Ինչ բնապահպանական ծրագրեր են առաջարկում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը

Ինչ բնապահպանական ծրագրեր են առաջարկում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը

ԷկոԼուր

Մեկնարկել է 2018թ-ի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ` «Հայաստանի հանրապետական», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Լուսավոր Հայաստան», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Ազգային առաջընթաց», «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունները, «Իմ քայլը», «ՄԵՆՔ» կուսակցությունների դաշինքը:
ԷկոԼուրը ներկայացնում է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի` բնապահպանությանը, հանքարդյունաբերությանը, էներգետիկ զարգացմանը, և ջրային ռեսուրսներին վերաբերող դրույթները:

1 համարի ներքո հանդես եկող Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում բացակայում է Շրջակա միջավայրի պահպանությանը առնչվող բաղադրիչ:

2 համարի ներքո հանդես եկող «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ծրագրի «Բնապահպանություն» բաժնում նշված է. «Բնության պահպանությունը, դրա մշտական բարելավումը մեր գերակա առաջնահերթությունն է․ մեր բոլոր որոշումներում և դրանից բխող քաղաքականությունների մշակման ժամանակ մենք այն միշտ հաշվի ենք առնելու:

Մենք ընդունում ենք այն սկզբունքը, որ շրջակա միջավայրը, բնությունը և նրա մաս կազմող բոլոր կենսաբանական օրգանիզմները, արարածներն ու տարրերը մեր մշտական հոգածության և պաշտպանության կարիքն ունեն: Բնության մեջ ոչ մի տեսակ գերակա չէ մյուս տեսակների հանդեպ: Մարդը և մյուս բոլոր կենսաբանական օրգանիզմներն ու բնության տարերը պետք է ապրեն ներ¬դաշ¬նակության, փոխօգնության և հավասարաչափ փոխազդեցության սկզբունքներով:

Տնտեսական առումով Հայաստանի Հանրապետության բնական պաշարները՝ ընդերքը, հողը, ջուրը, օդը, բուսական,կենդանական և այլն, նրա ժողովրդի սեփականությունն են, ընդ որում՝ ո՛չ միայն ներկա ժամանակում հաստատված կարգերով հարաբերվող ՀՀ քաղաքացիների, այլև նրանց սերունդների, որոնք հնարավոր է՝ նոր մոտեցումներ որդեգրեն իրենց սեփականությունը տնօրինելու հարցում։ Բնությանը և բնական պաշարներին վերաբերող հարցերում անհրաժեշտ է ելնել այն հանրաճանաչ կանխավարկածից, որ «շրջակա միջավայրը մենք ո՛չ թե նվեր ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով վերցրել ենք մեր զավակներից»։ Ուստի բնական պաշարների օգտահանման, բնօգտագործման հարցերում հարկավոր է առաջնորդվել գալիք սերունդներին պատկանող սեփականությունը չյուրացնելու, դրա օգտահանումից նրանց համար ապագայի լավ պայմաններ ստեղծելու սկզբունքներով։

Բնական պաշարների օգտագործումը, ի տարբերություն այլ ոլորտների, իր ամբողջ ծավալով նստած է հանրային ունեցվածքի բազայի վրա, և անարդար կլինի, որ այն հավասար պայմաններով հարկվի տնտեսական գործունեության այլ ձևերի հետ։ Բնական պաշարների օգտագործումից և արդյունահամնումից առաջացող հարստությունը բաշխվում է սոցիալական արդարության սկզբունքով և չի կարող ծառայել կլանային կամ ինչ-որ արտոնյալ փոքր խմբերի, կազմակերպությունների կամ կոր¬պորացիաների՝ լինեն դրանք տեղական թե միջազգային:

