Ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում «Ժառանգություն»-ը խոստանում է Երևանում ստեղծել արգելոցային գոտի

Ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում «Ժառանգություն»-ը խոստանում է Երևանում ստեղծել արգելոցային գոտի

ԷկոԼուր

Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում «Ժառանգություն» կուսակցությունը խոստանում է մայրաքաղաքում ստեղծել արգելոցային գոտի, ընդլայնել կանաչ տարածքները, իրականացնել «Երեւանյան անտառ» ծրագիրը:

«Ժառանգության»՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է:
Կուսակցության նախընտրական ծրագրում բնապահպանական բաղադրիչը ներկայացված է «Կանաչ Երեւան՝ քարակերտ անապատի փոխարեն» բաժնում.

«Հանրային զբոսայգիներն ու կանաչ տարածքները կազմում են քաղաքաշինական նորմերով սահմանվածի ընդամենը 20 տոկոսը, եւ այդ ցուցանիշը շարունակում է նվազել: Դրա հետեւանքով չի արտադրվում մարդու թոքերի համար անհրաժեշտ եւ բավարար թթվածնի քանակություն. նորմատիվ համարվող 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին այժմ բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ պակաս կանաչ տարածք, ինչը հարուցել է սուր շնչառական հիվանդություններ կամ նման հիվանդություններով տառապող երեւանցիների շրջանում առաջացրել սրացումներ:
Չոր մայրցամաքային կլիմա ունեցող Երեւանը գտնվում է օշինդրային կիսաանապատի գոտում, որին առավել քան անհրաժեշտ են զանգվածային կանաչ տարածքներ ու ջրային մակերես՝ քամիներից պաշտպանվելու, օդը խոնավացնելու, փոշուց եւ թունավոր նյութերից մաքրելու համար: Քաղաքի կառուցապատման, կանաչ տարածքների ոչնչացման ներկայիս քաղաքականությունը սպառնում է անգամ փոխել բնակլիմայական գոտին` այն կիսաանապատայինից վերածելով անապատայինի:

Անցած 20 տարիների ընթացքում Երեւանը՝ որպես մայրաքաղաք, կորցրել է իր քաղաքային մշակույթի եւ ինքնության կարեւոր տարրերից մեկը, քանի որ հանրային շահը ստորադասվել է մասնավոր տնտեսվարողների բիզնես-շահերին, իսկ հանրային կանաչ տարածքները համատարած կերպով օտարվել ու անխնա ոչնչացվել են` խեղաթյուրելով դրանց նպատակային նշանակությունը թե՛ իբրեւ առողջության աղբյուր, թե՛ սոցիալական շփումների ու քաղաքային մշակույթի դրսեւորման միջավայր:

Մայրաքաղաքի կանաչ եւ հանրային գոտիների օտարման հաշվին համայնքային բյուջեի համալրման գործելակերպն այլեւս չի կարող շարունակվել: Դա վտանգի տակ է դնում Երեւանի կայուն զարգացումը եւ երեւանցու առողջությունը: Քաղաքի գլխավոր հատակագծի շեղումներն ու կանաչ տարածքների ապօրինի կառուցապատումները հասնում են ահռելի չափերի, եւ վճռական քայլեր են պահանջվում դրանք գլխավոր հատակագծի պահանջներին համապատասխանեցնելու համար:

Նախորդ տարիներին նմանապես գործարկվել է թափառող կենդանիների ոչնչացման տմարդի գործելակերպ:

Վերը թվարկված միտումները կանխելու, ռիսկերը կառավարելու վճռականությամբ` «Ժառանգություն» կուսակցությունը կառաջնորդվի լայնարձակ զբոսայգիներ ու մեծածավալ ծառապատ վերականգնողական եւ հանգստի գոտիներ ստեղծելու ուղեգծով՝ համաձայն գլխավոր հատակագծի գոտեվորման, ինչպես նաեւ Ալեքսանդր Թամանյանի «Քաղաք-այգի» հայեցակարգ-տեսլականի:

Այս ոլորտում իրականացվող քաղաքականության առաջնահերթություններն են.

