչամբարը միջինից երկարաժամկետ հատվածում կարող է ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա» («Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան», էջ 130, էջ 133 ):

Հաշվի առնելով, որ նշված պոչամբարները, ըստ ուսումնասիրության, կառուցվել են` վերընթաց բարձրացման նախագծով, որն անընդունելի է համարվում սեյսմավտանգ շրջանում, իսկ Հայաստանում` Լոռի մարզում հունիսի 6-ին և 7-ին գրանցվեց երկրաշարժ, նաև հաշվի առնելով, որ պոչամբարների փլուզումը, վթարը կարող է լուրջ ազդեցություն և հետևանքներ ունենալ, ինչպես նաև մարդկային զոհերի պատճառ դառնալ, («Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան», էջ 95) և հաշվի առնելով տեղի բնակչության ահազանգները պոչամբարների սխալ կառուցման, պոչամբարներից արտահոսքերի և ջրի, հողի աղտոտման մասին, հաշվի առնելով, որ ոչ «Թեղուտ» ՓԲԸ-ն, ոչ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն չեն ներկայացրել հասարակայնությանը համապատասխան պատասխանատու պետական գերատեսչությունների եզրակացությունները պոչամբարների վիճակի մասին` կառուցման և շահագործման փուլում` խնդրում ենք տրամադրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի եզրակացությունը Նահատակի և Թեղուտի պոչամբարների տեխնիկական անվտանգության վերաբերյալ և պոչամբարների ռիսկերի կառավարման և մեղման համար կարգ կամ ծրագիր, որոնք ներառում են նաև մոտակա համայնքների համար արտակարգ իրավիճակում գործելու պլաններ:

Խնդրում ենք տեղեկացնել, թե արդյոք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ուսումնասիրել է`երկրաշարժերը որևէ ազդեցություն ունեցել են Լոռու մարզի պոչամբարների վրա, եթե ուսումնասիրել է, խնդրում ենք տրամադրել արդյունքները, ինչ խնդիրներ է բացահայտել և ինչ հանձնարարականներ է տվել»:

14:25 Հունիս 11, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news