Մենք դեմ ենք մետաղական նոր հանքերի շահագործմանը, իսկ հանքարդյունաբերական արդեն իսկ գործող համալիրի դեպքում առաջարկում ենք որդեգրել վերը նշված հարկային քաղաքականությունը և հարկային արտոնություններ տալ հին տեխնոլոգիաները նոր՝ առավել կանաչ տեխնոլոգիաներով փոխարինող ընկերություններին, իսկ հրաժարվելու դեպքում՝ գանձված հարկային միջոցները ծառայեցնել նաև այդ նպատակին։ Երկարաժամկետ կտրվածքով արդեն իսկ գործող մետաղական հանքերը նույնպես պետք է փակվեն: Մենք մշակելու ենք քաղաքականություններ, որ ժամանակի ընթացքում չեզոքցնենք դրանց փակման բացասական տնտեսական ազդեցությունը տեղական համայնքների և ընդհանուր տնտեսության վրա, որից հետո վերջնական փակվելու են բոլոր մետաղական հանքերը:

Բնությունը մեր կենսատարածքն է, որի որակը պետք է շարունակաբար բարելավվի։ Այն պետք է առողջ միջավայր հանդիսանա ինչպես մարդկանց, այնպես էլ ներդաշնակ գոյատևող այլ արարածների համար։

Այս առումով մենք կարևորում ենք հետևյալ քայլերը․
-բացառել նոր մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվությունների տրամադրումը,

-փուլ առ փուլ բարձրացնել բնօգտագործման վճարները, ռեկուլտիվացիոն դրամագլխի վճարները, արտանետման վճարները։ Կոշտ և համարժեք քաղաքականություն վարել միջավայրի աղտոտման հարցում,

-արմատապես բարեփոխել ՇՄԱԳ փորձաքննության համակարգը՝ գիտականորեն լիարժեք քննված, փաստարկված, ապացուցված քաղաքականություն իրականացնելու նպատակով,

-վարել Արարատյան արտեզյան ավազանի վերականգնողական կոշտ քաղաքականություն, տնտեսվարողների հետ համագործակցելով՝ առնվազն 65%-ով կրճատել ձկնաբուծական նպատակով օգտագործվող խորքային հորերի ջրերի ծախսը,

-Սևանա լճի կառավարման պլանը համապատասխանեցնել էկոլոգիական չափանիշներին՝ լճի էկոլոգիական վիճակը ունենալով որպես թիվ 1 առաջնահերթություն,

-զարգացնել անտառային մոնիթորինգի համակարգը։ Անտառամերձ համայնքների բնակչությանը ներգրավել որպես անտառների պահպանությունից ստացվող տնտեսական օգուտի անմիջական շահառու։ Պետական կապիտալ ներդրումներով խթանել էկոբիզնեսի զարգացմանը,
հողահանդակների օգտագործման ոլորտում իրականացնել լիարժեք հսկողություն, պլանավորում՝ բացառելու հողերի դեգրադացիան և էրոզիան,

-հիմնովին բարեփոխել թափոնների և հատկապես կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի օրենսդրությունը։ Աղբավայրերի տեղադրումը իրականացնել գիտականորեն հիմնավորված պլանավորմամբ՝ պարտադիր նախատեսելով վերամշակման բաղադրիչ,

-բնության հատուկ պահպանվող տարածքների հիմման վրա ստեղծել կենսոլորտային պահպանավայրեր, որոնք արդի աշխարհում զբոսաշրջային կարևոր այցեքարտ են և հնարավորություն կտան շրջակա տարածքի բնակիչներին տնտեսական առավել մեծ օգուտ ստանալ բնությունը պահպանելուց՝ քան ստանում են գերշահագործումից,

-դիտարկել արագաճ ծառատեսակներով արդյունաբերական նպատակով անտառտնկման հնարավորությունը»:

3 համարի ներքո հանդես է գալիս «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցությունը: ՀՅԴ-ի նախընտրական ծրագրում մասնավորապես նշված է. «…Դաշնակցությունը վստահ է, որ պետության քաղաքականությունը պետք է միտված լինի բնական ռեսուրսների գերշահագործումն բացառելուն, շրջակա միջավայրի, այդ թվում` մարդու կյանքի ու առողջության վրա բացասական ազդեցությունը նվազեցնելուն, բնական ռեսուրսների համալիր կառավարմանը և դրանից ստացվող եկամուտների արդար բաշխմանը հասարակության բոլոր անդամների միջև: Սակայն կայուն զարգացումը միայն բնապահպանական գործոն չէ: Այն պահանջում է, որ պետության քաղաքականությունն ուղղված լինի նաև գալիք սերունդների բարեկեցության ապահովմանը, ներառյալ` կրթությունն ու առողջապահությունը:…»:

4 համարի ներքո հանդես եկող «Իմ քայլը» կուսակցությունների նախընտրական ծրագրում նշված է.
«8. Էներգետիկ բնագավառ.