• մայրաքաղաքի կանաչ տարածքի ընդլայնումը՝ մինչեւ յուրաքանչյուր շնչի հաշվով 20 քառ. մետր, ներկայիս 6 քառ. մետրի փոխարեն: Կենտրոնում եւ յուրաքանչյուր վարչական շրջանում 8-10 նոր այգիների՝ հանրային հարմարավետ տարածքների հիմնումը.

• ծառապատման համար դեկորատիվ, էկոլոգիապես մաքուր, գեղեցիկ ծառերի՝ կաղնու, հաճարենու, լորենու, շագանակենու, կաղամախու, ակացիայի, թխկենու օգտագործումը՝ բացառելով գորշ բարդենին: Պուրակները ծաղկապատելու համար բազմամյա ծաղիկներ օգտագործումը.

• Երեւանի շրջագծում գտնվող եւ համայնքին պատկանող կանաչ գոտիների օտարման արգելումը, դրանք սեփականության կամ վարձակալության իրավունքով տրամադրելու համար աճուրդների բացառումը: Այդ տարածքների պատկառելի մասը պետք է արգելոցային գոտի հայտարարվի.

• Երեւանի 2019թ. բյուջեում կանաչ տարածքների պահպանությանը եւ ավելացմանը հատկացվող գումարի կրկնապատկումը: Այն ծախսելու փիլիսոփայություն պետք է ծառայի ոչ թե քաղաքի կարճաժամկետ գեղեցկացմանը, այլ երկարատեւ էկոլոգիական վերականգնմանը, ծառաշատ գոտիների՝ պուրակների, սիզամարգերի, անտառակների ավելացմանն ու տեւական խնամքին.

• համայնքային միջոցներով բոլոր հանրային այգիների ու պուրակների բարեկարգումը, դրանց տարածքում բետոնապատ կամ ապակեպատ կառույցների՝ այդ թվում սրճարանների, զվարճանքի տարատեսակ վայրերի տեղադրման բացառումը: Պետք է օգտագործման հատուկ կանոններ սահմանվեն մասնավոր ներդրողներին սեփականաշնորհվող կամ վարձակալության տրվող, բայց հանրության կողմից օգտագործվող կանաչ գոտիների համար.

• հանրային գոտիներում ցանկացած մեծածավալ կամ փոքրածավալ քաղաքաշինական որոշումից ու հողահատկացումից առաջ քաղաքապետարանի կողմից տվյալ տարածքի բնակչության ակտիվ իրազեկումը եւ այդ նախագծի շուրջ, օրենսդրության պահանջների խստագույն պահպանմամբ, հանրային լսումների կազմակերպումը.

• հանրային զբոսայգիներում մասնավոր ընկերությունների հետ բարեկարգման եւ շահագործման պայմանագրերի կնքումը միայն այն դեպքում, եթե մասնավորը հանրության հետ համաձայնեցնի առաջարկվող նախագիծը եւ պարտավորվի զբոսայգին շահագործել քաղաքապետարանի հետ պայմանագրով ամրագրված կանոնների եւ այգու նպատակային նշանակության խստագույնս պահպանմամբ.

• ծաղկապատման գործողություններից անցումը առավելաբար ծառաշատ այգիների եւ պուրակների ստեղծմանն ու խնամքին: Հանրային բոլոր այգիների ու պուրակների անձնագրավորումը` դրանց մուտքերի մոտ համապատասխան հատակագծերի փակցմամբ.

• կենտրոնական եւ ծայրամասային զբոսայգիների աստիճանական ազատումը մասնավոր տնտեսվարողների կողմից օրենքի խախտումներով կառուցված բետոնե շինություններից, ավարտվող պայմանագրերի չերկարաձգումը եւ այն պայմանագրերի խզումը, որոնք կնքվել են օրենքի խախտմամբ.