2. Ապահովելու ենք վերականգնվող էներգետիկ համակարգերի շարունակական ընդլայնում եւ իրականացնելու ենք էներգախնայողության պրոգրեսիվ միջոցառումներ: …

10. Գյուղատնտեսություն

1. մշակելու ենք ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն և իրականացնելու ենք ոռոգման համակարգերի արդիականացման պետական աջակցության ծրագրեր:

15. Շրջակա միջավայրի համալիր պահպանում, վերականգնում և կայուն բնօգտագործում

Բնապահպանության ոլորտում մեր տեսլականը հիմնվում է շրջակա միջավայրի համալիր պահպանման, վերականգնման, բարելավման եւ ողջամիտ օգտագործման սկզբունքների վրա: Գիտակցելով մեր պատասխանատվությունը գալիք սերունդների ճակատագրի նկատմամբ` որդեգրելու ենք բնական ռեսուրսների գերշահագործման և ապօրինի օգտագործման բացառման, շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու սկզբունքները: Մենք ներդնելու ենք այնպիսի ժամանակակից գործիքներ, որոնք կբացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցվի շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա բացասական ազդեցությունը: Այդ նպատակին հասնելու համար ապահովելու ենք ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի մոտարկումը Եվրոպական միության դիրեկտիվներին: Մենք իրականացնելու ենք շրջակա միջավայրի պաշտպանության հետեւյալ թիրախային ծրագրերը.

1. բնապահպանական և բնօգտագործման վճարներն ուղղելու ենք շրջակա միջավայրի պաշտպանության նորարարական այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են ազդակիր համայնքում սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրերը` հատկապես կարևորելով ազդակիր և հարակից համայնքներում աշխատատեղերի ավելացումը:

2. իրականացնելու ենք «պարտքը բնապահպանության դիմաց» համակարգի գործարկում, ինչի արդյունքում այն գումարների մի մասը, որը պետք է ծառայեր արտաքին պարտքի սպասարկմանը, ուղղվելու է բնապահպանական ծրագրերի` կենդանական, բուսական աշխարհի կամ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և վերականգնմանը:

3. մշակելու ենք հանրապետությունում աղբի կառավարման համալիր ռազմավարություն և գործողությունների ծրագիր, ինչի արդյունքում մասնավոր հատվածի հետ համատեղ գործարկելու ենք առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ թափոնների վերամշակման ծրագրեր:

4. ջրային ռեսուրսների պահպանումը, արդյունավետ օգտագործումը և որակի բարձրացումը դարձնելու ենք մեր գերակայություններից մեկը: Կառավարությունն իր գլխավոր խնդիրներից է հռչակելու ջրային ռեսուրսների կառավարման գերարդյունավետ համակարգի ներդրումը: Հայաստանը աշխարհի երկրների շարքում այսուհետ ընկալվելու է որպես ջրի երկիր, ջուրը դառնալու է Հայաստանի այցեքարտը միջազգային ասպարեզում:

5. Սևանա լճի մակարդակի պահպանումը, աղտոտվածության նվազեցումը և ապա բարձրացումը գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում, ինչը նրա հարատևության և կենսաբազմազանության ապահովման գրավականն է:

6. ընդերքօգտագործման ոլորտում առաջնորդվելու ենք բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման, ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, ընդերքօգտագործումից առավելագույն ավելացված արժեքի ստացման և կայուն զարգացման սկզբունքներով, այդ թվում՝ շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնելու եւ գալիք սերունդների շահերի պաշտպանության միջոցով:

7. մշակելու ենք հանքարդյունաբերության՝ օրենսդրական դաշտի, ոլորտում արձանագրված խնդիրների, միջազգային լավագույն ստանդարտների վերլուծության վրա հիմնված ռազմավարություն, որի արդյունքում դրվելու են ոլորտի զարգացման ռազմավարական հիմքերն ու սկզբունքները, ինչպես նաև մշակելու ենք վերջիններից բխող օրենսդրական բարեփոխումներ։