• նախկինում` 1990-2000-ականներին, գլխավոր հատակագծի խախտումներով կամ ապօրինաբար օտարված մեծաքանակ կանաչ տարածքները հանրությանը վերադարձնելու հնարավորության վերանայումը: Կուսումնասիրվի հանրային կանաչ տարածքների օտարման վերաբերյալ նախկինում ընդունված որոշումների օրինականությունը եւ ապօրինության փաստերի առկայության դեպքում քայլեր կձեռնարկվեն այդ որոշումների իրավական կարգավիճակը հստակեցնելու եւ համապատասխան շտկումներ կատարելու համար.

• բազմահարկ բնակելի շենքերի բակերում կառուցված ավտոտնակների կենտրոնացումը ստորգետնյա կամ բարձրահարկ համալիր-կայանատեղիներում՝ ազատված տարածքների հաշվին մեծացնելով բակային այգիներն ու պուրակները.

• բազմահարկ բնակելի շենքերի բակերում կառուցված առանձնատների ապամոնտաժումը՝ բնակմակերեսի տարբերությունը փոխհատուցելու պայմանով: Ազատված տարածքների հաշվին բակային այգիների, պուրակների, մանկական խաղահրապարակների մեծացումը: Գիտակցելով սեփականության իրավունքի կարեւորությունը եւ այն հանգամանքը, որ շատ դեպքերում կառուցապատողները կամ մասնավոր հատվածը քաղաքային ու կենտրոնական իշխանությունների պարտադրած խաղի կանոնների արդյունքում են ձեռք բերել սեփականության կամ վարձակալության իրավունքը, յուրաքանչյուր դեպքի համար գտնել անհատական եւ փոխշահավետ լուծում.

• ցանկացած կառուցապատման դադարեցում եւ «Հայանտառ»-ի հետ համագործակցությամբ հետեւյալ տարածքների վերականգնում. Նորքի անտառից մնացած հատվածը, «Հաղթանակ» զբոսայգու անտառից մնացած հատվածը, Ավանի հին եւ նոր թաղամասերի միջեւ գտնվող անտառածածկ գոտին, Դալմայի այգիները, մյուս կանաչապատ տարածքները` դրանց համար մշակելով վերականգնողական եւ պահպանության հատուկ ծրագրեր.

• «Երեւանյան անտառ» ծրագրի իրականացումը, որով մայրաքաղաքի հարավային եւ հյուսիսային հատվածներում կհիմնվեն անտառներ՝ հետագա կառուցապատման արգելքով: Նորքի ստորոտում վերականգնել անտառը՝ կասեցնելով ցանկացած կառուցապատում, իրականացնել ոռոգման համակարգի կառուցում եւ ծառատունկ.

• գաճաճ ծառատեսակներով քաղաքի կանաչապատման դադարեցումը եւ Երեւանի բնակլիմայական պայմաններին հարիր սաղարթախիտ ծառատեսակներով կանաչապատման վերսկսումը.

• բուսաբանական այգում տիրող վիճակի արմատական վերափոխումը: Այն պետք է դառնա մաքուր, ծառաշատ, ջրային մակերեսներ ունեցող իմացաբանական այգի, որը երեւանցիների համար կդառնա ոչ միայն հանգստի սիրելի վայր, այլ նաեւ բնական գիտելիքների ձեռքբերման կարեւոր ինստիտուտ.

• կենտրոնի եւ մյուս վարչական շրջանների միջեւ մնացած մեծ անտառածածկ հատվածների սահմանազատումը: Դրանք պետք է հայտարարվեն անձեռնմխելի հանրային կանաչ գոտիներ: Երեւանի վարչական շրջանների կանաչ գոտիներն ու այգիները միացնող ճանապարհների հիմնումը` հետիոտնի եւ հեծանվային անխափան երթեւեկի համար.

• կանաչ տարածքների վերականգնման աշխատանքների արդյունավետության համար կաթիլային ջրման ցանցի ստեղծումը, իսկ որոշ վայրերում՝ ոռոգման ցանցի վերականգնումը.

• թափառող կենդանիների ոչնչացման գործելակերպի դադարեցումը եւ դրա փոխարինումը ստերիլացման եւ հատուկ ապաստարաններում չորքոտանիների տեղավորման ու խնամքի աշխատանքներով»:

19:26 Սեպտեմբեր 18, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news