8. ներդնելու ենք շրջակա միջավայրի միասնական մոնիթորինգի և վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր: Քայլեր ենք ձեռնարկելու բնական ռեսուրսների արդյունահանման ծավալների և հանքահումքային հենքի վերարտադրության տեմպերի միջեւ դիսբալանսի վերացման համար:

9. ապահովելու ենք հանքարդյունաբերական թափոնների կառավարման և շահագործված հանքերի փակման/ ռեկուլտիվացիայի ժամանակակից մեխանիզմների կիրառումը:

10. մեր քաղաքականությունը միտված է լինելու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը և վերամշակող հանքարդյունաբերության զարգացման խթանմանը, ինչը կապահովի հանքանյութերի մշակման ամբողջական ցիկլը և կստեղծի տնտեսական հավելյալ արժեք: Ուստի, նվազեցնելու ենք խտանյութի և չվերամշակված հումքի արտահանումը՝ այն փոխարինելով վերամշակված հանքանյութի արտահանմամբ»:

5 համարի ներքո հանդես եկող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի «Գյուղատնտեսություն» բաժնում առաջարկվել է ՀԷԿ-րի շինարարության թույլատրում միայն բարձր լեռնային շրջաններում: Ծրագրի «Բնապահպանություն», «Բնական պաշարները, Ջրային տնտեսությունը», բաժիններում նշված է.
«Բնապահպանություն
Երկրի երկարաժամկետ կայուն զարգացման կարևոր նախապայման և երաշխիք է հանդիսանում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը:

Անհրաժեշտ է բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունները, ապահովել շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը կամ նվազեցումը, բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը:
Կարևորում ենք նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացումը, մթնոլորտային օդի պահպանությունը, կենսաբազմազանության պահպանությունը, անտառների ապօրինի հատումների կանխումը, թափոնների կառավարումը, շրջակա միջավայրի պահպանության նորարարական տնտեսական և ֆինանսական մեխանիզմների ներդրումը:

Բնական պաշարները
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորում է մեր երկրի բնական պաշարներն արդյունավետ և թափանցիկ օգտագործելու խնդիրը, քանի որ դրանք այսօրվա և ապագա մեր սերունդների անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործոններից են։

Ջրային տնտեսությունը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորում է ջրային տնտեսության համակարգի հետագա զարգացման ու բարեփոխումների, ինչպես նաև ֆինանսական կայունության ապահովումը, ենթակառուցվածքների ու ոլորտային հաստատությունների ինքնաբավ և տնտեսապես անկախ գործունեությանը նպաստող կառավարման նոր համակարգերի ներդրումը, տարբեր համայնքների բաշխիչ ցանցերի բարելավումը՝ ջրակորուստների կրճատման, ջրի բաշխվածության ապահովման նպատակով ջրի որակի բարձրացումը, սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավումը, խմելու ջրի նոր ռազմավարության ներդրումը:

Կարևորվում է նաև ոռոգման համակարգերի վերականգնման, վերակառուցման, արդիականացման ներդրումային, ինչպես նաև ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը, ոռոգման համակարգի զարգացման ծրագրի մշակումն ու իրականացումը, նոր տեխնոլոգիաների և կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով ոռոգման արդյունավետության բարձրացման, ջրակորուստների կրճատման, ջրախնայողության, ոռոգվող հողատարածքների ավելացման, ջրի առցանց, թափանցիկ կառավարման համակարգի ներդրումը:

Էներգետիկ համակարգի արդիականացում
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորում է Հայաստանի էներգետիկ անկախության և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում երկրի ունեցած զգալի ներուժի իրացումը, այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների ավելացումը, էներգախնայողության ապահովումը, էներգետիկ ոլորտի կայուն զարգացման ապահովումը` հենվելով ատոմային էներգետիկայի հետագա զարգացման, էներգակիրների մատակարարման տարատեսականացման, էներգաարդյունավետ ժամանակակից միջոցների իրականացման ու նոր տեխնոլոգիաների ներդրման վրա»:

6 համարի ներքո հանդես եկող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ծրագրային հիմնադրույթներում բնապահպանության վերաբերյալ նշված է. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը դառնալու է արդյունաբերական բարձր զարգացած պետություն` անհրաժեշտաբար և տրամաբանորեն առաջնային կարևորության նշանակություն է ձեռք բերում բնապահպանական խնդիրը:
Առողջ բնական միջավայրի, բնության պահպանությունը մարդու և բնության ներդաշնակ կյանքի, մի խոսքով, էկոհամակարգի ապահովումը ստանում է կենսական նշանակությունև անհրաժեշտ է, որ այն գտնվի պետության բարձր հոգածության և պաշտպանության կենտրոնում»:

7 համարի ներքո հանդես եկող «Ազգային առաջընթաց» կուսակցության  նախընտրական ծրագրում նշված է. «Խստացվելու են նաև օրենսդրական ու լիցենզավորման պահանջները հանքարդյունաբերության ոլորտում լիցենզիաների տրամադրման հետ կապված՝ նպատակ ունենալով սահմանափակել հանքարդյունահանման ծավալները և դրա ֆինանսական գրավչությունը։

Ռազմական արդյունաբերությունը, արևային էներգիայի ու քամու հաշվին էլեկտրոէներգիայի արտադրությունը, տեղեկավական ու բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը, թեթեւ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը հայտարարվելու են գերակա ճյուղեր»:


8 համարի ներքո հանդես եկող «Մենք» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրում նշված է.
«...Հանքահումքային արդյունաբերությունը վերածել հումքի ավարտական մշակմամբ արդյունաբերության:
Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման հայեցակարգի մշակում և հետևողական իրականացում:

Գյուղատնտեսություն
2. Հողի որակի և կառավարման բարելավում: Ոռոգման բարելավում։ Ոչ ճիշտ ագրոտեխնիկայի կիրառման և հողապաշտպան միջոցառումների բացակայության պատճառով հողերը այս կամ այն չափով վնասված են: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հողերի որակի և կառավարման բարելավման ուղղությամբ: Պետք է բարելավվի նաև ջրատարների վիճակը, արդիականացվի ջրման տեխնիկան՝ անցնելով կաթիլային ոռոգման համակարգին: Որոշ փորձագիտական կարծիքի համաձայն՝ Հայաստանը կարող է զգալի քանակությամբ խմելու ջուր արտահանել, եթե վերանայի իր ջրօգտագործման հայեցակարգը:

Առողջ ապրելակերպ և որակյալ առողջապահական ծառայություններ
1. Առողջ շրջակա և սոցիալական միջավայրի ապահովում: Պետք է մարդու համար ապահովել առողջ շրջակա սոցիալական միջավայր՝ խստացնելով բնապահպանական օրենսդրությունը, քաղաքացիական ու պետական վերահսկողական մեխանիզմները, ինչպես նաև պատշաճ պայմաններ ու հնարավորություններ ստեղծել դպրոցականների, երիտասարդության ու հասարակության առողջ ապրելակերպի, անվտանգ սննդի, մարզական ու սպորտային կյանքի, լիարժեք ինտեգրման ու ինքնաիրացման համար:

… Առողջապահության և հարակից ոլորտներին առնչվող օրենսդրության կատարելագործում: Անհրաժեշտ է ընդունել, կատարելագործել կամ խստացնել առողջապահության ոլորտին առնչվող մի շարք նորմատիվ իրավական ակտեր, այդ թվում՝ օդի որակի, ջրի որակի և թափոնների կառավարմանը վերաբերող օրենսդրությունը, սննդի անվտանգությանը, ներմուծվող ապրանքների, արդյունաբերական արտադրությունների, կենցաղային տեխնիկայի, կենցաղային քիմիայի, շինարարական նյութերի անվտանգությանը վերաբերող օրենսդրությունը:

Վերականգնվող էներգետիկայի հնարավորությունների լիարժեք օգտագործում: Չունենալով օրգանական վառելանյութի սեփական աղբյուրներ՝ Հայաստանը կախման մեջ է ներկրվող էներգակիրներից: Արտադրվող էլեկտրաէներգիայի միայն 20%-ն է ստացվում սեփական էներգառեսուրսներից` հիդրոէլեկտրակայաններում: Մնացածը` ներկրվող էներգակիրներից, 45% ջերմակայաններում և 35% ատոմակայանում: Այնուամենայնիվ, Հայաստանն ունի վերականգնվող էներգիայի բավականին մեծ ռեսուրսներ: Դրանք առաջին հերթին հիդրոռեսուրսներն են, որոնց պոտենցիալը կազմում է 3.2 մլրդ կիլովատ/ժամ, որից այսօր յուրացվում է 1.5 մլրդ: Կան հողմաէներգետիկայի զգալի ռեսուրսներ, որոնց տեսական պոտենցիալը գնահատվում է ավելի քան 10 գիգավատ/ժամ, իսկ դրա տասներորդ մասը համարվում է տեխնիկապես մատչելի: Մեծ է արևային էներգիայի պոտենցիալը` 1700-1800 կիլովատ/ժամ մեկ քառակուսի մետրին (միջին եվրոպականը կազմում է 1000): Հայաստանի համար վերականգնվող էներգետիկայի զարգացումը ռազմավարական և կարևոր բնապահպանական խնդիր է»:

9 համարի ներքո հանդես եկող «Օրինաց երկիր» կուսակցության  նախընտրական ծրագրում ներկայացրել է 50 քայլ, որոնք «ԿՓՈԽԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ» : Այդ քայլերից ներկայացնում ենք, էներգետիկային, ընդերքօգտագործմանը և շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող կետերը.
« 7. Էներգետիկ հզորությունների հետևողական զարգացում և դիվերսիֆիկացիա: Իրան-Հայաստան-Վրաստան–Ռուսաստան էներգետիկ համակարգի զարգացում: Նոր ատոմային էներգաբլոկի կառուցում: Թափոնների, քամու, արևի, կինետիկ և այլ այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, ինչպես նաև դրանց շուրջ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների շնորհիվ համաշխարհային այլընտրանքային էներգիայի աղբյուրների շուկայում սարքավորումներ արտադրող և մատակարարող երկրի վերածվելու քաղաքականության մշակում և իրականացում:

22. Ընդերքի և բնական պաշարների նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացում, օֆշորում գրանցված ընկերություններին հանքարդյունաբերության ոլորտում ծրագրերի մասնակցության սահմանափակում, ընդերքի շահագործողների համար 1տ հանքանյութի համար պետական վճարի չափերի բարձրացում` պետական բյուջեի համալրման նպատակով:

50. Բնապահպանական և էկոլոգիական անվտանգության գործուն ռազմավարության իրականացում: Անօրինական անտառահատումների դեմ կոշտ պայքար: Քաղաքներում անտառածածկ տարածքների, այգիների, պուրակների ոչնչացման արգելում, նորերի ստեղծում: Սևանից ջրառի կտրուկ կրճատում, Սևանի ջրային ռեսուրսների իրական ավելացում և պահպանում` որպես ազգային հարստություն: Աղբավերամշակման գործարանների կառուցում»:

10 համարի ներքո հանդես եկող Սասնա ծռեր համահայկական կուսակցության 
նախընտրական ծրագիր.
«Սոցիալ-տնտեսական զարգացում
Ժամանակն է
1. Մեկնարկելու գիտահենք արդյունաբերությամբ, պաշտպանական արդյունաբերությամբ և հանքարդյունաբերությամբ պայմանավորված տնտեսական արժեքային շղթաների ամբողջականացման ռազմավարական ծրագրեր և գործնական միջոցներ ձեռնարկելու այդ համատեքստում համաշխարհային զարգացումներին մասնակից դառնալու համար:
Ենթակառուցվածքային և տարածքային զարգացում
Ժամանակն է
16.Ներդնելու ջրօգտագործման համակարգերի օպտիմալացված (ծրագրավորված) կիրառման ծրագիր, իսկ մինչ այդ համաներելու ջրօգտագործման վճարների պարտքերի գումարները և նվազեցնելու դրանց սակագները»:

11 համարի ներքո հանդես եկող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում շրջակա միջավայրի պահպանությանն անդրադարձ չկա:

 

19:55 Նոյեմբեր 28, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news